
Tert.am. 31-3-2010- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի ընդունումից հետո առաջին անգամ Բոսնիա-Հերցեգովինայում կհանդիպեն թուրք և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները:
Թուրքական Zaman օրաթերթի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ապրիլի 6-7-ը կմասնակցեն Սարաևոյում կայանալիք Միջազգային ներդրումային 1-ին համաժողովին, որին ներկա կլինի նաև ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստայնբերգը:
«Եթե կարողանանաք այնպես կազմակերպել այցի ծրագիրը, որ երկու կողմերին էլ հարմար լինի, չի բացառվում, որ Սարաևոյում տեղի ունենա երկխոսություն»,- հայտարարել է Ստայնբերգը:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է նաև, որ ամերիկյան վարչակազմն անհամբեր սպասում է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանի վերադարձին:
Իսկ այսօր որոշ թուրքական կայքէջեր տեղեկություն են տարածել, թե Թուրքիայի վարչապետը փոխել է իր որոշումը և ապրիլի 12-13-ը կմեկնի Վաշինգտոն` մասնակցելու Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Նշվում է նաև, որ Էրդողանի հետ Վաշինգտոն կմեկնի դեսպան Նամըք Թանը:
Այս տեղեկությանն առայժմ չի արձագանքել պաշտոնական Անկարան։
No comments:
Post a Comment