Thursday, March 18, 2010

Ադրբեջանցի պատգամավորներն էլ հումորի զգացում ունեն

Report.am. 17-3-2010- Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Անար Մամեդխանլիի մեկնաբանությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասիեի Երևանում ՆԱՏՕ-ի` «Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում. մարտահրավերներ, հնարավորություններ և հեռանկարներ» երկօրյա սեմինարիընթացքում արված հայտարարությունների առնչությամբ` տպագրված 1news.az-ում: Հավանաբար չանեինք դա, եթե ֆրանսիացի համանախագահը տեր կանգնած լիներ իր ասածներին: Բայց, ինչպես հայտնի է, ավելի ուշ Ֆասիեն փորձել էր արդարանալ: «Սիրելի’ ընթերցող, ինչ ուզում ես մտածիր՝ բայց ես հավատում եմ հայերին: Տվյալ իրավիճակում նրանց ավելի շատ եմ հավատում, քան Բեռնար Ֆասիեին: Թեև հայերը հաճախ են աչքի ընկնում առողջ դատողության բացակայությամբ, սակայն, տվյալ դեպքում նրանց անկեղծ (հնարավորին չափ) վրդովմունքը ինձ համար հասկանալի է: Եկավ ֆրանսիացի համանախագահը, որն ինչ որ բանով հիշեցնում է Լուի Դե Ֆյունեսին, գուշակեց նրանց ցանկությունը, իբր տղե՛րք, շարունակեք համառել, ադրբեջանցիները բլեֆ են անում, քանի որ վախենում են ղարաբաղցիների քաջությունից ու մանավանդ՝ ֆինանսական բարեկեցությունը կորցնելուց: Այլ կերպ ասած՝ այստեղ խոսքը դուր գալու ցանկության մասին չէ: Ինչպես ասում էր Ժիգլովը՝ այստեղ համատեղված են սերն ու շահը: Բեռնար Ֆասիեն, ինչպես հայտնի է, մեր նախարարին ասել է, թե տեղի է ունեցել սխալ թարգմանություն: Շնորհակալություն նրան այսպիսի պատասխանի համար: Չէ՞ որ նա կարող էր ասել, թե այն ժամանակ դեռ փոքր է եղել: Թեև, ինչի՞ հետ ասես սատանան չի կատակում. միանգամայն հնարավոր է, որ նա հայերին կասի, թե քանի որ նա խոսում է «գասկոնական» բարբառով՝ մեր նախարարը նրան ճիշտ չի հասկացել: Միգուցե պարոն Ֆասիեին խորհուրդ տանք ուսումնասիրե՞լ Մորզեի այբուբենը: Կրկնում եմ, հարցն ավելի խոր արմատներ ունի, քան թվում է առաջին հայացքից: Ֆրանսիան ներկայացնող Բեռնար ֆասիեն, որպես միջնորդ փոխանակ փոխզիջումների կոչ անելու, ընդհակառակը, հայերին բացատրում է, թե իր կարծիքով ինչու պատերազմը ձեռնտու չէ Ադրբեջանին: Չնայած, որ առողջ դատողությունը հուշում է, որ միջնորդը նման խոսքերը պետք է ասի ադրբեջանցիներին: Իսկ հայերին պետք է բացատրի, թե նրա կարծիքով, ինչու է ձեռնտու լքել զավթված տարածքները: Այլ կերպ ասած, պարոն Ֆասիեն իր հայտարարությամբ հակասում է միջնորդի և դիվանագետի ոգուն: Թեև հենց ֆրանսիացի դիվանագետներն են հորինել «կառուցողական երկիմաստություն» տերմինը, որն իր գրական հոյակապությամբ չի զիջում իր իմաստի ցինիզմին: Հասկանում եք, առանց նախապատրաստվելու հայերը չէին կարող վերաձևակերպել Ֆասիեի խոսքերը, իսկ դա հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե պարոն Ֆասիեն նախապես նրանց հանձներ իր ելույթի բովանդակությունը: Իսկ դրան հավատալ շատ դժվար է: Սակայն ինձ համար հետաքրքիր է` ըստ Ֆասիեի՝ թարգմանիչը ելույթի ո՞ր մասն է սխալ թարգմանել: Նա ասել է, թե «ղարաբաղցիները վախկոտ և անօգնական են, իսկ ադրբեջանցիներին շատ ձեռնտու է պատերազմը», բայց թարգմանիչը ճիշտ հակառա՞կն է թարգմանել: Ինչպես ասում էր Կոնստանտին Սերգեևիչ Ստանիսլավսկին՝ «Չե'մ հավատում»: Կարելի է երկար մտածել այն մասին, թե ինչ էր ուզում, կամ չէր ուզում ասել Բեռնար Ֆասիեն: Սակայն մի բան հաստատ է՝ հակամարտության անվերջ սառեցումը ձեռնտու է կա’մ Բեռնար Ֆասիեին, կա’մ էլ Ֆրանսիային: Եթե անկեղծ լինենք, ապա, իհարկե, անկախ տարիքից` բոլորիս համար հաճելի կլիներ, եթե Բաքու ժամաներ Պատրիսիա Կասը և իր համերգն սկսեր «Սալամ, Բաքու» արտահայտությամբ: Կարծում եմ` հայերի համար էլ հաճելի կլիներ, եթե ֆրանսիացի երգչուհին Երևանում նրանց բարևեր հայերենով: Բայց սա համերգ է, շոու-բիզնես: Իսկ երբ միջնորդները, որոնց պատիվ է տրված լուծել պատերազմի ու խաղաղության, կյանքի ու մահի հարցերը, իրենց շոումենի նման են պահում, դա մեզ համար տհաճ է, իսկ նրանց կողմից՝ անպարկեշտություն»:

No comments: