Պեկինում տեղի է ունեցել Կոնֆուցիուսի ինստիտուտների 4-րդ ամենամյա համաժողովը
Ս.թ. դեկտեմբերի 12-14-ը Պեկինում տեղի է ունեցել աշխարհի ավելի քան 60 երկրներում գործող Կոնֆուցիուսի ինստիտուտների 4-րդ ամենամյա համաժողովը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը, որում ներգրավված էին Վալերի Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի եւ Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի ներկայացուցիչները:
Համաժողովի շրջանակներում անցկացված «Աշխարհի լեզուները» խորագիրը կրող ցուցահանդեսում գործել են Հայաստանը ներկայացնող երեք տաղավարներ, որոնք կազմակերպվել էին Չինաստանում Հայաստանի դեսպանության, Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության, Բրյուսովի անվան ԵՊԼՀ եւ Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի համատեղ ջանքերով: Հայկական տաղավարների աշխատանքներին իրենց օժանդակությունն են բերել Պեկինի տարբեր բուհերում սովորող հայաստանցի ուսանողներ: Այստեղ ներկայացվել են հայկական գրերն ու տարազը, Հայաստանում տպագրված չինարենի եւ այլ օտար լեզուների ուսումնական գրականություն, Հայաստանի մի շարք ուսումնական հաստատություններում սովորող արտասահմանցիների համար ստեղծված կրթական ծրագրեր, ինչպես նաեւ Հայաստանի պատմության, մշակույթի, գիտության վերաբերյալ նյութեր և գրականություն:
Ցուցահանդեսն այցելել են Չինաստանի կառավարական եւ հասարակական կազմակերպությունների, բազմաթիվ երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ, մեծ թվով չինացի մասնագետներ եւ ուսանողներ:
No comments:
Post a Comment