Monday, February 1, 2010

Մեդվեդևը մայիսին կայցելի Թուրքիա

Tert.am. 1-2-2010- Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Աբդուլլահ Գյուլը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են Հայաստանի Սահմանադրական դատարանի` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ կայացրած որոշումը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Աբդուլլահ Գյուլն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է ՀՀ ՍԴ որոշման առնչությամբ պաշտոնական Անկարայի մտահոգությունները: Թուրքիայի նախագահը ցանկություն է հայտնել, որ Ռուսաստանը մեծացնի իր դերակատարությունը, որպեսզի պաշտոնական Երևանը «հեռու մնա այնպիսի քայլերից, որոնք կվտանգեն հայ-թուրքական արձանագրությունները»: «Մենք հուսով ենք, որ որևէ մեկը չի ցանկանում վտանգել արձանագրությունների ապագան: Բոլորն են ցանկանում խաղաղություն Կովկասում»,- հայտարարել է Աբդուլլահ Գյուլը: Հեռախոսազրույցի ընթացքում Գյուլը Մեդվեդևին հրավիրել է Թուրքիա: ՌԴ նախագահն ասել է, որ Թուրքիա կայցելի մայիսին: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են նաև ղարաբաղյան հիմնախնդիրը, այդ թվում՝ վերջերս Սոչիում կայացած Մեդվեդև-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքները։

No comments: