«Լրագիր -8-12-2009- Հայաստանում պարբերաբար խոսվում է այն մասին, որ չկա Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հասարակական-քաղաքական պատկերացումների ամբողջական մի հայեցակարգ, որը կլիներ հակամարտության կարգավորման պետական քաղաքականության հիմք: Այդ գնահատականը ինչ որ առումով իրավացի է, թեեւ սխալ կլինի նաեւ ասել, որ կարգավորման գործընթացում պետական քաղաքականությունը կապ չունի հանրային պատկերացումների հետ: Բայց, մյուս կողմից, խնդիրն այն է, որ հանրային պատկերացումներն են հիմնված պետական քաղաքականության վրա, ոչ թե հակառակը: Այդ դեպքում անկասկած է, որ պետական քաղաքականության հիմքերը լինելու են թույլ: Եթե ոչ թե հասարակությունն է կարգավորման որեւէ մոդել կամ հայեցակարգ թելադրում իշխանությանը, այլ իշխանությունն է մշակում այն եւ սկսում հետեւողականորեն թելադրել հասարակությանը, հաճախ նույնիսկ զանազան ձեւերով քողարկված կամ բացահայտ շանտաժի միջոցով, ապա անկասկած է, որ բանակցային գործընթացում այդ իշխանության դիրքը չի կարող ուժեղ լինել:
Բայց, ուրիշ ինչպես պետք է ձեւավորվի հասարակության պատկերացումը հակամարտության կարգավորման մոդելի մասին, եթե իշխանությունից եկող ձեւավորումը հասարակությանն էլ, իշխանությանն էլ դարձնում է խոցելի: Չէ որ հասարակությունը ծանոթ չէ միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգին, մեթոդաբանությանը, տրամադրություններին: Չէ որ հասարակությունը շատ բան չգիտե, հիմնականում զբաղված է ընդամենը սեփական հացի խնդիրը հոգալով, անձնական բարեկեցության մասին մտածելով, ինչն, ի դեպ, միանգամայն բնական երեւույթ է: Ընդհանրապես, որեւէ հարցի մասին, ինչպես հայտնի է, հասարակական կարծիքը հենց այնպես չի ձեւավորվում, այն ձեւավորվում է քննարկումների, կարծիքների բախման, բանավեճերի միջոցով: Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանում որեւէ բանավեճ տեղի չի ունեցել եւ չի ունենում: Լինում են առանձին ելույթներ, էլիտայի շատ եզակի ներկայացուցիչների հոդվածներ, հարցազրույցներ, մեկնաբանություններ, բայց բանը բանավեճի չի հասնում:
Մինչդեռ կարծես թե կան հարցեր, որոնց պատասխանը պետք է հանրությունն ու էլիտայի տարբեր բեւեռները գտնեն, որպեսզի գտնվի նաեւ կարգավորման գործընթացում պահվածքի առումով հայկական կողմի համար առավել արդյունավետ մոդելը: Ինչ է Ղարաբաղը մեզ համար ընդհանրապես` տարածք, Հայաստանի մի մաս, պատմության մի հաջողված օրինակ, անվտանգության կարեւոր բաղադրիչ, թե այլ բան կամ բաներ: Ինչ են մեզ համար ազատագրված տարածքները` անվտանգության, քաղաքական, տնտեսական, հոգեբանական եւ այլ տեսանկյունից: Այդ ամենը որքանով է մեզ ամրացնում քաղաքական, տնտեսական, ռազմական եւ ռազմավարական, հոգեբանական առումներով: Մենք ունենք արդյոք տարածաշրջանում ազդեցիկ եւ նշանակալի գործոն լինելու ավելի գնահատելի եւ ծանրակշիռ ռեսուրս, քան ազատագրված տարածքների շնորհիվ ձեռք բերած ռազմաստրատեգիական դիրքը: Արդարացված է արդյոք Հայաստանի զարգացումը Ղարաբաղի հարցի չկարգավորվածությամբ` տարածքների չվերադարձով պայմանավորելը:
Բանավեճի բացակայության հարցում իհարկե միարժեք պատասխանատուն իշխանությունն է: Երկրում, հատկապես ազգային հարցերում բանավեճի հարթակի ապահովման խնդիրը իշխանության խնդիրն է, տվյալ պահին այդ հարցերի լուծման առավելագույն լիազորությունն ու լծակներն ունեցող էլիտայի խնդիրը: Բայց Հայաստանում հենց այդ էլիտան է ամենից շատ շահագրգռված, որ բանավեճ տեղի չունենա եւ ամեն ինչ մնա առք ու վաճառքի մասին մեղադրանքների մակարդակի, որովհետեւ այդ դեպքում իշխանությունը հայտնվում է շահեկան վիճակում` մեղադրանքները շարունակվում են 15 տարի, բայց 15 տարում ոչինչ վաճառված չէ, ուրեմն բոլոր ժամանակների իշխանությունները միշտ եղել են իրավացի, իսկ ընդդիմությունները միշտ քննադատել են հանիրավի:
Իսկ իրականությունը թերեւս այն է, որ այդ ընթացքում Հայաստանը կորուստ չի ունեցել միայն այն պատճառով, որ չնայած այդ կորուստների մի մասին գնալու պատրաստ իշխանությունների առկայությանը, աշխարհում չի եղել այդ կորուստների լուրջ անհրաժեշտության առկայություն: Այլապես, Հայաստանում, կարգավորման մեկուկես տասնամյակի ընթացքում, թերեւս չի եղել իշխանությունը, որը ի զորու լիներ դեմ գնալ այդ կորուստների պարտադրանքին, եթե այդպիսին իրապես լիներ աշխարհում: Իսկ իշխանություններն այդպես անզոր են եղել, որովհետեւ չեն փորձել առողջ բանավեճի միջոցով բարձրացնել հանրային եւ պետական իմունիտետը, այլ ձգտել են Ղարաբաղի հարցի միջոցով սնուցել ընդամենը իշխանության իմունային համակարգը: Եվ սա այն իրավիճակն է, երբ դետալներն արդեն կարեւոր չեն եւ սատանան էլ մանրուքների մեջ չէ, ինչպես կասեին անգլիացիները: Տվյալ պարագայում մանրուքներն են սատանայի մեջ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment