Friday, November 13, 2009

Արդյո՞ք ժողովրդավարությունը բոլորի համար է. Թուրքիայում քննարկում են «Քրդական հարցը»

Tert.am 13.11.2009 - Թուրքիայում վերջին շաբաթվա ընթացքում գրեթե «մոռացել են» Հայաստանի հետ փոխհարաբերությունների հաստատման խնդրի մասին։ Հոկտեմբերյան ակտիվությունից հետո վերջին շրջանում թերթերն ավելի հազվադեպ են անդրադառնում այդ հարցին, իսկ քաղաքագետների մեկնաբանություններն այլևս աչքի չեն ընկնում նախկին հաճախականությամբ։ Պատճառը պարզ է. այսօր Անկարայի ժամանակով 13։00–ին Թուրքիայի խորհրդարանում սկսվելու են «ժողովրդավարական քայլի», այն է՝ «Քրդական հարցի» շուրջ քննարկումները։ Տվյալ խնդիրը գերարդիական է այսօրվա Թուրքիայի համար՝ հաշվի առնելով երկրում բնակվող բազմամիլիոնանոց քրդական զանգվածը։ Պատահական չէ, որ այս օրերին առաջատար համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը նույնպես բևեռված է «Քրդական խնդրի» քննարկումների վրա։ Մասնավորապես, The Economist–ը հիշեցնում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն դարձավ երկրի առաջին ԱԳՆ ղեկավարը, ով ոտք դրեց Իրաքի հյուսիսում գտնվող կիսանկախ քրդական մարզ և հանդիպեց իրաքյան քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ։ Ավելին՝ Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան հյուպատոսություն կբացի քրդական մարզկենտրոնում՝ Էրբիլում, մինչդեռ ոչ վաղ անցյալում թուրք գեներալները սպառնում էին ներխուժել Էրբիլ, իսկ Բարզանին խոստանում էր հակադարձել հակառակորդի հարձակմանը։ Բազմաթիվ օրինակներ բերելով թուրք–քրդական հակամարտության պատմությունից՝ The Economist–ի հոդվածագիրները գրում են, որ վերջին շրջանում լարվածությունը հասնում է մի մակարդակի, երբ Թուրքիայի հասարակությունը կարող է կանգնել պառակտման վտանգի առջև։ «Քրդական խնդրին» չանդրադառնալ այլևս հնարավոր չէ, քանի դեռ անգամ բանակի գեներալները, մասնավորապես, Իլքեր Բաշբուղը, համաձայնել են կառավարության նոր, ավելի մեղմ քաղաքականության հետ, որը որոշակիորեն կարող է փոխել քրդերի վիճակը երկրում։ Այսօրվա Թուրքիան, իհարկե, չի կարող լիովին բաց, հրապարակային և ժողովրդավարական քննարկում ծավալել տվյալ հարցի շուրջ։ Պատահական չէ, որ նույն օրը, երբ խորհրդարանը քննարկելու է «Քրդական խնդիրը», թուրքական «Cumhurriyet» թերթը լուր է տպագրում այն մասին, որ դատախազը 28 տարվա ազատազրկում է պահանջել մի խումբ երիտասարդների համար, ովքեր վանկարկում էին կարգախոսներ՝ ի պաշտպանություն Աբդուլլա Օջալանի։ Չնայած դրան և այն հանգամանքին, որ կառավարության որոշ քայլեր ձևական բնույթ են կրում, մի շարք իրադարձություններ Թուրքիայում չի կարելի հեղափոխական չհամարել։ Այդ շարքին են պատկանում, օրինակ, քրդալեզու հեռուստալիքներին եթեր տրամադրելու, ինչպես նաև քրդական տեղանքներին քրդական անունները վերադարձնելու հնարավորությունները, որոնք քննարկվում են կառավարությունում։ Մի շարք այլ քայլեր նույնպես ողջունելի կարելի է համարել, սակայն կառավարության համար ավելի կարևոր խնդիր է ցույց տալ, որ այս նախաձեռնությունները արվում են ոչ թե քրդերի, այլ նպատակաուղղված են Թուրքիայում բնակվող բոլոր փոքրամասնությունների համար, գրում է The Economist–ը

No comments: