Tuesday, December 8, 2009

ԷՐԴՈՂԱՆՆ ԱՐԴԱՐԱՑԵԼ Է

«Լրագիր -8-12-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ով գտնվում է ԱՄՆ-ում, հայտարարել է, թե հայ-թուրքական արձանագրությունները ներկայում գտնվում են թուրքական խորհրդարանում, որի համար Ղարաբաղի թեման զգայուն է: 'Կառավարությունը չի կարող ազդել քննարկման գործընթացի վրա: Ինչ խոստացել ենք, այն էլ արել ենք: Ինչպես դեմոկրատական բոլոր երկրներում, ինչպես ԱՄՆ-ում, մենք չենք խառնվում խորհրդարանի գործերին', ասել է Էրդողանը: Էրդողանը խոստովանել է, թե երբ ստորագրել են հայ-թուրքական արձանագրությունները, դրանցում ոչ մի նախապայման չի եղել: Սակայն խորհրդարանը նախապայմաններ է պահանջում: Եւ այդ հարցը լուծելու համար միայն քաղաքական կամքը բավարար չէ, ասել է Էրդողանը: Ըստ Թուրքիայի վարչապետի, ինքն այդ մասին ասել է ԱՄՆ նախագահ Օբամային, եւ վերջինս խոստացել է ուժեղացնել աշխատանքը Մինսկի խմբում: Եւ եթե Մինսկի խումբն արագացնի Ղարաբաղի կարգավորման գործընթացը, այդքան արագ մենք կարող ենք կարգավորել մեր հարաբերությունը Հայաստանի հետ, ասել է Էրդողանը, տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները: Էրդողանի հայտարարություններից երեւում է, որ ԱՄՆ բավական կոշտ դիրքորոշում է ցուցաբերել այն մասով, որ հայ-թուրքական հարաբերությունը պետք է կարգավորվի առանց նախապայմանի: Նման վճռականություն կար նաեւ ԱՄՆ հայկական կազմակերպություններին նախագահ Օբամայի՝ նախօրեին հղած նամակում: Միեւնույն ժամանակ, Էրդողանը, որ մինչ ԱՄՆ մեկնելը բազմիցս հայտարարել էր նախապայմանների մասին, ներկայում փորձում է հայ-թուրքական հարաբերության կարգավորման քաղաքական պատասխանատվությունը դնել թուրքական խորհրդարանի վրա:

No comments: