Thursday, December 10, 2009

Ադրբեջանի բանակին հատկացված գումարի մեծ մասը ծախսվելու է գույքի վրա

Aysor.am. 9-12-2009- Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը «Բիզիմ յոլ» թերթին հայտնել է, որ 2010 թ-ի համար Ադրբեջանի բյուջեից 1 մլրդ 205 մլն 827 հազար 744 մանաթ գումարը պետք է ուղղվի պաշտպանության ծախսերին, ինչը նշանակում է, որ վերջին 5 տարվա ընթացքում այդ ծախսերը 10 անգամ աճել են: Պաշտպանության ծախսերի մեջ աճի միտումով առաջնային դիրքերում են պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները: «Ադրբեջանական բանակում մեկ մլրդ մանաթը ծախսվելու է սեղան-աթոռի և սննդի վրա: Այնպիսի զորամասեր էլ կան, որ գոյություն ունեն միայն փաստաթղթով, իսկ իրականում` ոչ: Սննդից երկու անգամ ավելի շատ փող ծախսվում է սովորական գույք ձեռք բերելու վրա»,- նման փաստեր է բերում փորձագետը: Նրա խոսքերով, իրենց հետազոտությունների արդյունքում հայտնի է դարձել, որ պաշտպանության ծախսերի մեծ մասը ուղղվում է կենտրոնական ապարատների և տեղական մարմինների աշխատասենյակները կահավորելու համար գույքի ձեռքբերմանը: «1,2 մլրդ մանաթից ավելի ֆինանսական միջոցի 377 մլն մասը նախատեսված է սեղան, աթոռ, կահկարասի, գործիքներ ու տարբեր կենցաղային սարքավորումներ գնելու համար: Երկրորդ տեղում աշխատավարձի ծախսերն են, որին հատկացված է 375,7 մլն մանաթ: Դրան հետևում է պաշտպանական համակարգը մթերքով ապահովելու մասը, որի համար նախատեսված է 172,6 մլն մանաթ: Փափուկ գույք (բազմոց, թիկնաթոռ և այլն) ձեռք բերելու և անհատական հագուստների համար հատկացվել է 35,7 մլն մանաթ, իսկ վառելիքա-քսուքային յուղերի համար` 32,1 մլն մանաթ»,- հայտնել է Ջաֆարովը: Ի դեպ, Ջաֆարովի հետազոտությունները ցույց են տվել, որ Ադրբեջանի պետական բյուջեում աշխատավարձերի համար հատկացված գումարի մասով առաջին տեղում կրթության նախարարությունն է, երկրորդ տեղում` պաշտպանական համակարգը և երրորդ տեղում` պետծառայության համակարգը: «Պետբյուջեի մթերքի մասով ծախսերի 80 տոկոսը ուժային կառույցներին է ընկնում: Մթերքի վրա ծախսերի 49 տոկոսը ընկնում է պաշտպանության նախարարությանը, իսկ 29 տոկոսը` իրավապահ մարմիններին: Մի խոսքով, բանակի համար նախատեսված բյուջեի 1 մլրդ մանաթը ծախսվում է պաշտպանական կառույցների համար մթերք և իրեր ձեռք բերելու վրա»,- ըստ «Բիզիմ յոլի», հայտնել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:

No comments: