Saturday, March 20, 2010

Թուրքիան մտադիր է հայց ներկայացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրների դեմ

/PanARMENIAN.Net/ 19.03.2010 - Թուրքիան հայց կներկայացնի 1915թ. Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը ճանաչած 20 երկրների դեմ: Նախաձեռնության հեղինակները Ժողովրդահանրապետական կուսակցության եւ «Ազգայնական շարժման» կուսակցության պատգամավորներ Դենիզ Բելուքբաշն ու Շյուքրյու Էլեքդաղն են, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը: Ինչպես գրում է թերթը, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դեմ հայցի մասին վերջնական որոշումը պետք է ընդունի Թուրքիայի կառավարությունը, որն առայժմ չի արձագանքել այդ նախաձեռնությանը: Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:

No comments: