«Լրագիր -8-12-2009- Օբամա-Էրդողան հանդիպումը, որ կայացավ Վաշինգտոնում, Հայաստանում բավական աշխուժացրեց հայ-թուրքական հարաբերության կարգավորման թեման, որ կարծես թե սկսել էր աստիճանաբար սառել: Հանդիպումից դեռ օրեր առաջ Հայաստանի քաղաքական շրջանակները սկսել էին կանխատեսումներ անել, թե ինչ կտա այդ հանդիպումը հայ-թուրքական գործընթացին: Հանդիպումից հետո ստացվող տեղեկատվությունից շատ դժվար է ասել, թե հանդիպումն ինչ է տվել: Կարծես թե նկատելի է, որ Էրդողանը, ինչպես եւ սպասելի էր, պատասխանատվությունը դնում է Թուրքիայի խորհրդարանի վրա, հղում է անում ժողովրդավարությանն ու իշխանության տարանջատման սկզբունքին, եւ ասում, որ թեեւ գործադիր իշխանությունը որեւէ նախապայման չուներ, բայց խորհրդարանը առաջ է քաշում նախապայման, ինչը բավարարելու համար միայն քաղաքական կամքը բավարար չէ: Իրադարձությունների զարգացման այդ սցենարը Հայաստանում շատ ուժեր ու գործիչներ կանխատեսում էին դեռեւս արձանագրությունների ստորագրումից առաջ: Ակնհայտ է, որ Էրդողանի պահվածքը վկայում է գոնե մի մասով այդ կանխատեսումների իրատեսականության մասին:
Հայտնի չէ, թե ինչ է պատասխանել Էրդողանին Օբաման: Միջազգային լրատվամիջոցները, հղում անելով Էրդողանին, տեղեկացնում են, թե Օբաման խոստացել է աշխուժացնել ջանքը Մինսկի խմբում: Այսինքն, Օբաման խոստացել է Ղարաբաղի հարցում ապահովել այն, ինչը Թուրքիայի խորհրդարանին կբավարարի, եւ խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները: Թե իրականում ինչ է խոստացել Օբաման Էրդողանին, դժվար է ասել, թեեւ հազիվ թե Էրդողանը ստեր եւ ասեր մի բան, որը Օբաման նրան չէր ասել: Ամբողջ խնդիրն այն է, թե Օբաման ինչ նկատի ունի Մինսկի խմբում ջանքի աշխուժացում ասելով: Տրամաբանությունը հուշում է, որ եթե այդ ջանքն ուղղված է Թուրքիայի խորհրդարանին բավարարելուն, ապա այն լինելու է ադրբեջանանպաստ, քանի որ միայն այդ դեպքում կարող է Թուրքիայի խորհրդարանը բավարարվել: Հետեւաբար, կարծես թե իրատեսական է թվում Հայաստանում հաճախ հնչող այն կանխատեսումը, որ այժմ եկել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը առաջ մղելու հերթը եւ Հայաստանը պետք է վճարի հայ-թուրքական գործընթացում առաջ գնալու համար:
Բայց, այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչ անել կամ ինչպես հասկանալ Օբամայի այն հայտարարությունը, ինչպես նաեւ ամերիկյան շատ այլ դիվանագետների, որ հայ-թուրքական հարաբերությունը պետք է կարգավորվի առանց նախապայմանի եւ չպետք է կապվի Ղարաբաղի հարցի հետ: Չէ որ դա Օբաման է ասել, ամերիկյան դիվանագետներն են ասել: Ընդ որում, ասել են առանց որեւէ միջնորդի, այլ անձամբ: Հնարավոր է իհարկե, որ ամերիկյան պաշտոնյաները հրապարակավ հայտարարում են այդ մասին, որպեսզի ստեղծեն տպավորություն, որ ոչ մի նախապայման էլ չկա, սակայն կուլիսային պայմանավորվածություն ունեն թուրքերի հետ, որ կապահովեն Ղարաբաղի հարցում նախապայմանի առկայությունը եւ բավարարումը: Բայց, այդ դեպքում բնականաբար հարց է առաջանում, թե ինչու մինչեւ այժմ այդ կապակցությամբ չկա շոշափելի առաջընթաց: Չէ որ ասվում է, որ ԱՄՆ, Ռուսաստանը, Ֆրանսիան ու Եվրոպան եկել են աննախադեպ համաձայնության, եւ տարածաշրջանի ու Ղարաբաղի հարցում նրանց մոտեցումները համընկնում են ինչպես երբեւէ: Այդ դեպքում ուր է այդ համաձայնության արգասիքը, ինչու է այն ուշանում: Փոքր Հայաստանը եւ Ղարաբաղը անկարող են որեւէ լուրջ եւ տեւական դիմադրություն ցույց տալ այդօրինակ հուժկու համաձայնությանը, առավել եւս իշխանության լեգիտիմության գրեթե զրոյական աստիճանի պարագայում: Բայց գերտերությունների համաձայնությունը կարծես թե այդքան էլ արդյունավետ դրսեւորում չունի եւ ամիսներ շարունակ կանգ է առել մի կետի վրա ու առաջ չի գնում:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանը գտնելուն թերեւս կօգնի այն հարցի պատասխանը, թե ինչի համար են գերտերություններն ընդհանրապես ցանկանում կարգավորել Ղարաբաղի հակամարտությունը: Չափազանց միամիտ կլինի կարծել, թե նրանք դա ուզում են անել մարդասիրական մղումներից ելնելով, հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին խաղաղություն բերելու անհագ ձգտումը բավարարելու մղումով: Պարզ է, որ հակամարտության կարգավորումը գերտերությունների համար իրենց շահն առաջ տանելու միջոց է, ճանապարհներից մեկը: Ընդ որում, կարգավորում ասվածը այստեղ թերեւս տեղին է ընկալել ոչ այնքան վերջնարդյունքի, որքան գործընթացի իմաստով: Որեւէ գերտերություն այդքան միամիտ լինել չի կարող, որ Ղարաբաղի կամ որեւէ հակամարտության կարգավորման մեջ ներգրավվի միայն մի շահեկան սցենարով, որի հաշվարկը կառուցված է վերջնական կարգավորման հեռանկարի վրա: Այսինքն, ԱՄՆ, Եվրոպան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում փորձում են առաջ տանել իրենց շահը: Այլ խնդիր է, թե ում շահն ինչ է եւ որտեղ է, կարգավորման որ փուլում է ավելի արտահայտված եւ որում է ավելի ստվերում:
Խնդիրն այս դեպքում այն է, թե հայ-թուրքական հարաբերության եւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում արդյոք գերտերությունների շահերը նույնական են: Այսինքն, արդյոք նրանք նույնն բանն են ուզում երկու դեպքում էլ, եւ արդյոք նրանցից բոլորն են երկու դեպքում էլ նույն բանն ուզում: Եթե այո, ապա կրկին հանգում ենք այն հարցին, թե այդ դեպքում ում են նրանք սպասում եւ ինչու սրընթաց առաջ չեն տանում իրենց պլանը: Բանն այն է, որ հայ-թուրքական գործընթացը հրապարակային տեսքով ձգվում է արդեն ավելի քան մեկուկես տարի, եւ իրենից ներկայացնելով աշխարհաքաղաքական գրանդիոզ համաձայնություն, ինչպես փորձում են հասարակությանը ներշնչել Հայաստանի քաղաքական շատ շրջանակներ, այն արդեն իսկ պետք է մոտենալիս լիներ վերջնագծին: Մինչդեռ հայ-թուրքական կարգավորման գործընթաց կոչվածը դեռ հասարակածին էլ չի հասել: Բանն այն է, որ կրկին գործ ունենք գրանդիոզ համաձայնությունների հայկական կանխավարկածի հետ, ոչ մի կերպ չփորձելով անգամ հասկանալ, որ այդօրինակ համաձայնություններ աշխարհում գրեթե չեն լինում, համենայն դեպս չկան նախադեպեր: Աշխարհը առաջ է գնում գործընթացներով: Համաձայնությունը առավելագույնը լինում է դրա, այսինքն ձեւի շուրջ: Իսկ գործընթացների բովանդակությունն արդեն դառնում է դրա մասնակիցների բուն անելիքը: Այսինքն, ամեն երկիր ցանկանում է դրանց տալ իր համար նպաստավոր բովանդակություն:
Խնդիրն այստեղ այն է, որ այդ ամենում կարծես թե անելիք չունի Հայաստանը: Հայաստանի իշխանությունը բացարձակապես ոչինչ չի անում հայ-թուրքական կարգավորման բովանդակության մեջ իր համար ցանկալի ուղղություն ապահովելու համար եւ ընդամենը ակնկալում է, որ դա կանեն կամ ԱՄՆ, կամ Ռուսաստանը, կամ Ֆրանսիան, կամ Եվրոպան: Եվ նրանք գուցե իսկապես կանեն, բայց բնականաբար ոչ թե Հայաստանի, այլ իրենց շահի համար, որը պարզապես կհամընկնի Հայաստանի շահին: Բայց դա արդեն Հայաստանի համար դառնում է վիճակախաղ, աշխարհաքաղաքական լոտո, երբ բախտը կարող է բերել, կարող է չբերել: Հետեւաբար խնդիրը դա է, ոչ թե այն, թե արդյո՞ք Ղարաբաղի հարցը կա հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացում, թե չկա: Այսօր չկա, վաղը կարող է լինել, այսօր կա, վաղը կարող է չլինել: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ հարցում Հայաստանից ոչինչ կախված չէ: Կարեւորը, որ կախված լիներ, այդ դեպքում նույնիսկ այն, որ Ղարաբաղի նախապայման գոյություն ունենար, այդքան էլ սարսափելի չէր լինի, եթե մենք տիրապետեինք դրա լինել-չլինելուն: Իսկ եթե մենք չենք տիրապետում, ապա թերեւս լինել-չլինելը արդեն դառնում է երկրորդական հարց:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment