News.am. 8-12-2009- «Հայաստանն ու Թուրքիան պետք է ամեն ինչ անեն երկու երկրների միջեւ դրացիական հարաբերություններ հաստատելու ջանքերն իրականություն դարձնելու ուղղությամբ եւ ես հուսով եմ, որ հաշտեցման այս գործընթացը կշարունակվի»,- Վաշինգտոնի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ դեկտեմբերի 7-ին կայացած հանդիպումից հետո հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ըստ Էրդողանի, ԱՄՆ նախագահի հետ իրենք քննարկել են ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, խոսել հայ-թուրքական հաշտեցման գործընթացին լիցք հաղորդելու համար ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դերի կարեւորության մասին։
Հարցին, արդյոք նախապայմաններ չներկայացնելու պայմանավորվածության խախտում չէ իր իսկ հայտարարությունն այն մասին, թե «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն ուղիղ կապ ունի Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ», Թուրքիայի վարչապետը պատասխանել է, որ Թուրքիայի իշխանություններն արել են իրենց հասանելիքը եւ այժմ խորհրդարանի հերթն է որոշելու հաստատել կնքված արձանագրությունները, թե ոչ։ «Իսկ Թուրքիայի իշխանությունները չեն կարող միջամտել խորհրդարանի աշխատանքներում ու պարտադրել իրենց դիրքորոշումը։ Իսկ մինչեւ խորհրդարանական հանձնաժողովներում այս հարցի քննարկումը, Թուրքիան ցանկանում է դրական զարգացումներ տեսնել Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում եւ Մինսկի խմբի ջանքերում»,- ըստ «Ամերիկայի Ձայնի՝՝ ասել է Էրդողանը՝ միաժամանակ չպատասխանելով մյուս հարցին՝ արդյո՞ք հակասություն չի տեսնում ադրբեջանական եւ թուրքական մամուլին տված հարցազրույցների եւ միջազգային մամլո ծառայությունների ներկայացրած հարցերի պատասխանների միջեւ:
Էդողանը խոսել է նաեւ այլ հարցերի մասին, որ քննարկել է Օբամայի հետ՝ Իրանի միջուկային ծրագիր, իսրայելա-պաղեստինյան խնդիր, Սիրիայի հետ հարաբերություններ, Աֆղանստանի պատերազմ, ահաբեկչության խնդիր, էներգետիկ հարցեր։
»Չենք ուզում, որ մեր տարածաշրջանում որեւէ երկիր ունենա միջուկային զենք եւ ցանկանում ենք, որ դրանցից հրաժարվեն այն պետությունները, որոնք ունեն այդ զենքերը",- հայտարարել է Թուրքիայի վարչապետը, հավանաբար ակնարկելով Իսրայելին։ Անկարան, Թուրքիայի վարչապետի խոսքով, կարող է միջնորդի դեր խաղալ իսրայելա-պաղեստինյան խնդիրը լուծելու գործում, եթե «Իսրայելի վարչապետը հրաժարվի իր այն հայտարարությունից, թե չի վստահում Թուրքիայի վարչապետի խոսքերին»:
Էրդողանը, անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքական նոր կողմնորոշումներին, հայտարարել է «Թուրքիան նայում է դեպի Արեւմուտք՝ առանց Արեւելքը մերժելու»:
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment