Monday, December 21, 2009

2009-Ը ԿԱՆՎԱՆԵԻ “ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏԱՐԻ”

Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի հետ -2009-ին ի՞նչ նվաճումներ կան, ի՞նչն եք ավելի շատ կարևորել տարվա ընթացքում: -Եթե այսպես ռեպրոսպեկտիվ հայացքով նայենք այդ շրջանին, ես կասեմ, որ 2009-ը բավական տարբերվել է մնացած բոլոր տարիներից, քանի որ մեզանում մինչ այդ մշտապես գոյություն ունեցող “ընտրություններից”, այսինքն` չընտրություններից հետո հասարակությունը մի տեսակ համակերպված էր, որովհետև լիդերներն էին համակերպվել: Դրանից հետո հասարակական գիտակցության մեջ գերիշխել է համակերպմումը, այսինքն` հասարակությունը ադապտացվել է գոյություն ունեցող իշխանություններին, և հաջորդ փուլը ընթացել է հենց նույն ձևով: 2009-ը հետաքրքիր էր նրանով, որ հասարակությունը մի տեսակ չհամակերպվեց տեղի ունեցածի հետ, և 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների, քաղբանտարկյալների առկայության ու նմանատիպ բացասական իրադարձությունների արդյունքում հասարակությունը 2009-ին բավականին ակտիվ մնաց, ինչը չենք տեսել նախորդ շրջանում: Մյուս կողմից, ես 2009-ը կանվանեի “թուրքական տարի”, որովհետև ամբողջ 2009-ը ընթացավ “թուրքական դրոշի ներքո”` հայ-թուրքական հարաբերությունների քննարկումներ տարբեր տեսանկյուններից, արձանագրություններ, դրանց հետ կապված վայրիվերումներ և այլն, և այլն: Այսինքն` 2009-ը այս իմաստով բավական դրական էր, քանի որ ինձ համար ավելի կարևոր է` հասարակությունն ինչ կանի, ինչպիսի կեցվածք կընդունի, քան իշխանությունները կամ կոնկրետ ընդդիմությունը ինչ կանի, որովհետև ամեն ինչ կախված է վերջվերջո մարդկացից, թե մենք ինչպես կնայենք հարցերին: Ու այդ տեսանկյունից կամաց-կամաց զգացվում են երկարաժամկետ մտածողություն և գործունեություն ձևավորող այն ծիլերը, որոնք պետք է հասարակությունն իրական հասարակություն դարձնեն: -Նշեցիք, որ ակտիվությունը, որն ըստ էության սկսվեց 2008-ին, շարունակվեց նաև 2009-ին: Ո՞ւմ կողմից եք կոնկետ նկատել այդ ակտիվությունը, երբ նույն ընդդիմության պասիվության վերաբերյալ տարվա ընթացքում տարբեր կարծիքներ, քննադատություններ հնչեցին: -Ամբողջ խնդիրն այն է, որ մենք (ես ինձ չեմ առանձնացնում ընդհանուրից) սովոր ենք տեսնել շատ արագ, կայծակնային իրադարձություններ և սովոր չենք սպասել երկարաժամկետ ռազմավարական պլանավորումների: Այսօրվա դարաշրջանն այնպիսին է, որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում, այդ պատճառով մենք ընդդիմությունից ակնկալում էինք շատ կտրուկ և արագ հեղափոխական գործողություններ, որոնք պետք է հանգեցնեին Հայաստանում որակական փոփոխությունների, բայց ընդդիմությունն ընտրեց պայքարի երկարաժամկետ ուղի, այսինքն` որդեգրել է այսպես կոչված աստիճանական զարգացումների գործընթացը: Եվ այդ տեսանկյունից փաստորեն հասարակության մի հատվածն էլ համակերպվեց, որ այո, պետք է այսօր գալ գաղափարական հասունության, կայացվածության, երբ այս պահանջը բխի ոչ թե վերին օղակներից, այլ այդ պահանջը գա ներքևի օղակներից: Քանի դեռ հասարակությունը պատրաստ է համակերպվել իրեն կեղեքող, իր ձայնը կեղծող և իր կարծիքը հաշվի չառնող ուժերի հետ, ապա այստեղ ընդդիմությունն այլևս անզոր է ինչ-որ բան անելու` չնայած նրան, որ սեփական հասարակական ինքնագիտակցության մակարդակի ձևավորման համար ընդդիմությունը պետք է մշտապես ակտիվ աշխատանք տանի: -Իսկ այս պահին այդ ակտիվ աշխատանքը տարվո°ւմ է: -Խնդիրն այն է, որ հասարակությունն ընդդիմությունից միշտ պահանջում է, որ նա միշտ լինի հակա: Եվ երբ որևէ հարցի շուրջ ընդդիմությունը կարող է ասել, որ այս հարցը ինչ-որ առումով դրական է, ընդդիմադիր զանգվածի մի ստվար հատված պատրաստ չէ դա ընդունել, որովհետև դա ընկալվում է որպես իշխանության հետ համագործակցության հրավեր, կոչ կամ ուղղակի համագործակցություն, ինչից շատերը հիասթափվում են: Կարծում եմ` պետք է ձևավորվի այն քաղաքական կուլտուրան, որ նույնիսկ եթե չընտրված իշխանություններն անում են որևէ դրական քայլ, ընդդիմությունը պետք է իր մեջ ուժ գտնի և ասի` այո, այս քայլը դրական էր, և ամեն ինչ չդիտարկի բացասական ֆոնի ներքո: Սա, կարծում եմ, նոր քաղաքական կուլտուրա է: Եվ հասարակությունը ևս պետք է համակերպվի, որ նմանատիպ կուլտուրայի հետ մենք առնչվելու ենք: Ցավոք սրտի, այսօրվա իշխանությունը դեռևս պատրաստ չի գնալ այդ դրական քայլերին: -Դրա համա՞ր է հասարակությունը պահանջում ընդդիմությանը ընդդիմանալ: -Հասարակությունը մշտապես պահանջում է ընդդիմությունից ընդդիմանալ, բայց նույն այդ հասարակական զանգվածը, որն այստեղ պահանջում է ընդդիմությունից ընդդիմանալ և գնալ ինքնազոհման, մի ձեռքով պահանջում է, մյուս ձեռքով համագործակցում կամ փողը վերցնում, ընտրությունների ժամանակ վաճառում իր ձայնը: Քանի դեռ Հայաստանում բնակվողների որոշ մասը վաճառում է իր ձայնը, ապա այս հասարակության գլխին մշտապես կախված է մնալու մարգինալացման վտանգը դամոկլյան սրի պես: -Կարո՞ղ է 2010-ը մաքրվելու տարի լինել: -Ես այդքան լավատես չեմ, և չեմ կարծում 2010-ը մեզ բերելու է ինչ-որ նոր իրավիճակներ, նաև այն պատճառով, որ այսօր ընդդիմությունն իր հույսը հիմնականում չի դնում մարգինալացված հասարակական մեծամասնության վրա, այլ հիմնականում հույսը կապում է արտաքին ուժերի հետ, բայց արտաքին ուժերը Հայաստանին երբևէ ոչինչ չեն տվել ու չեն տալու: Նույնիսկ արտաքին ուժերի հետ կարելի է ինչ-որ գործընթացներ պայմանավորել, բայց ամբողջությամբ պատճառաբանել նրանց հետ, դա մեծագույն սխալ է, քանի որ նույն արտաքին ուժերը նայում են, թե դու ինչքան զորություն ունես, ինչքանով ես հասարակության կողմից ընկալելի: Այլ խնդիր է, որ այսօրվա մեր իշխանությունները շատ ձեռնտու են արտաքին ուժերին, քանի որ չունենալով ներքին վստահություն` նրանք անում են այն, ինչ նրանցից պահանջվում է: -Ձեր կարծիքով, հայ-թուրքական ահմանի բացման առումով ի՞նչ առաջընթաց կգրանցվի: -Սահմանի բացման հարցը բարդ, շատ բարդ հարց է: Կարծում եմ`գործընթացը ձգձգվելու է. փակուղային իրավիճակ է: Ինչքան էլ ասենք`Թուրքիան պետք է ճնշվի և բացի սահմանը, բայց Էրդողանը շատ լավ հասկանում է իր հայտարարությունների արժեքը և իմաստը, որ միայն Ղարաբաղյան խնդրի կարգավորման արդյունքում կբացվի հայ-թուրքական սահմանը: Ակամայից արդեն իսկ դիվանագիտական շատ կենտրոններ այդ կարծիքի հետ համակերպվել են, որ Թուրքիան կբացի հայ-թուրքական սահմանը Ղարաբաղի խնդրի լուծումից հետո, ինչքան էլ համոզիչ թվան Հիլարի Քլինթոնի հավաստիացումները: Կարծում եմ` Հայաստանի իշխանությունը լավ է հասկանում առաջարկվող հնարավոր լուծման վտանգը և Ղարաբաղի ժողովուրդն էլ թույլ չի տա, որ նմանատիպ (յոթ շրջանի անվերապահ վերադարձ, Լաչինի միջանցքի բացում, հետագայում Ղարաբաղի ստատուսի որոշում) պայմաններում Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գնանք: 2010-ին փակուղային իրավիճակի ականատես կլինենք, որն իր հետ բերելու է այլ գործընթացներ: Ինչպիսին կլինի այդ գործընթացների բնույթը, հիմա մի փոքր դժվարանում եմ ասել: -Ուզում եք ասել` ոչ մի դրական տեղաշարժ այդ ուղղությամբ չի՞ լինի: -Արդեն իսկ երկխոսությունը երկու ժողովուրդների միջև գնահատում եմ դրական տեղաշարժ, քանի որ թուրքական հասարակությունը պարզապես տեղյակ չի որևէ պատմական իրադարձության: Մի մասին դա չի հետաքրքրել երբևէ, և այսօր ակամայից նրանց սկսում է այս հարցը հետաքրքրել, նրանք սկսում են այս հարցը քննարկել տարբեր հասարակական մակարդակի դիսկուրսներում, իսկ քաղաքական դաշտում այն մշտապես ակտուալ հարցերից է դարձել: 2010-ին ցանկանում եմ, որ մեր ուսանողությունը, երիտասարդությունը ձերբազատվի հարմարվողականության կապանքներից, քանի որ նրանից է կախված Հայաստանի վաղվա օրը: Մշտապես այս գաղափարը կրկնում եմ երիտասարդների շրջանում, որպեսզի հնարավորինս իրենց շահը դիտարկեն ընդհանուրի շահի համատեքստում, մի քիչ ավելի պակասի հիվանդագին կարիերիզմը: Ցանկանում եմ` մեր իշխանությունները լինեն ավելի հանդուրժող (ինչին այդքան էլ չեմ հավատում), և Հայաստանում փոխվի առողջ բանավեճ ծավալելու քաղաքական կուլտուրան: ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ «Լրագիր» 21-12-2009

No comments: