Wednesday, March 17, 2010

ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐԻ ՍՊԱՌՈՒՄԸ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱԿԱՔԱՅԼԵՐԻ ՍՊԱՌՄԱՆԸ

Դա երկրի իշխանություններին մղում է տրամաբանությունից զուրկ սանձարձակ հայտարարությունների եւ անհավասարակշիռ գործողությունների «ԱԶԳ», 17-03-2010 - «Ազգը» նախավերջին համարում «Հիվանդագին արձագանք Շվեդիայի խորհրդարանի որոշմանը. չեղյալ է հայտարարվել Թուրքիայի վարչապետի այցը Ստոկհոլմ» վերնագրով հիշեցրել էր, որ մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության օրինագծի ընդունումից հետո մարտի 11-ին ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունեց Շվեդիայի խորհրդարանը, դրան նույն օրը հետեւեց Հայոց ցեղասպանության բանաձեւի ներկայացումը Իսպանիայի խորհրդարան: Համանուն բանաձեւ ներկայացվել է նաեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարան, որն ապրիլի 30-ին քննարկման է դրվելու Համայնքների պալատում: Այլ կերպ, անկախ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման արձանագրությունների ստորագրումից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հետզհետե ծավալվում է: Դա, ինչ խոսք, հանգեցնում է թուրքական ժխտողականության դիրքերի սպառմանը: Ստեղծված իրավիճակում թուրքական իշխանությունները փոխանակ վերանայելու Հայոց ցեղասպանության նկատմամբ որդեգրած ժխտողական դիրքորոշումը, ճանաչման գործընթացը կասեցնելու փորձեր են կատարում: Քանի որ դրանց հիմքում դրվում է խորհրդարանի որոշման վրա վարչակարգի կամ կառավարության միջոցով ազդելու գործելակերպը, ուստի այդ փորձերն ակամա դառնում են տվյալ երկրի գործադիր եւ օրենսդիր իշխանություններին միմյանց հակադրելու միջոց եւ ձախողվում են: Մինչդեռ խորհրդարանները, որպես ընտրվող մարմին, հաշվետու են ոչ թե կառավարության, այլ ժողովրդի առջեւ, եւ նրա կամքն են արտահայտում, իսկ կառավարությունները նշանակովի են: Որքան էլ նրանք պետության շահերն արտացոլեն, այնուամենայնիվ, հաշվետու են խորհրդարանի առջեւ: Եթե նույնիսկ Թուրքիային հաջողվի որեւէ երկրի խորհրդարանում վարչակարգի կամ կառավարության միջամտությամբ կասեցնել ցեղասպանության բանաձեւի ընդունումը, միեւնույնն է, այդ միջամտությունը չի կարող հարատեւ լինել, որովհետեւ օրինական հիմք չունի, այսինքնՙ ապօրինի է, պայմանավորված թուրքական կողմի հետ վարվող սակարկությունների արդյունքներով: Թերեւս դա է պատճառը, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը թուրքական ժխտողականության դիրքերի հետ սպառում է նաեւ Թուրքիայի հակաքայլերը: Դա երկրում փակուղու առջեւ է կանգնեցնում ինչպես իշխանություններին, այնպես էլ ընդդիմությանը: Մինչ կառավարությունը նախազգուշացնում է ԱՄՆ-ին եւ Շվեդիային, թե հայկական բանաձեւի ընդունումը կվնասի երկկողմ հարաբերություններին եւ բացասաբար կանդրադառնա Հայաստանի հետ նորմալացման գործընթացի վրա, ընդդիմությունը որպես փոխհատուցում պահանջում է ամերիկյան եւ շվեդական ընկերությունների զրկումը պետպատվերից եւ «Ինջիռլիք» ռազմաբազայի փակումը, ինչպես արվել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մարտի 15-ի նիստում: Հատկանշական է, որ ԱՄՆ-ում եւ Շվեդիայում հայկական բանաձեւերի ընդունման առնչությամբ հանձնաժողովին պարզաբանումներ տալու նպատակով նիստին մասնակցող արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պահանջներին պատասխանում է. «Ահաբեկչության դեմ պայքարում (PKK-ի) ԱՄՆ-ն մեծապես աջակցում է մեզ, հետեւաբար չի կարող խնդրո առարկա լինել «Ինջիռլիք» ռազմաբազայի փակումը»: Թերեւս նա դրանով Թուրքիայի հակաքայլերի սպառվածության խոստովանություն է անում: Փոխադարձ մեղադրանքներով Թուրքիայում սրվում է իշխանություն-ընդդիմություն պայքարը: Այսպիսով, Հայոց ցեղասպանության հարցը ոչ միայն ներքաշվում է այդ պայքարի մեջ, այլեւ դրա սրման պատճառ է դառնում: Դա կաշկանդում է կողմերին, որին հետեւում են տրամաբանությունից զուրկ սանձարձակ հայտարարություններ եւ անհավասարակշիռ գործողություններ: Այդ գործողություններից թերեւս ամենահատկանշականը, ինչպես նշել էինք նախորդ համարում, Հայոց ցեղասպանության հարցում «հստակ դիրքորոշում» որդեգրելու պահանջով Վաշինգտոնին դիմելու, որպեսզի ցեղասպանության բանաձեւը չդրվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում, իսկ նախագահ Օբաման ապրիլի 24-ի ուղերձում «ցեղասպանություն» բառը չարտասանի, ԱՄՆ վարչակարգից գրավոր եւ բանավոր երաշխիքներ պահանջելու Անկարայի գործելակերպն է: Ինչ վերաբերում է սանձարձակ հայտարարություններին, ապա դրանց մասին էլ մարտի 15-ի համարում վկայել է «Ռադիկալը»ՙ գրելով. «Երբ Հայոց ցեղասպանության բանաձեւն ԱՄՆ-ի գլխավորությամբ ընդունվեց արեւմտյան մի շարք երկրների խորհրդարաններում, արտգործնախարար Դավութօղլուն, որին համեմատում էինք եվրոպացի պաշտոնակիցների հետ, ազգի հոգին դարձավ մեր գլխին: Ձեռնամուխ է եղել մեծ տերությունների առջեւ թուրքի ուժը ցուցադրելու սուրբ գործին: Սուր է ճոճում աջ ու ձախ, կախաղան է հանում եւ իջեցնում, ազգայնամոլությամբ նույնիսկ Օնուր Օյմենին է գերազանցում: Ի՞նչ է պատահել, մեծարգո տեր: Հայկական նախաձեռնությունից էիր խոսում, առաջնորդում էիր Հայաստանի պատմական հանդիպումը: Պատմության առջեւ անցկացրած ժխտողական ջղաձգումներով մեր հասարակությունը նմանվում է հասունության ընթացքը մերժող երեխային: Դավութօղլուն ասում է. «Թուրք ժողովուրդը տեր կանգնեց Հրանտ Դինքին: Եթե որեւէ թուրք Հայաստանում նման ձեւով մեռներ, մի՞թե Հայաստանը տեր կկանգներ այդ թուրքին»: Այսպիսի խեղված տրամաբանությամբ կարո՞ղ ես արդյոք խաբել աշխարհի որեւէ երկրի: Ցավոք, թուրք ժողովուրդը տեր կանգնեց ոչ թե Հրանտին, այլ նրա աճյունին: Իսկ պետությունն էլ Հրանտին սպանողներին է տեր կանգնել: Արտգործնախարարին լրացնում է վարչապետը. «Մենք մերժում ենք ցեղասպանության պնդումները, որովհետեւ մեր հայրերը չէին կարող ցեղասպանություն իրագործել», ասելով բացականչելիս, առանց զգալու, որ իր ասածները որեւէ կերպ չեն առնչվում ո՛չ միջազգային, ո՛չ էլ մարդկանց միջեւ հարաբերությունների կարգավորման կամ հաղորդակցվելու պատրաստակամության տրամաբանությանը, իսկույն հոխորտում է. «Թուրքիան այս հարցերում զգայուն է, թույլ չի տա, որ իր արժանապատվության հետ խաղան»: Ինչո՞ւ: Որովհետեւ մեր հայրերը չէին կարող ցեղասպանություն իրագործել: Որքա՜ն համոզիչ, որքա՜ն գիտական խոսքեր են: Մինչդեռ նա վերջերս Դերսիմի ջարդից էր խոսում: Դա համարում էր պետության մեղքը եւ առերեսման կարիք զգացող աղետ: Ի՞նչ է ստացվում, երբ խոսքը վերաբերում է քրդերին, մեր հայրերը փոխադարձաբար կոտորած իրագործում են, երբ «գյավուրներին»ՙ ապա հարցի էությունն իսկույն փոխվում է: Այսինքնՙ մահմեդականները կարող էին իրար կոտորել, սակայն քրիստոնյաներին մատով անգամ չեն դիպչել: Ինչպես երեւում է, մոտալուտ ընտրությունները իթթիհատական են դարձրել բոլորին»: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: