Saturday, March 20, 2010

ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՔԼԻՆԹՈՆԸ

«Լրագիր» 20-3-2010- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն օրերս հայտարարել էր, որ ԱՄՆ իր ջանքը կենտրոնացրել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա, եւ դա մարդու իրավունքի վիճակից առաջնային է, որովհետեւ եթե հակամարտությունը կարգավորվի, ապա թե Հայաստանում, թե Ադրբեջանում մարդու իրավունքի վիճակը կբարելավվի: Կարելի է թերեւս նշմարել տիկին Քլինթոնի խոսքի տրամաբանությունը: Թեկուզ գոնե Հայաստանի մասով: Նա թերեւս համարում է, որ քանի դեռ կա Ղարաբաղի հակամարտությունը եւ այն կարգավորված չէ, Հայաստանի իշխանությունը միշտ շահարկելու է այդ խնդիրը ներքին կյանքի հետ կապված հասարակական պահանջներին ի պատասխան, եւ այդպիսով փորձելու է իրար հակադրել մարդու իրավունքներն ու Ղարաբաղի խնդիրը: Հասարակությունն էլ տրվելով այդ շահարկմանը, գերադասելու է համակերպվել իրավունքի իր վիճակին, միայն թե Ղարաբաղի հարցում վատ բան չլինի: Հիլարի Քլինթոնի կարծիքին, եթե այն իհարկե համոզված եւ անկեղծ կարծիք է, ոչ թե քաղաքական հաշվարկի վրա հիմնված հայտարարություն, դժվար է գտնել այլ տրամաբանություն: Թեեւ կարելի է գտնել մեկն էլ: Գուցե ԱՄՆ պետքարտուղարը ակնարկում է, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը կա, իրենք աչք են փակում Հայաստանի իշխանության արածների վրա մարդու իրավունքի եւ ժողովրդավարության ոլորտում, որովհետեւ ուզում են, որ Ղարաբաղի խնդիրը կարգավորվի եւ խաղաղություն լինի Կովկասում, իսկ երբ Ղարաբաղի հարցը չլինի, ապա իրենք արդեն շատ ավելի խիստ եւ անզիջում կլինեն Հայաստանի իշխանության հանդեպ ներքին ժողովրդավարության հարցերում: Քլինթոնի հայտարարության հավանական տրամաբանության այդ տարբերակը շատ ավելի իրատեսական է: ԱՄՆ գուցե իսկապես վստահ է, որ եթե Հայաստանի իշխանությանը համոզի կամ պարտադրի Ղարաբաղի խնդրի լուծում, ապա դրանից հետո ժողովրդավարություն պարտադրելը արդեն տեխնիկայի հարց է, խաղ ու պար: Ու թվում է, թե դա իսկապես ճշգրիտ հաշվարկ է, որ կատարել է ԱՄՆ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ հաշվարկի, այդ տրամաբանության մեջ չի տեղավորվում Հայաստանի քաղաքացին: Ավելին, այդ հաշվարկը կարելի է նույնիսկ համարել Հայաստանի քաղաքացու հանդեպ բացարձակ արհամարհանք, որին փաստորեն առաջարկում են համակերպվել իշխանական ներկայիս համակարգին այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի հարցը: Իսկ բացի դրանից, Հայաստանի քաղաքացուն Միացյալ Նահանգները փաստորեն առաջարկում է` եթե ուզում ես քեզ օգնենք ժողովրդավարության հասնելու հարցում, ուրեմն դու էլ պետք է մեզ օգնես եւ իշխանությունից պահանջես Ղարաբաղի հարցի լուծում: Իսկ ելնելով այն հանգամանքից, որ Ղարաբաղի հարցի լուծումը ենթադրում է զգալի զիջումներ Հայաստանի կողմից, հատկապես կարգավորման ներկայիս սկզբունքների պարագայում, ապա կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգները Հայաստանի քաղաքացիներին պարզապես առեւտուր է առաջարկում անուղղակի ձեւով` զիջումներ ժողովրդավարության հարցում օգնության դիմաց: Այդօրինակ առաջարկը կամ մտայնությունը, կամ տրամադրվածությունը, անկասկած չի կարող հարիր լինել մի երկրի, ով իրավամբ համարվում է աշխարհում ժողովրդավարական արժեքների տարածման գործի առաջատար: Բայց առաջատարությունը հենց ենթադրում է, որ այդ արժեքները երբեք չեն կարող ստորադասվել որեւէ այլ արժեքի կամ խնդրի, եւ առավել եւս դառնալ որեւէ առեւտրային տրամաբանության առարկա: Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Գորդոնը հայտարարել է, որ Կովկասի խնդիրները պետք չէ շաղկապել իրար, որ չստացվի շիլաշփոթ, այլ պետք է դիտարկել առանձին-առանձին: Գորդոնն ասել էր, որ պետք չէ Ղարաբաղի հարցը շաղկապել հայ-թուրքական գործընթացին: Բայց թերեւս պետք է նույն մոտեցումը կիրառել նաեւ այս դեպքում եւ Ղարաբաղի հարցը չշաղկապել Հայաստանի ժողովրդավարացման հարցի հետ: Կամ էլ Նահանգները թող չխոսեն այն մասին, թե հայ ժողովրդին օգնում են ժողովրդավարություն կառուցել: Այդպես, մարդու իրավունքների խնդիրը Ղարաբաղի հարցին ստորադասող հայտարարություններով, Նահանգները ոչ թե ժողովրդին, այլ թերեւս իշխանությանն են օգնում ժողովրդավարությունն արգելափակելու գործում: Թեեւ չի բացառվում, որ կա նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի հայտարարության տրամաբանության երրորդ տարբերակը: Գուցե Քլինթոնը նկատի ունի, որ երբ Հայաստանում որեւէ իշխանություն գնա Ղարաբաղի հարցի կարգավորման, այն տարբերակներով, որ առաջարկվում են այժմ, ապա հասարակական ընդվզումը եւ ներկայիս համակարգի փլուզումը կդառնա անխուսափելի, ու մեկ էլ տեսար Հայաստանում ժողովրդավարություն հաստատվեց: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: