7Օր.8-12-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում ոչ մի խնդիր չի տեսնում։ Այս մասին նա հաղորդել է Վաշինգտոնում՝ պատասխանելով «Trend News»-ի թղթակցի հարցին։
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, և դրանից հետո մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Ռ. Թ. Էրդողանը։
Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ առկա են ՄԱԿ-ի տարբեր բանաձևեր, և քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել, Թուրքիայի համար դժվար կլինի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել։ Էրդողանը նշել է նաև, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման փաստաթուղթն արդեն ներկայացված է Թուրքիայի խորհրդարանում։
«Կառավարությունը ոչ մի դեպքում չի կարող ազդել այս գործընթացի վրա։ Մեր իշխանությունից վեր է՝ ազդել խորհրդարանական հանձնաժողովի կողմից հարցի քննարկման գործընթացի վրա։ Այնպես չէ, թե մենք որպես կառավարություն՝ Հայաստանին ճշմարտությունը չենք ասել։ Ինչ խոստացել ենք, այն էլ կատարել ենք։ Երբ մենք Հայաստանի հետ արձանագրությունները ստորագրել ենք, այնտեղ ոչ մի նախապայման չի եղել։ Սակայն մեր խորհրդարանում այդ արձանագրությունների ընդունումը նախապայման է պահանջում։ Թուրքիայի խորհրդարանի համար այս թեման շատ զգայուն է»։
Չնայած դրան՝ Թուրքիայի վարչապետը մատնանշել է իրավիճակի ելքը.
«Մինսկի խումբը պետք է արագացնի ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը, դա շատ կարևոր է, և որքան արագ դա կատարվի, այնքան արագ մենք կկարողանանք լուծել մեր հարաբերությունները Հայաստանի հետ»։
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment