Wednesday, March 31, 2010

Թուրքիան հայտնվել է կոնֆետ ուզող երեխայի կարգավիճակում. քաղաքագետ

Tert.am. 31-3-2010- Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` թուրք հասարակությունը համոզվել է, որ Հայաստանը պատրաստ է զիջումների: «Այդ զիջումների սպասումը բերեց նրան, որ Թուրքիան կոշտացրեց իր դիրքորոշումը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: Բոզոյանը կարծում է, որ Թուրքիան հույս ուներ Արձանագրությունների միջոցով փակել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: «Նրանց ժողովրդի մոտ էլ սպասում կա արդեն: Նախկինում նման սպասումներ չկային: Սա նման է նրան, որ կոնֆետը երեխային ցույց տաս, սակայն չթողնես համտեսել: Եթե կոնֆետը չես տալիս, երեխան սկսում է ուզել: Թուրքիան հայտնվել է այդ կարգավիճակում, մենք կոնֆետը ցույց տվեցինք նրան և հիմա ասում ենք` գիտես այն քեզ չենք տալու: Նրանք էլ ասում են` ոնց թե, կոնֆետը մերն է: Նրանք համարում են, որ Ցեղասպանության հարցը փակված է: Հիմա, երբ մենք արծարծում ենք այդ խնդիրը, թուրքերը ճնշման միջոց են դիտում և ջղայնանում են»,- բացատրեց քաղաքագետը: Ըստ Բոզոյանի` այս փուլում Հայաստանի համար շահեկան է, որպեսզի հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը ժամանակովորապես դե յուրե դադարեցվի: Սակայն քաղաքագետը նման տարբերակ այսօր չի տեսնում և կարծում է, որ գործընթացից դուրս գալը բավականին դժվար է, «որովհետև թիկունքում կանգնած են գերտերությունները, որոնց դա շահեկան չէ»: Ըստ Բոզոյանի` եթե հայկական կողմը միակողմանի հայտարարի գործընթացից դուրս գալու մասին, դա կարող է Արևմտյան շրջանակներում լուրջ դժգոհություն առաջացնել: ԱՄՆ-ն, Ռուսաստանը և եվրոպական երկրները, քաղաքագետի խոսքով, ակնարկում են Հայաստանին, որ գործընթացից դուրս գալու դեպքում Ղարաբաղում կարող է պատերազմ սկսվել:

No comments: