Friday, December 3, 2010

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է ՀՈ՞Ր ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

«ԱԶԳ», 03-12-2010- Ադրբեջանական «սփյուռքը» համացանցում բանավիճում է բավական սուր հարցադրումներով: Նախաձեռնողը Հեյդար Ալիեւի կողմից արտաքսված Մահիր Ջավադովն է, ադրբեջանական ոստիկանության հատուկ ջոկատների նախկին հրամանատար Ռովշան Ջավադովի, որին կառավարական ուժերը սպանել են 1995 թ. «պետական հեղաշրջման փորձի» ժամանակ, հարազատ եղբայրը:
Դա, կարելի է ասել, քաղաքական վտարանդիների փորձն է` հասկանալու, թե ի՞նչ է կատարվել հայրենիքում, ինչո՞ւ են իրենք հայտնվել օտարության մեջ:
Բազմաթիվ արձագանքներից, որոնց մեջ գերիշխում է ատելությունը Ադրբեջանի ներկա իշխանությունների հանդեպ, աչքի զարնվեց մի «ընդհանրացում», որի հեղինակը, իրեն հայտարարելով «ղարաբաղյան պատերազմի վետերան», գրում է, որ «Հեյդարի (նկատի ունի Ադրբեջանի հանգուցյալ նախագահին- Վ.Ա.) եւ հայերի միջեւ 1992 թ. համաձայնություն է ձեռք բերվել, հայերն աջակցում են, որ նա տիրանա իշխանությանը, փոխարենը տա Ղարաբաղը»: Որպես «հիմնավորում», նա վստահեցնում է, որ իշխանության գալու հենց առաջին օրերին Հեյդար Ալիեւը լուծարել է «30 գումարտակ, փոխարենը ճակատ ուղարկել «դեղնակտուց» նորակոչիկների, որոնք երբեք զենք բռնած չկային»:
Ադրբեջանցի վտարանդին այնուհետեւ ավելացնում է. «Մեր հայրենիքի 20 տոկոսը հայերն են գրավել, 80-ը` Հեյդարի կլանը: Նախ պետք է ազատվել դրանից, որպեսզի կարողանանք ազատագրել Ղարաբաղը»:
Ադրբեջանում, ինչպես պարզորոշ ցույց տվեցին նաեւ խորհրդարանական վերջին ընտրությունները, գրեթե անհնարին է դառնում «80 տոկոսով բռնազավթված հայրենիքի ազատագրման» խնդրի լուծումը: Այսպիսով, եթե ճիշտ է դատում վերոհիշյալ վտարանդին, անլուծելի է մնում «20 տոկոսն ազատագրելու» հարցը նույնպես:
Այսպիսով, վտարանդիները գտնում են, որ իրենք «կարող են վերադարձնել Ղարաբաղը», իսկ իշխանությունը ոչ միայն չի կարող, այլեւ նույնիսկ չի ցանկանում:
Հանուն ճշմարտության պետք է ասել, որ հեռացածները դատում են ոչ այնքան անտրամաբանորեն: Ներկա ադրբեջանական իշխանությունն անկասկած երկյուղում է սրել իրավիճակը, քանի որ կանխազգում է «հեղափոխության» վտանգը: Չէ՞ որ եթե, օրինակ, Աբուլֆազ Էլչիբեյը ժամանակին չառաջնորդվեր «Սեւանում լողանալու» ցնորամտությամբ, այլ փորձեր հարցը կարգավորել բանակցությունների միջոցով, ապա Հեյդար Ալիեւը երբեք էլ իշխանության վերադառնալու հնարավորություն չէր ունենա: Մանավանդ որ Էլչիբեյի հայ գործընկեր Լեւոն Տեր-Պետրոսյանը 1992 թ., «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում բացեիբաց ասում էր. «Եթե Ադրբեջանը վերականգնի ԼՂ ինքնավարությունը, ապա դա կլինի ընդունելի»:
Պատմությունը, սակայն, «եթե»-ներ չէ, որ արձանագրում է, այլ այն, ինչ տեղի է ունենում: Այդուհանդերձ, իշխանության վերադառնալուց գրեթե 8 տարի անց, 2001 թ. գարնանը, որ ղարաբաղյան կարգավորման բանակցություններում կարեւոր ժամանակաշրջան էր, Հեյդար Ալիեւը ԼՂ հարցով խորհրդարանական «բանավեճ» նախաձեռնեց: Ճիշտ է, Ալիեւն ավելի շատ մենախոսեց, քան լսեց ուրիշներին: Բայց փոխարենը նա կատարեց մի էական եզրահանգում եւ ասաց, որ «հիմարություն է մտածել, թե այդքան տառապանքներից եւ արյուն թափելուց հետո հայերը կհամաձայնեն վերադառնալ 1988-ի իրավիճակին»:
Ադրբեջանցի վտարանդիները դա համարում են «պայմանավորված դավաճանություն»: Գուցե նույն կերպ է մտածում նաեւ քաղաքական դաշտի մի հատվածը, բայց դա պետական քաղաքականության վրա որեւէ ազդեցություն չի թողնում:
Լրանում է Իլհամ Ալիեւի նախագահության 7 տարին: Աստանա մեկնելուց ժամեր առաջ նա մասնակցել է նորընտիր Մեջլիսի առաջին նիստին եւ հանդես եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով:
Իր խորհրդարանական ելույթով Իլհամ Ալիեւը ԼՂ խնդրի «լուծումը» փաստորեն «բաժանել է երկու փուլի»: Առաջինը նա տեսնում է «ներկայում ինչ-որ զիջումների գնալու միջոցով որոշ գրավյալ տարածքներ վերադարձնելու», երկրորդը` «մնացած հողերը վերադարձնելու եւ ԼՂ-ի նկատմամբ իրավազորությունը վերականգնելու» իմաստով:
Սա նրա ընկալած «ճանապարհային քարտեզն» է: Կարելի է ապրիորի այն քննադատել, համարել անընդունելի, ենթարկել ծաղրի, եւ ամեն ինչ տեղին կլինի: Բայց պետք է նկատի ունենալ, որ Իլհամ Ալիեւը մեզ չէ, որ ներկայացրել է այդ «տեսլականը», այլ` իր երկրի խորհրդարանի նորընտիր պատգամավորներին, որոնք առաջիկա 5 տարիներին պետք է լինեն նրա քաղաքական հենարանը երկրի ներսում եւ խոսափողը արտաքին աշխարհում: Դա հպատակների լուռ բազմություն է, որ իրավասու չէ երկրորդելու նախագահի խոսքը:
Եվ նախագահն, ահա, նրանց ուղղորդում է ոչ թե ԼՂ խնդրի «այստեղ եւ այժմ», միանշանակ «Ադրբեջանի շահերին համապատասխանող», այլ` տարիների, տասնամյակների կտրվածքով երկարաձգվելիք եւ ցավոտ զիջումների հիման վրա կառուցվելիք մի «կարգավորման», որին հասնելու հարցում Իլհամ Ալիեւը ոչ այնքան վստահություն ունի, որքան` ընդամենը հույս: «Ես հույս ունեմ, որ այդ օրը կգա, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի», սա է ելույթի այդ հատվածի ընդհանրացված շեշտադրումը:
Իր խոսքում Իլհամ Ալիեւը չի զլացել եւս մեկ անգամ ընդգծել հոր «քաղաքական գծի» կարեւորությունը: Նա, անկասկած, տեղյակ է Հեյդար Ալիեւի վերոհիշյալ ելույթի ընդհանրացմանը: Ու երբ այդ ամենը համադրում ենք, ապա ստացվում է, որ ԼՂ հարցում որոշումներ ընդունելու ժամանակն Ադրբեջանում կարող է եւս մի շրջափուլ հետաձգվել, բայց կարծես կարգավորման հեռանկարի սթափ ընկալումն արդեն իսկ հասունանում է: Ավելի ճիշտ` միշտ էլ եղել է առնվազն վերջին 16 տարիներին: Այսօր բացահայտվում է նախագահի մակարդակով:
Մենք, իհարկե, հակված չենք ենթադրելու, որ ամեն ինչ այնպես է, ինչպես հասկացվում է Իլհամ Ալիեւի խոսքը: Բայց փաստը մնում է փաստ. Աստանայից առաջ նա պատգամավորական լսարանի առաջ բացահայտել է սեփական դիվանագիտական ռեսուրսի հիմնական մասը: Եվ եթե նկատի ունենանք, որ հարազատ միջավայրում նա մի փոքր ավելին է հուսացել, քան իրականում ակնկալում է, ապա, թերեւս, պատկերն ավելի կհստակվի:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

No comments: