
2005 թ. Սեպտեմբերի 9-ին, գիշերվա ժամը 10:45-ին, «Արարատ» մարզավանի մուտքի առջեւ, անարգ ոճրի զոհ դարձած 14-ամյա Միրո Բեգիջանյանի դառնաղետ մահվանից անցնում է երեք տարի, սակայն դեռ չի ավարտվել այդ առիթով կազմված դատարանը:
Վերջին լուրերի մեջ տեսնում ու կարդում ենք, որ «մի հայր իր 12 տարեկան որդուն սպանելու համար դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման», մի այլ պարագայում մի աղջիկ, որ 13 տարեկանում մի 7 տարեկան երեխայի մահվան կամ սպանության պատճառ է դարձել, տարիներ բանդում մնալուց հետո ահա դատապարտվել է մահվան, իսկ մի երիտասարդ կին սկեսրոջ սպանության մեղքով դատապարտվել է մահվան: Մի ուրիշը նաեւ իր ընկերոջը սպանելու մեղքով է դատապարտվել մահվան եւ էլի նման լուրեր:
Իսկ ինչ է հասնելու Միրոյի սպանող (ներին), պետք է սպասել ու տեսնել: Թեեւ որոշ փոփոխություններ մտցվել է քրեական օրենսգրքում, այդուհանդերձ դեռ մուսուլմանը ոչ մուսուլմանին սպանելու համար մահվան չի դատապարտվել: Ուստի պետք է սպասել ու տեսնել, նոր պայմաններում, ինչ են անելու դատական ատյանները: Արդյո՞ք դատարանը հենվելու է երկրի Սահմանադրական օրենքին, ըստ որի «Հասարակության բոլոր անդմաները օրենքի առջեւ հավասար են», թե դեռեւս թերություններ պարունակող դատական օրենսգիրքն: Համենայնդեպս, քանի դեռ օրենքի առջեւ հավասար չեն հասարակության անդամները, Միրոյի եւ միրոների դատը բոլոր իրանահայերի ու նաեւ բոլոր կրոնական փոքրամասնությունների դատն է:
Նույն այդ պատճառով էլ դատական նիստերին մասնակից են դառնում ոչ միայն հանգուցյալ Միրոյի հարազատները այլ նաեւ համայնքի տարբեր խավերի ներկայացուցիչներ, հոգեւորականներ ու նաեւ խորհրդարանի պատգամավորներ:Հուսանք արդարությունը կհաղթի
No comments:
Post a Comment