Wednesday, March 31, 2010

ԻՍԿ ԵԹԵ ԱՅՍՕՐ ԼԻՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՊԻՏԻ ԹՈՂՆԵՆՔ ԱՊԱԳԱՅԻ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ՞Ն

«ԱԶԳ», 31-03-2010- Մարտի 29-ին բրիտանական խորհրդարանի վերին` Լորդերի պալատում սկսվեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ լսումներ: «Ազգը» նախորդ համարներում տեղեկացրել էր, որ խորհրդարանի ստորին պալատը հրապարակել էր հայտարարություն, որով ճանաչում եւ դատապարտում է ցեղասպանությունը: Եվ ահա Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քոքսի նախաձեռնությամբ հայկական բանաձեւը մտավ արդեն բրիտանական խորհրդարանի վերին պալատ: Ի դեպ, բարոնուհի Քոքսը կոչով դիմել է թագուհուն` փոխելու դիրքորոշումը Ցեղասպանության վերաբերյալ: Լորդերի պալատում ներկայացված հայկական բանաձեւը բավական հետաքրքրական ձեւակերպում ունի. եթե այլ երկրների խորհրդարաններում օգտագործված է «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» նախադասությունը, ապա այստեղ ձեւակերպումը հետեւյալն է` «Իրադարձությունները Հայաստանում 1915-1917-ին»: Իսկ «այդ իրադարձությունների» քննարկումները բավական հակասական են եղել Բրիտանիայում: Մասնավորապես բանաձեւը նախաձեռնող բարունուհի Քոքսը նշել է, որ ժամանակակից Թուրքիայի իշխանությունները պետք է դադարեն խեղաթյուրել պատմությունը. «Իրական փաստերը վկայում են, որ Ցեղասպանություն իրոք եղել է: Այդ իրադարձությունները չեն մոռացվի մարդկության կողմից, քանի որ սպանվել է մի ամբողջ ժողովուրդ, այդ թվում` կանայք եւ երեխաներ: Ցեղասպանության ժխտումը բերում է անպատժելիության: Ժխտման քաղաքականությունը բերում է մշակույթի ոլորտում հայկական քաղաքակրթության ոչնչացման, այդ թվում նաեւ ԼՂՀ-ում: Ժխտման քաղաքականությունը սպառնալիքի տակ է դնում ողջ աշխարհը», նշել է Քոքսը, կարծես պատասխանելով այն գործիչների հարցին, թե ի՞նչ կապ ունեն իրենց երկրները հայերի եւ թուրքերի հարցի հետ: Քննարկումների ժամանակ նաեւ խոսվել է, որ նույնիսկ թուրք գրողներն են իրենց ստեղծագործություններում անդրադարձել Հայոց ցեղասպանությանը: «Իսկ Հրանտ Դինքի սպանությունը ապացուցում է, որ նաեւ արդի Թուրքիայում հայերը հետապնդվում են», նշել են հայկական բանաձեւին կողմ արտահայտվող լորդերը: Պառլամենտի անդամները այս առումով հիշել են նաեւ հենց Լոնդոնում վարչապետ Էրդողանի «հայտնի 100 հազարի» սպառնալիքը. «Ես կոչ եմ անում Թուրքիային` ոչ թե խոսել 100 հազար հային արտաքսելու մասին, այլ հաղթահարել 100-ամյա թշնամությունը», նշել է Քոքսը: Իսկ բանաձեւին դեմ արտահայտվողները, ինչպես անում են բոլոր երկրներում, ոչ մի փաստարկով չեն հերքել Ցեղասպանությունը (այդպիսի փաստ, պարզապես չկա - Հ. Ա.), փոխարենը` բազում հայտարարություններ թուրք-բրիտանական բարեկամության, Թուրքիայի կարեւոր դերի վերաբերյալ: «Եթե թուրքերն իրենց հույսը դնեն միայն իրենց վրա, ապա կպարտվեն, նրանք պետք է մտնեն ինչ-որ միության մեջ, որը կարող է նրանց ապահովել միայն Անգլիան: Անգլիայի համար անչափ կարեւոր է Թուրքիայի գոյությունը Ասիայում», սա ամենեւին էլ ժամանակակից բրիտանացի լորդի հայտարարություն չէ, այսպես արտահայտվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար` լորդ Սոլսբերին իր` Կոստանդնուպոլսում բրիտանական դեսպանին ուղղված նամակում` 1878-ին: Իսկ այն, ինչ հայտարարում են հայկական բանաձեւին դեմ արտահայտվող ժամանակակից լորդերը, գրեթե ոչնչով չի տարբերվում Սոլսբերիի ասածներից: Այսպես. «Բրիտանիան պետք է հիշի, որ Քեմալ Աթաթուրքը իր դաշնակիցն է եղել, եւ մենք շնորհակալ ենք նրան, որ Թուրքիան մասնակցել է Եվրոպայի ազատագրմանը: Այս պատճառով, մենք գտնում ենք, պետք է զգույշ լինենք, որպեսզի չվանենք մեր թուրք դաշնակիցներին», դեմ արտահայտվողների մեկ այլ կարծիք էլ հետեւյալն է. «Նպատակահարմար չէ մանրամասն կանգ առնել 100 տարվա վաղեմության իրադարձությունների վրա: Շատ ավելի լավ կլիներ լուծել ԼՂ-ի խնդիրը, ոչ թե քննարկել, թե ինչ է եղել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում»: Մինչեւ «Օսմանյան կայսրությունում» 100-տարվա առաջ իրադարձությունները, լավ կլիներ, որ բրիտանացի լորդերը հիշեին, որ 1878-ի Կոստանդնուպոլսի թուրք-բրիտանական կոնվեցիայի հավելյալ մասում գրված էր. «Եթե Ռուսաստանը Թուրքիային վերադարձնի Կարսը եւ այն բոլոր հողերը, որոնք նվաճվել են Հայաստանում, ապա Անգլիան կէվակուացնի Կիպրոսը», ահա այսպես` «այն բոլոր հողերը, որոնք նվաճվել են Հայաստանում»: Ինչեւէ, կրկին անդրադառնալով բրիտանական խորհրդարանի լսումներին, նշենք, որ բարունուհի Գլինիս Քինոկի կարծիքով` այո, դա մարդկության եւ հայության դեմ ուղղված հանցագործություն է: «Բայց հայերն ու թուրքերն այսօր պետք է նայեն ապագային: Նրանք հաշտության վերաբերյալ դիվանագիտական արձանագրություններ են ստորագրել: Այժմ երկու երկրների իշխանությունները պետք է միասին աշխատեն եւ վավերացնեն արձանագրությունները, որքան հնարավոր է շուտ», նշել է Քինոկը: Լորդերի պալատում հայկական բանաձեւի վերաբերյալ քննարկումները դեռ կշարունակվեն: Մի բան է մնում միայն ճշտել: Ի՞նչ կասի արդի աշխարհը, եթե այսօր որեւէ ժողովուրդ ենթարկվի ցեղասպանության, իհարկե` անմիջապես կդատապարտեն, կիրականացնեն պատժամիջոցներ, կդադարեցվեն արտասահմանյան ներդրումները տվյալ երկրում, սակայն ոչ մի դեպքում այդ հարցը չի թողնվի ապագայի պատմաբաններին: Իսկ ի՞նչ հիմնավորմամբ է Հայոց ցեղասպանությունը թողնվում պատմաբաններին, որ իրականացվել է մեկ դար առա՞ջ, որ այն իրականացրել են «բոլորի բարեկամ» Թուրքիայի նախնինե՞րը, իսկ ո՞վ է մեղադրում ժամանակակից Թուրքիային դրա մեջ, ո՞վ, բացի... հենց իրենից: Անկարան մեկ առհասարակ ժխտում է ցեղասպանության իրողությունը, մեկ էլ առաջարկում է ստեղծել պատմաբանների` այն էլ միջազգային պատմաբանների հանձնաժողով, որը իբր թե պետք է քննարկի «հայկական սուտը», զավեշտալի է դառնում թուրքական «փառապանծ դիվանագիտությունը»: Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ, պետք է դատապարտվի, մանավանդ երբ փաստերը, կոնկրետ` միայն Բրիտանիայում, առավել բազմաթիվ են: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: