Monday, December 21, 2009

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱԽՃԱՆԸ

«Լրագիր» 21-12-2009- Հայաստանի սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության մեջ տեղի ունեցող ներկուսակցական խմորումները եւս մեկ անգամ ի ցույց դրեցին Հայաստանի լրջագույն հիմնախնդիրներից մեկը` կուսակցական համակարգի չկայացածությունը: Ընդ որում, դա տոտալ հիմնախնդիր է, որ վերաբերում է թե ընդդիմադիր, թե իշխանական դաշտին: Հայաստանում կուսակցություն հասկացությունը կարծես թե ձեւախեղված է արմատապես եւ անշրջելիորեն, ու թվում է, որ քաղաքական ներկայիս սերունդը, ու ինչ որ առումով նաեւ գալիք հաջորդ սերունդն ի վիճակի չեն դուրս գալ այդ խեղված տրամաբանությունից եւ ձեւավորել իսկապես արդիական կուսակցական համակարգ: Բանն այն է, որ ներկուսակցական ժամանակակից խմորումներում արդեն դերակատարում են ունենում նաեւ այսպես ասած նոր սերնդի քաղաքական գործիչները, ինչը նշանակում է, որ նրանք “հաջողությամբ” ստանձնել են էստաֆետն իրենց ավագ գործընկերներից եւ պատրաստ են առաջ տանել նրանց “գործը”: Իսկ ընդհանուր գործը, որպիսին պետք է համարել պետության եւ հասարակության արդիականացումն ու հզորացումը, հետ է գնում սրընթաց թափով: Հայաստանի ներկուսակցական խմորումների պատմության ամեն մի նոր օրինակ վկայում է, թե որքան անհեռանկար են անձերի, նույնիսկ լավագույն անձերի վրա հիմնված համակարգերը եւ անձերից` նույնիսկ լավագույն անձերից կախված մեխանիզմները: Հայաստանի կուսակցություններում առանձին վերցրած, այդ թվում նաեւ ընդդիմադիր, առկա են բոլոր այն արատները, որոնք կան իշխանական համակարգում: Թերեւս ավելորդ է դրանք թվարկելը, բայց ամենակարեւորի մասին արժե խոսել: Հայաստանի կուսակցական համակարգում իսպառ բացակայում է ներկուսակցական ժողովրդավարության ինստիտուտը, կամ այն եթե կա էլ, ապա ոչնչով ավելի իրական չէ, քան դեմոկրատիան իշխանության կատարմամբ: Այդ իսկ պատճառով, ինչպես երկրի իշխանության, այնպես էլ կուսակցապետության համար տեղի է ունենում կենաց ու մահու կռիվ, որը սկսում եւ ավարտվում է բացառապես ինտրիգներով ու խարդավանքներով, ու “հաղթում” է միշտ նա, ում կողմն է ուժը` նյութական եւ ֆիզիկական: Եթե փոքր ինչ երերում է կուսակցության բուրգի ամենավերեւում կանգնած անձի դիրքը, ապա կուսակցությունն անմիջապես հայտնվում է պառակտման եզրին, ինտրիգների եւ խարդավանքների հորձանուտում: Եվ չկան այդ իրավիճակները հարթելուն, կամ դրանց դիմագրավելուն ուղղված համակարգային մեխանիզմներ, իսկ եթե կան, ապա դրանք հաշվի առնող չկա, որովհետեւ կուսակցություններն ի սկզբանե ձեւավորվում են նախ անհատներով, հետո այդ անհատները ուղղակի քաղաքավարության կամ արարողակարգի համար գրում են ինչ որ մեխանիզմներ, համոզված լինելով, որ դրանք երբեք էլ գործնականում պետք չեն գալու խնդիրներ լուծելու համար: Արդյունքն այն է, որ Հայաստանի գրեթե բոլոր կուսակցությունները, առանց բացառության, չունեն ներքին դիմադրունակության նվազագույն պաշար անգամ, եւ կուսակցության ներսում ցանկացած անհամաձայնություն դառնում է մահացու հիվանդության պես մի բան եւ անմիջապես հանգեցնում է կուսակցապետության համար պայքարի, քանի որ որեւէ անհամաձայնություն, որ կարող է առաջանալ որեւէ կուսակցության մեջ, կողմերի համար վերածվում է լինել-չլինելու հարցի, քանի որ անհամաձայնությունը քննարկելու, միմյանց համոզելու, ընտրություն կատարելու ներկուսակցական մեխանիզմները բացակայում են կամ չեն գործում: Հար եւ նման պետական կառավարման համակարգին: Ու այդ պայմաններում, չխորանալով իհարկե ներկուսակցական ներկա եւ նախկին կոնկրետ խմորումների պատմության եւ օրինակների մեջ, որոնք հաստատապես հիշարժան են հասարակության զգալի մասի համար, պարզապես մտորենք, թե արդյոք այդօրինակ կուսակցական համակարգերը կարող են երկրում իրական այլընտրանք ձեւավորել պետական կառավարման համակարգին, եթե դրանք այդ նույն համակարգի արատների առանձին կրիչներն են: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: