Saturday, March 20, 2010

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սիրիայի Արաբական Հանրապետության

7or.am. 20-3-02010- Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադի հրավերով մարտի 22-ից 24-ը պաշտոնական այցով այդ երկիր կմեկնի Նախագահ Սերժ Սարգսյանը' տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, սփյուռքի, մշակույթի, գյուղատնտեսության նախարարները, պաշտոնատար այլ անձինք: ՀՀ Նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի եւ Սիրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը, որին կհտեւի պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները հանդես կգան նաեւ համատեղ մամուլի ասուլիսով: Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադի և տիկին Ասմա ալ-Ասադի անունից' ի պատիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, կտրվի պաշտոնական ընթրիք: Այցի շրջանակում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ կունենա նաեւ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի եւ վարչապետի հետ: ՀՀ Նախագահը «Հայ-սիրիական հարաբերությունները» թեմայով դասախոսությամբ հանդես կգա Դամասկոսի համալսարանում: Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի քաղաքի պատմամշակութային վայրեր: Դամասկոսի օպերային թատրոնում Հայաստանի եւ Սիրիայի առաջին տիկնանց բարձր հովանու ներքո Հայաստանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը: Հայաստանի Նախագահը այցի շրջանակում կլինի նաեւ Հալեպում եւ Դեյր Զորում, հանդիպումներ կունենա տեղական իշխանությունների ղեկավարների եւ Հալեպի ու Դեյր-Զորի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

No comments: