Tuesday, December 8, 2009

«Ստի ֆաբրիկան» կամ ադրբեջանա-թուրքական քարոզչության մուտացիան

News.am. 7-12-2009- Ադրբեջանա-թուրքական ռազմավարական երկերեսանիությունը, հիրավի, սահմաններ չի ճանաչում: Պարզվում է, որ թուրքական Իգդիր քաղաքում մի կազմակերպություն է գործում՝ «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգման խորհուրդ» «իմաստուն» անվամբ: Փորձենք ենթադրել, որ աշխարհի որեւէ երկրում, բացի Թուրքիայից, նման կազմակերպություն չկա եւ չէր էլ կարող լինել: Համակարգել եւ տարածել, ըստ էության, իրական պատմական փաստերի, որոնց հիման վրա հեղինակավոր երկրների խորհրդարաններն ու կառավարությունները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, անհիմն լինելու մասին սուտը կարող է անել միայն ժամանակակից Թուրքիան եւ նրա արբանյակ ու նավթային տակառ Ադրբեջանը: Սակայն, ինչպես պարզվեց, ակնհայտը ժխտելը մեծամասամբ էթնիկ ադրբեջանցիներից բաղկացած իդգիրյան կազմակերպության միակ խնդիրը չէ: «Ստի ֆաբրիկայի» ղեկավար Գյոքսել Գյուլբեյն ավելի հավակնոտ խնդրի է անցել՝ ապացուցել հակառակը, արդիականացնել քարոզչական առասպելը: Այս կերպ, «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգման խորհուրդն» այսօր անում է այն, ինչի դեմ պետք է պայքարեր. անհիմն կերպով այլոց է մեղադրում «ցեղասպանություն» իրականացնելու մեջ: Գյուլբեյը հայտնել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Խոջալուի իրադարձությունների համար դատի տալու նպատակով իրենց կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկած նամակը անպատասխան չի մնացել։ Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Գյուլբեյը նշել է, որ Եվրոպական մարդու իրավունքների դատարանը իրենցից պահանջել է փաստեր՝ կապված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Այն, որ Եվրոպական դատարանը փաստեր է պահանջել, «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգման խորհուրդը» խոշորագույն հաջողություն է համարել եւ տարածել լրատվամիջոցներով: Այլ կերպ ասած՝ կազմակերպությունում պատրաստվում էին իրենց նամակի լիակատար արհամարհմանը, եւ շատ էին ուրախացել, երբ գոնե դա տեղի չի ունեցել: Վերջերս Հայաստանի գլխավոր դատախազությունը հրապարակել էր Սումգայիթում գազանությունների եւ ավերածությունների մասին գործի առաջին նյութերը: Հարյուր հազարավոր հայեր, որ փախչում էին Բաքվից, Կիրովաբադից եւ ադրբեջանական այլ քաղաքներից, կենդանի վկան են ադրբեջանական իշխանությունների կազմակերպած էթնիկ զտումների: Ժամանակը չէ՞ արդյոք, որ հայկական հասարակական կազմակերպությունները, որ հիմնականում զբաղված են արտերկրի հիմնադրամներից գրանտներ «մսխելու» գործով, միջազգային դատական ատյաններ ուղարկեն Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ հավաքված հիմնավորված փաստերը: Թե՞ պիտի սպասենք, մինչեւ ցեղասպանության զոհերի վրա դահիճի պիտակ կպցնեն: Արմեն Գեւորգյան

No comments: