Thursday, March 18, 2010

Հայաստանի ԱԳ նախարար. «Անկարան խոչընդոտներ է ստեղծում հայ-թուրքական հաշտեցման գործընթացում»

/PanARMENIAN.Net/ 17.03.2010 - Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես գալով Բեռլինում, մեղադրել է Թուրքիային` երկկողմանի հարաբերությունների գործընթացը խոչընդոտելու համար: Այս մասին հաղորդում է Deutsche Welle -ը: Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեի հետ բանակցություններից հետո Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել արտաքին քաղաքականության հարցով Գերմանական խորհրդի լսարանի առջեւ: Ելույթի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը շոշափել է ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցերը եւ հստակ ձեւակերպել է Երեւանի պաշտոնական դիրքորոշումն այդ հարցերում: Հայաստանի ԱԳ նախարարի փաստարկներն անարձագանք չեն մնացել: Լսարանին ուղղված Էդ. Նալբանդյանի շնորհակալական խոսքից անմիջապես հետո Գերմանիայում Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանատների ներկայացուցիչները պարտք համարեցին հանդես գալ «հերքումով» եւ «ուղղումներով»: Հատկապես ջանք չէր խնայում թուրք դիվանագետը, որ զինվել էր դատական որոշումների եւ բոլոր բանակցությունների ու համաժողովների արձանագրությունների ամսաթվերով, մեջբերումներով, պարագրաֆներով ու հղումներով: Համաձայն Deutsche Welle-ի, «այս ռաունդը հաղթեց հայ նախարարը, որն իր հանգստությամբ եւ անվրդովվությամբ կարողացավ ընդգծել Հայաստանի կառավարության խաղաղասիրությունն ու հանդուրժողականությունը, Էդվարդ Նալբանդյանը չընկրկեց իր դիրքերից»:

No comments: