Thursday, April 22, 2010

Մենք այնքան ուժեղ չենք, որ զիջումների գնանք. Կարապետ Ռուբինյան

Tert.am. 22-4-2010- Այս պահին ԼՂՀ ներկայիս ստատուս քվոն փոփոխման ենթակա չէ: Այս մասին այսօր «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ Կարապետ Ռուբինյանը: Ըստ նրա` ցանկացած իրավիճակում ազգը պետք է ռեալ հաշվարկներ կատարի և դրանից բխեցնի իր գործողությունները: «Մենք այդքան ուժեղ չենք, որ զիջումների գնանք»,- նշեց նա: Ռուբինյանը հիշեց, որ «հող խաղաղության դիմաց» բանաձևն աշխարհում կիրառվել է, սակայն այդ քայլին դիմել են ուժեղ պետությունները: «Մի զիջումը բերում է այլ զիջումների: Պետք է կարողանալ դիմակայել դրան»,- ընդգծեց նա: Բանախոսի կանխատեսումներով` տարածքներ զիջելը Հայաստանին կարող է դժբախտություններ բերել: «Եթե իշխանությունների բոլոր հաշվարկները 100 տոկոսով կուռ տրամաբանության վրա կազմված լինեին, ինչին ես չեմ հավատում, նույնիսկ այդ դեպքում Սերժ Սարգսյանն իրավունք չէր ունենա զիջումներից խոսել»,- ասաց Ռուբինյանը: Նա կարծում է, որ ներկայիս իշխանությունները պետք է հրաժարական տան, ժողովրդից ներողություն խնդրեն և հիմնախնդրի լուծումը թողնեն նոր իշխանություններին:

No comments: