Thursday, December 10, 2009

«ԹՈՒՐՔԵՐԸ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ԵՆ»

Սահմանի բացման վերաբերյալ Հայաստանում աճում է թերահավատությունը
«ԱԶԳ», 10-12-2009- Գերմանական հեռուստատեսության 2-րդ ալիքիՙ ZDF-ի լրատվական «Հոյթե» (այսօր) ծրագիրը դեկտեմբերի 6-ին քաղաքականություն բաժնում անդրադարձել է Թուրքիա- Հայաստան հարաբերություններին: «Թուրքերը մեր թշնամիներն են» հրապարակման հեղինակ Մարայքե Ադենը Երեւանում ունեցած հանդիպումների արդյունքում նկատել էՙ Հայաստանում աճում է թերահավատությունը սահմանի բացման վերաբերյալ: Թուրքիայի վարչապետ Էրդողանիՙ ԱՄՆ նախագահ Օբամայի հետ հանդիպման թեմաներից մեկը Թուրքիա-Հայաստան հարաբերություններն են, իրազեկում է ZDF-ը ու շարունակում. Երբ Դավիթ Դանիելյանն ու նրա կին Թերեզան հայկական սահմանամերձ Բարագան գյուղի իրենց այգում կանգնում են, թուրքական հարեւան Հալիքիսլաք գյուղի մինարեթն են տեսնում: Հայ-թուրքական սահմանը փակ է 1993-ից, երբ Թուրքիան համերաշխություն հայտնեց Ադրբեջանին, որ Հայաստանի հետ մինչ օրս էլ Լեռնային Ղարաբաղի հարցում հակամարտության մեջ է: ԼՂ-ն գտնվում է Ադրբեջանի տարածքում, բայց հայերով բնակեցված տարածքը փաստացի Հայաստանն է վերահսկում: Հոկտեմբերին Թուրքիան ու Հայաստանը ստորագրեցին արձանագրությունները, որոնցով հավանություն էին տալիս սահմանի բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Դավիթ Դանիելյանը, ինչպես նաեւ նրաՙ 600 բնակիչ ունեցող, մեկուսացած լեռնային գյուղի մեծ մասը հույս ունեին, թե պահը մոտ է: «Ասֆալտապատ ճամփաներ կունենանք, միգուցեՙ նաեւ գազ ու ջուր», ասում է Դավիթը: Նրա հարեւան Աշոտը, որ չի ցանկանում իր անունը հրապարակել, ի հեճուկս առավելությունների չի ուզում, որ սահմանը բացվի: Պատերազմի ժամանակ նա ծառայել է Ղարաբաղում: «Ադրբեջանի դաշնակից Թուրքիան մեր թշնամին է»:
Ցեղասպանության հարցըՙ խոչընդոտ Բարագանից մոտ 100 կմ հեռու, Երեւանում են գտնվում Ցեղասպանության հուշարձանը եւ Օսմանյան կայսրությունից հայերի բռնի տեղահանման թանգարանը: 1915-23 թվականներին սիստեմատիկ կերպով մերՙ մոտավորապես 2 միլիոն նախնիներին են սպանել, ասում են հայերը ու խոսում ցեղասպանության մասին: Այսօրվա թուրք ղեկավարները դա չեն ճանաչում: Նրանք խոսում են 300 000 սպանվածների մասին: Հենց այս հանգամանքն է ծանրաբեռնում հայ-թուրքական հարաբերություններըՙ առկախելով սահմանի բացման գործընթացն ու Ղարաբաղի հարցը: Դեռեւս ոչ Թուրքիայի, ոչ էլ Հայաստանի խորհրդարանները արձանագրությունները չեն վավերացրել, որից հետո դրանք ուժի մեջ կմտնեն: Ե՞րբ կլինի կամ ընդհանրապես կլինի՞ դա, այսօր, առավել քան երբեւէ, պարզ չէ: Ով Երեւանում զրուցում է մարդկանց հետ, նկատում էՙ մեծամասնությունը հիմնականում կողմ է սահմանի բացմանը, որովհետեւ հույս ունի, թե դա տնտեսական օգուտ կբերի: Բայց մարդիկ երկյուղում են, որ կառավարությունը Թուրքիայի հանդեպ զիջումներ կանի: Մասնավորապես թուրքական կողմից նորից ու նորից է լսվում, թե Հայաստանը պիտի թողնի ցեղասպանության հարցը եւ Ղարաբաղը հանձնի, թե չէ սահմանը փակ կմնա:
Հայաստանը տնտեսական ազդակների կարիք ունի Ճիշտ է, Հայաստանի արտգործնախարարությունը խոստանում է, որ նախապայմանների մասին չեն խոսում, մասնավորապես արձանագրություններում այդպիսի հարց չկա, բայց հայկական տնտեսությունը շատ է տուժել ճգնաժամից, եւ սահմանի բացումը երկրին շատ է պետք: «Տարանցիկ երկիր կդառնանք, վերջապես ելք կունենանք դեպի ծով եւ դեպի Եվրոպա, թուրք-հայկական առեւտուրն այլեւս Վրաստանի վրայով չի լինի», ասում է փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը : Ընդդիմությունն աճում է: Դեռեւս հոկտեմբերին եւ նոյեմբերին Երեւանում բողոք կար, որը կազմակերպել էր ազգայնական Դաշնակցություն կուսակցությունը: Շուրջ 10 հազար մարդ էր փողոց դուրս եկելՙ դեմ լինելով արձանագրություններին: Դաշնակցությունն ուզում է այժմ ժողովրդի մեջ առկա թերահավատությունը երկրով մեկ բողոքի զանգվածային ալիքի վերածել: Ստորագրություններ ընդդեմ սահմանի բացման Դաշնակցության կողմնակիցները դռնեդուռ ստորագրություններ են հավաքում, որ հետո խորհրդարանում իրենց տարածքի պատգամավորին ներկայացնեն: «Արձանագրությունները մեր երկրի համար վտանգավոր են, իմ պարտականությունն է օգնել դրանց խոչընդոտելուն», ասում է 21-ամյա Լիլիթ Լալայանը, որը Երեւանում իր կուսակցական ընկերուհուՙ Մարիայի հետ ամեն օր 2 ժամ ստորագրություն է հավաքում: Կա չափավոր ընդդիմություն ինչպես ժողովրդի, այնպես էլ քաղաքականության մեջ: «Պիտի դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, որ բոլոր հարցերը պարզաբանենք, բայց հիմա սահմանը բացելՙ չի լինի, ասում է անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը տեղահանության հետեւանքով ԱՄՆ-ում է մեծացել: «Արձանագրությունները եւ դրանց նպատակը ցուցափեղկիՙ գեղեցիկ, բայց խաբուսիկ դեկորացիա են, ոչ ավելին»: ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

No comments: