Tuesday, December 8, 2009

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՉԵՆ ՍՊԱՆՈՒՄ, ԲԱՅՑ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՆ. ԼԱ՞Վ Է

Թեեւ Ադրբեջանում լրատվամիջոցների ազատություն չկա, բայց Հայաստանում եւ Վրաստանում վիճակն ավելի լավ չէ «ԱԶԳ», 08-12-2009 - Երբ Հարավային Կովկասում երկրների զարգացման ու դրան առնչվող տարբեր ցուցանիշներ են ներկայացվում, ավելի հաճախ մնում է ավելի լավ իրավիճակի սպասելու հույսը: Սակայն հարավկովկասյան երկրներում լրատվամիջոցների վիճակն էլ, ըստ վերջերս Թբիլիսիում Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի կազմակերպած «Լրատվամիջոցների ազատությունը Կովկասում» կոնֆերանսում ներկայացված ելույթների, թերեւս առավել քան տխուր է, ու այդ վիճակի համեմատությամբ հարավկովկասյան երկրները քաղաքական, տնտեսական «հրաշքների» պետություններ են: Այն, որ Հյուսիսային Կովկասում լրատվամիջոցների վիճակը բնավ էլ փայլուն չէ, ազատության առումով էլ սահմանափակումներն առատ են, առանց այդ կոնֆերանսի էլ հասկանալի էր ու իրազեկված: Սակայն էքստրեմալ իրավիճակների լրագրության կենտրոնի ղեկավար Օլեգ Պանֆիլովի ներկայացմամբ, Հյուսիսային Կովկասում լրագրություն որպես այդպիսին գրեթե չկա, թերթ ու հեռուստատեսություն կառավարելի են: «Հիմնական միջոցը ինտերնետ տարբերակների մշակումն ու զարգացումն է: Դրանում իրավապաշտպանի ու լրագրողի պարագայում անվտանգության հարցը դառնում է կարեւորագույն», համոզված էր Պանֆիլովը, հավելմամբ, որ Կովկասից այն կողմ լրագրությունը, գոյություն պահպանելու համար, պետք է դառնա ընդհատակյա: Վրաստանում էլ վիճակը լավ որակելի չէ: Ազատ լրագրող, ժամանակին տարբեր լրատվամիջոցներում խմբագրական պաշտոններ զբաղեցրած Զվիադ Կորիձեի մատուցմամբ, վերջին տասնհինգ տարում ընդհանրապես Վրաստանում երկու կառավարման ձեւ է ի հայտ եկել` միտինգ եւ վոլյունտարիզմ: «Դժվար է հիշել, թե վրացական իրականության մեջ որեւէ կերպ անցել է քննարկում: Հանրաքվեներ են անցկացվել, բայց դրանք քննարկումների արդյունք չէին: Վրացական լրատվամիջոցների իրականությունն էլ անցնում է այդ քննարկման դեֆիցիտով», ներկայացրեց Կորիձեն: Նրա խոսքերով, «Վարդյա հեղափոխության» ժամանակ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունն իր վրա վերցրեց միտինգը հեռարձակելու մոտեցումը, ինչը մարդկանց զրկեց մտածելու, դատելու, կշռադատելու հնարավորությունից: «Մեդիան, որ կորցնում է միջնորդի դերը հասարակության ու գործընթացների միջեւ, դառնում է քաղաքական կողմ», փաստեց վրացի մասնագետը: Վրացական իրականության մեջ հեռուստաընկերությունների ներկա վիճակն ու թերթերի գրեթե աննշան լսարանը պայմանավորում են հեռուստաեթերի` որպես հիմնական տեղեկատվության աղբյուրի դերը: Չնայած դրան, հեռուստաընկերությունների մեջ էլ իշխանական քարոզչության ու ընդդիմության բարձրախոսի ֆունկցիաներն են ի հայտ գալիս: «Իմեդի» հեռուստաընկերությունը, որ դեռեւս նախորդ տարի ընդդիմադիր կեցվածք ուներ, խախտում էր բազմակարծության իրավունքը` ներկայացնելով միայն ընդդիմությանը այնպես, ինչպես ընդդիմությունն էլ հրաժարվում էր այլ հեռուստաընկերությունների եթերից` դրանց եթերը դարձնելով միակողմ: Ինչեւէ, դա վերջիվերջո բերեց արտահերթ նախագահական ընտրությունների», եզրակացրեց Կորիձեն: «Իմեդի»-ն նայում էին ի հակադրություն «Ռուսթավի-2»-ի` հավասարակշռելու ունեցած տեղեկությունները: Ամեն մի հեռուստաընկերություն ստերեոտիպ է ձեւավորում` հակադիր ուղղություններով, ուստի Վրաստանի պարագայում քիչ թե շատ ռեալ է էլեկտրոնային լրատվությունը», վերտուալ իրականության գերազանցությունն ապացուցող եւս մեկ հանգամանք նշեց վրացի մասնագետը: Ադրբեջանում ամենավատ վիճակն է տարբեր միջազգային գնահատականների համաձայն: Այսպիսին էր Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի ադրբեջանական մասնաճյուղի ղեկավար Շահին Ռզաեւի ներկայացումը: «Մեզ մոտ չեն սպանում լագրողներին, բայց ձերբակալում են: Մի քանի տարի առաջ միանգամից ինը լրագրողների ձերբակալեցին, ոորնցից ոմանք դեռ մեկուսարանում են»: «Կարելի է գովել մեր օրենսդրությունը, որ վատ չէ հարեւաններից: Կան որոշ օրենսդրական խնդիրներ, օրինակ, կապված այնպիսի դրույթի հետ, որում նշվում է, թե երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված նյութերն արգելվում են», ընդգծեց Ռզաեւը, ավելացնելով, որ այդպես կարելի է շատ տարբեր բաներ գնահատել: Ինչեւէ, Ռզաեւի մատուցմամբ, «վեց հեռուստաընկերություն ունենք, հաղորդումները ինչպես երկվորյակ եղբայրներ լինեն, բոլորը կառավարելի են: Տպագիր մամուլն ավելի շատ ազատություն ունի, ծայրահեղ ընդդիմադիր թերթերի դեպքում անգամ լրագրողական էթիկան է խախտվում, բայց դրանց դեպքում մեկ այլ խնդիր կա` այդ թերթերը չեն կարդում, դա էլ ժողովրդի գնողունակության ցածր մակարդակի պատճառով»: Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի ադրբեջանական մասնաճյուղի ղեկավարի խոսքերով, կարելի էր որոշ բացեր տպագիր մամուլի պարագայում լրացնել գովազդով, սակայն գովազդային շուկան էլ է վերահսկվում: «Եթե որեւէ ընկերություն գովազդ տա ընդդիմադիր թերթերին, կամ էլ թեկուզ հարցազրույց, հաջորդ օրը հարկային ու այլ ստուգումներ կարող են լինել»: Վերջին ժամանակներս Ադրբեջանում երկու բլոգերների աղմուկ հանած ձերբակալության առնչությամբ էլ Ռզաեւը նշեց, որ այդօրինակ երեւույթները ամոթալի են: Ռզաեւի հավաստմամբՙ «Էլկետրոնային լրատվամիջոցները եւս վերահսկվում են: Մնում է միայն ինտերնետը»: Հայաստանյան լրատվական դաշտի ազատությունը ներկայացնում էր «Կապիտալ» թերթի խմբագիր Կարեն Հարությունյանը : «Հայաստանում բնակչությունը իր տեղեկությունները ստանում է հեռուստատեսությունից որպես հիմնական աղբյուր հատկապես գյուղերում, շրջաններում, որտեղ թերթեր չեն ստանում, ինտերնետը հասանելի չէ: Ամեն մեկը չէ, որ կարող է ամեն օր թերթ գնել, դա նույն գինն է, ինչ հացինը: Մնում է հիմնական աղբյուրըՙ հեռուստատեսությունը, որ վերահսկվում է կառավարության կողմից», նշեց Հարությունյանը: Թերթերի առնչությամբ, ըստ Հարությունյանի, վիճակը մի քանի ծայրահեղ մոտեցումների արտացոլումն է: Կամ մատուցվում է իշխանականը, կամ ընդդիմադիրը: «Բնակչության մեծ մասին հասանելի չէ ինտերնետը, չնայած այդ ոլորտը առավել ազատ է, կարող են տարբեր մոտեցումների ծանոթանալ, այստեղ կա դինամիկա առավել շատ տեղեկություններ վերցնելու առումով»: «Լեռնային Ղարաբաղում էլ կան խնդիրներ, մեզ մոտ չեն սպանում, չեն ձերբակալում, բայց լրագրողների վրա գրեթե ուշադրություն էլ չեն դարձնում», ելույթները եզրափակեց «Արմմեդիայի» լրագրող Կարինե Օհանյանը : «ԶԼՄ-ները գրեթե չեն ազդում հասարակական կարծիքի վրա: ԼՂ-ում պաշտոնապես իրավիճակը ոչ պատերազմ, ոչ խաղաղություն է: Խորհրդարանն ամեն տարի նորից ընդունում է ռազմական դրության մասին որոշում, որ որոշակի տաբու է դնում լրագրողների վրա: Հիմնական խնդիրը լրագրողների ինքնացենզուրան է: ԼՂ-ում օրենսդրությունը լավն է ԶԼՄ-ների համար, բայց չկան դրանց լավ կիրառության մեխանիզմներ: ԼՂ-ում չկան անկախ լրատվամիջոցներ: Կան ոչ պետական միջոցներով թերթեր, բայց դրանք չեն տալիս այլընտրանքային տեղեկություններ»: Օհանյանի մատուցմամբ, ժամանակին կային մեկ-երկու էլեկտրոնային լրատվամիջոցներ, բայց դրանց դրամաշնորհային միջոցները վերջացան ու «ԼՂ-ն մնաց առանց այլընտրանքային տեղեկության»: Հետաքրքրական է, բայց ԼՂ շատ գյուղերում նայում են ադբեջանական հեռուստատեսություն: «Որտեղ հնարավոր է ու կարողանում են բռնել ալիքները, նայում են հայկական չորս հեռուստաընկերություն, տեղական հեռուստաընկերությունն էլ տալիս է լավ ակնարկներ, բայց ընդդիմադիր կարծիք չի հնչում, քննարկումներ չեն լինում», նշեց Օհանյանը: Թերթերի առումով էլ Ղարաբաղում իրավիճակը լավ չէ: «2-3 թերթ կա, որոնցից մեկը պաշտոնականն է, մյուսը` որոշ խմբի մարդկանց կարծիքն է արտահայտում», վստահեցրեց Օհանյանը: ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի-Երեւան

No comments: