Wednesday, March 31, 2010

Իլհամ Ալիեվին հրավերք չի եղել. մյուսները կմասնակցեն

Panorama.am. 31-3-2010- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցեն ապրիլի 12-13-ին ԱՄՆ մայրաքաղաքա Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովին: Այս մասին տեղեկություններ տարածվել են այսօր` համապատասխանաբար հայկական և թուրքական մամուլում: Հիշեցնենք, որ նախորդ ամսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրավերք էր ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ մասնավորապես ասված էր. «Հաշվի առնելով ՀՀ ցուցաբերած նվիրվածությունը միջուկային անվտանգության և միջուկային ահաբեկչության դեմ պայքարի նպատակներին` ես ցանկանում եմ հրավիրել Ձեզ` մասնակցելու Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու 2010թ. ապրիլի 12-13-ին Վաշինգտոնի Համագումարների կենտրոնում: Գագաթնաժողովի նպատակն է խորացնել մեր ընդհանուր ըմբռնումը միջուկային ահաբեկչության սպառնալիքի և քաղաքացիական ու ռազմական նպատակով օգտագործման համար միջուկային նյութի տարածման վտանգի վերաբերյալ: Որպես միջուկային նյութի համար պատասխանատվություն կրող անձինք` մենք պետք է պարտավորվենք նվազեցնել դրա հասանելիությունը որտեղ հնարավոր է և այդ նյութի մնացորդները ապահով պահպանելու նպատակով կիրառել բարձրագույն չափանիշներ»: Ինչպես այսօր հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, նախագահ Օբամայի հրավերքը դրական արձագանք է ստացել` ՀՀ նախագահը կմեկնի Վաշինգտոն: Հասկանալի է, որ նմանօրինակ հարթակները թե պաշտոնական Վաշինգտոնը, թե մյուս ուժային կենտրոնները, հիմնականում օգատգործում են գործընկեր երկրների հետ առկա օրակարգային հարցերը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով: Այս համատեքստում ամենևին էլ պատահական չէ, որ սկզբնական շրջանում Անկարայից տեղեկությունների էին տարածվում, թե վարչապետ Էրդողանն ԱՄՆ չի մեկնելու: Հասկանալի է` Վաշինգտոնում արծարծվելու էր հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու թեման, և Էրդողանը, որի կառավարությունն ամեն կերպ փորձում է ձգձգել հարցը, արդեն պաշտոնական շփումներից խուսափելով է ուզում ժամանակ շահել: Սակայն այսօր արդեն թուրքական մամուլը տեղեկություն տարածեց, որ Էրդողանը ոչ միայն կմեկնի ԱՄՆ, այլև իր հետ կտանի Վաշինգտոնից հետ կանչված թուրք դեսպան Նամիկ Թանին: Թե՞ ինչի արդյունքում է «վերանայվել» որոշումը, կանդրադառնանք հետագայում` այցելության օրերին: Այսօր կարելի է կենտրոնանալ մեկ այլ ուշագրավ հանգամանքի վրա: Միջուկային գագաթաժողովին մասնակցելու հրավերներ Բարաք Օբաման, բացի Հայաստանից ու Թուրքիայից, բազմաթիվ այլ երկրների ղեկավարների նույնպես ուղարկել է… որոնց թվում սակայն չկա Ադրբեջանը: Հենց այս հարցն էլ ադրբեջանցիներին անհանգստանալու առիթ է տվել և երեկ Վաշինգտոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ փորձ է արվել պարզաբանում պահանջել ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Սեյնբերգից: «Ինչո՞ւ է Հայաստանի ու Վրաստանի նախագահներին ուղարկվել հրավերք, իսկ Իլհամ Ալիևին` ոչ»,- հարցրել են նրան, իսկ Ջեյմս Ստեյնբերգը, խուսափելով ուղիղ պատասխանից, ընդամենն ասել է. «Ես Իլհամ Ալիևին հնարավորություն եմ ունեցել հանդիպել մի քանի ամիս առաջ Մյունխենում: Պետքարտուղարը մի քանի անգամ խոսել է նրա հետ: Ադրբեջանը ԱՄՆ-ի համար կարևոր գործընկեր է և Կովկասում կայունության գործոն է»: ԱՄՆ փոխպետքարտուղարի այլ մեկնաբանությունների բացակայությունը վկայում է, որ Բարաք Օբաման առայժմ Ադրբեջանին չի կարևորում այնքան, որ նրա ղեկավարության հետ ուղիղ շփվելու առիթ ստեղծի:

No comments: