
/PanARMENIAN.Net/ 24.03.2010 - Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստը նախագահում էին հանձնաժողովի համանախագահներ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին եւ ամփոփվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման երրորդ փուլի ընթացքում կատարված աշխատանքները, որը կոչված էր կանխորոշելու պաշտպանության ոլորտում ներգրավված պետական կառավարման մարմինների պլանավորման աշխատանքների հետագա ընթացքը: Հանձնաժողովի մշակած փաստաթղթերի փաթեթն ամուր հիմք է ստեղծել պաշտպանության ոլորտում երկարաժամկետ պլանավորում իրականացնելու համար: Համանախագահներն իրենց գոհունակությունը հայտնեցին նախորդ ամիսների ընթացքում հանձնաժողովի եւ նրան կից փորձագիտական խմբերի աշխատանքից:
Նիստի ընթացքում որոշվեց տվյալ փուլի ընթացքում մշակված ռազմավարական պլանավորման փաստաթղթերը սահմանված ժամկետներում ներկայացնել հաստատման:
Համանախագահները հանձնաժողովի հետագա աշխատանքները կազմակերպելու եւ պաշտպանության ռազմավարական վերանայման չորրորդ փուլը սկսելու վերաբերյալ համապատասխան ցուցումներ տվեցին, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
No comments:
Post a Comment