Thursday, November 19, 2009

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն նոյեմբերի 22-ին` Մյունխենում

News.am. 19-11-2009- Երեկ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի է ունենալու Մյունխենում այս շաբաթվա վերջին: Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցները հստակեցրել են նաեւ հանդիպման կոնկրետ ամսաթիվը: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպելու են կիրակի օրը` նոյեմբերի 22-ին: Հանդիպմանը մասնակցելու են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Որպես տեղեկատվության աղբյուր նշվում է բարձրաստիճան դիվանագիտական պաշտոնյա: Հիշեցնենք, որ երկու նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին Քիշնեւում, ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում: Իսկ դրանից առաջ նրանք հանդիպել էին հուլիսի 17-18-ին Մոսկվայում: Նշենք, որ սա այս տարի նախագահների 7-րդ հանդիպումն է: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, դեկտեմբերի 1-2-ին Աթենքում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կհանդիպեն նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը:

No comments: