Wednesday, December 16, 2009

ՀԱՊԿ անդամ երկրները չեն պայմանավորվել միասնական դիրքորոշում ունենալ բոլոր հարցերում

«ՀԵՏՔ» 15-12-2009- «Եթե Հայաստանը Աֆղանստան զորախումբ ուղարկելու որոշում է ընդունում, ուրեմն դրա համար համապատասխան պատճառներ կան: Դա որևէ կերպ չի ազդում մեր դաշնակցային հարաբերությունների վրա»,- այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Հավաքական անվտագության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանի որոշումը` փետրվարին զորախումբ ուղարկել Աֆղանստան, չի՞ թուլացնում ռազմաքաղաքական և ռազմավարական հարցերում ՀԱՊԿ-ի միասնականությունը: «Ինչո՞վ կբացատրեք այն, որ ՀԱՊԿ-ի անդամներից ոչ մեկը (որոնք Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներն են), դեռևս չի ճանաչել Աբխազիային»,- հարցրեց լրագրողը: «Ամենասարսափելին այն կլիներ, եթե մենք ստեղծեինք այնպիսի համակարգ, որի օրոք կազմակերպության անդամներից ոչ մեկը չունենար ազատության աստիճան: Ես դա սխալ եմ համարում: Կա ՀԱՊԿ-ի գլխավոր սկզբունքը. կարելի է համագործակցել բոլորի հետ, այդ թվում նաև` ռազմական ոլորտում, կարելի է ընդունել ցանկացած որոշում, որը չի հակասում կամ չի վնասում դաշնակցային պարտավորություններին»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան: Նրա խոսքերով` այն պետությունները, որոնք ստեղծել են ՀԱՊԿ-ը, պայմանավորվել են համագործակցել անվտանգության բնագավառում, ստեղծել հավաքական անվտանգության իրենց համակարգը: Բայց նրանք չեն պայմանավորվել, որ միասնական դիրքորոշում են ունենալու բոլոր հարցերում: «Ես նկատի ունեմ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի ճանաչումը: Յուրաքանչյուր պետություն ծանրութեթև է անում քաղաքական քայլը: Այսօրվա դրությամբ այդպիսի որոշում ընդունված չէ: Այո, Ռուսաստանի Դաշնության, և ինձ` որպես Ռուսաստանի քաղաքացու համար շատ ցանկանալի կլիներ, որ մեր մոտ դաշնակիցները ընդունեն այդպիսի որոշում: Բայց չի նշանակում, որ դա վաղը տեղի կունենա: Յուրաքանչյուր պետություն ընդունում է այդպիսի շատ լուրջ որոշումներ` ելնելով իր իրադրության բոլոր ասպեկտների վերլուծությունից: Ես գիտեմ, թե ինչու այդպիսի որոշում չեն ընդունի Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը: Այսօրվա դրությամբ նրանք դեռևս պատրաստ չեն դրան»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան: Տեսակամուրջի ժամանակ անդրադառնալով այլ երկրների հետ ՀԱՊԿ-ի համագործակցությանը` նա նշեց, որ օրենքով ՀԱՊԿ-ին արգելված է զբաղվել երկրների հավաքագրմամբ, սակայն իրենք աշխատում են երկրների հետ, որոնք ՀԱՊԿ անդամ չեն, օրինակ` Սերբիայի հետ: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով` ՀԱՊԿ-ը չի նախատեսում ռազմական բազաներ հիմնել Կենտրոնական Ասիայի երկրներում: Նման անհրաժեշտություն չկա. այժմ էլ կարելի է արագ արձագանքման հավաքական ուժերը օգտագործելով` գործել ՀԱՊԿ անդամ երկրների ցանկացած կետում և լուծել բոլոր առաջադրանքները` և ռազմական, հատուկ: Դեռևս նաև չի եղել այնպիսի սուր թեմա, որը ՀԱՊԿ-ին կստիպեր կոնտակներ հաստատել Մերձավոր Արևելքի երկրների հետ: Նիկոլայ Բորդյուժան ասաց, որ Իրանը շատ է հետաքրքրվում ՀԱՊԿ-ով: Մի քանի ուղղությամբ Իրանի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցություն կա, օրինակ` իրանական հատուկ ծառայությունները 2004 թ.-ից շատ ակտիվ մասնակցում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ օպերացիաներին, վերահսկում են Աֆղանստանի հետ սահմանը: Սոնա Ավագյան

No comments: