Friday, April 23, 2010

Երևանի որոշումը Վաշինգտոնին չի զարմացրել

Tert.am 23-4-2010- ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, որով կասեցվում է հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացը։ Քրոուլին նախ բառացիորեն կրկնել է այն, ինչ ավելի Էստոնիայում հայտարարել էր ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը։ Ապա պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում ՀՀ նախագահի երեկվա հայտարարությանը, որը կատարվել է Բարաք Օբամայի ուղերձից երկու օր առաջ, ինչպես նաև այն հարցին, թե երկու օր առաջ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի միջև տեղի ունեցած հանդիպումը ինչպես կարող էր անդրադառնալ այդ հայտարարության վրա, Քրոուլին նշել է, որ այս ամենի մեջ արտաքին ազդեցություն չի տեսնում։ «Նախագահ Սարգսյանի հայտարարությունը մեզ չի զարմացրել։ Մենք ինտենսիվ հանդիպումներ ենք ունեցել հայկական և թուրքական կողմերի հետ այստեղ՝ Վաշինգտոնում։ Մենք նաև շարունակական կապ ենք պահում Ադրբեջանի հետ։ Եվ մենք հասկանում ենք, որ երկու կողմերը հասել են, չէի ասի, փակուղու, բայց մի տեսակ պատնեշի Արձանագրությունների վավերացման հարցում։ Մեզ լավատեսություն է ներշնչում այն, որ կողմերից ոչ մեկը դուրս չի եկել գործընթացից, բայց կարծում եմ՝ մենք բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ մեզ պարզապես որոշակի ժամանակ է հարկավոր գործընթացը կրկին շարունակելու համար նոր հնարավորություն ստեղծելու համար։ Կարծում եմ՝ սա այն է, ինչ հայերն ակնարկում էին, որ պատրաստվում են անել, այդ պատճառով մեզ այդ հայտարարությունը չի զարմացրել»,- մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք գործընթացը կարող է տապալվել, Քրոուլին նշել է, որ «պաշտոնական Վաշինգտոնը գոհ է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան ջանքեր են գործադրում, որպեսզի գործընթացը չտապալվի։ Սա մեզ լավատեսության որոշ առիթ է տալիս, որ ավելի երկարաժամկետ հեռանկարում մենք կարող ենք ուղիներ գտնել գործընթացին վերադառնալու և Արձանագրությունները կրկին առաջ մղելու համար»։ «Սա էր մեր մեսիջը՝ ուղղված թե՛ Հայաստանին, թե՛ Թուրքիային Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպումներում. ընթացքի մեջ պահեք գործընթացը, եթե ձեր կարծիքով՝ սա ճիշտ ժամանակը չէ, լավ, մենք հետ քայլ կկատարենք և կվերագանահատենք, թե ինչպես կարելի է առաջ շարժվել։ Ահա թե ինչու է Ֆիլիպ Գորդոնն ասել, որ որ սրանք խրախուսելի քայլեր են այն առումով, որ երկու կողմերը նվիրված են մնում հարաբերությունների բարելավման գործընթացին, քանի որ, ըստ իս, այդ ամենը, վերջիվերջո, բխում է նրանց երկուսի շահերից։ Մենք պարզապես պետք է առաջ շարժվելու ուղի գտնենք»,- մեկնաբանել է Քրոուլին։

No comments: