Friday, April 30, 2010

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ, ԲԱՅՑ ՁԱՅՆ ՉԵՆ ՀԱՆՈՒՄ` ՎԱԽԵՆԱԼՈՎ, ԹԵ «ԹԹՎԱԾԻՆԸ ԿՓԱԿԵՆ»

azg.am.30.04.2010-Եվրոպայի վերջին «դիկտատուրա» Բելառուսի հարցը ԵԽԽՎ-ում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հրավիրյալ էր Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նիստում, որտեղ էլ Եվրոպայի խորհրդին առաջարկեց զբաղվել Վրաստանում փոքրամասնությունների խնդիրներով: Լավրովն իր ելույթում նախ անդրադարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 65-ամյակին ու դրան առնչվող միջոցառումներին, ապա ընդգծեց, որ չպետք է եվրոպական քաղաքականության բոլոր սխալները բարդել Ռուսաստանի վրա: Մի շարք հարցերի կարեւորումից հետո վեհաժողովականներին հնարավորություն տրվեց հարցեր ուղղելու ՌԴ ԱԳ նախարարին: Ամենից առաջ, հասկանալի ենթատեքստով, Լավրովից փորձեցին ճշտել, թե ինչու են ռուսաստանյան զինուժի ներկայացուցիչներն այլ երկրներում գտնվում: Սրան Լավրովն արձագանքեց, որ ռուսական զորամիավորում չկա որեւէ անկախ երկրի տարածքում, որի հետ այդ առնչությամբ չկան համապատասխան համաձայնագրեր: Պատասխանելով Իրանի առնչությամբ ՌԴ-ի քաղաքականությանն առնչվող հարցերին` Լավրովը վերահաստատեց ՌԴ-ի արդեն իսկ բարձրաձայնած դիրքորոշումը, որ պատժամիջոցները երբեմն անխուսափելի են, անգամ հաշվի առնելով, որ Ռուսաստանը չի ընդունում դրանց արդյունավետությունը: ՌԴ ԱԳ նախարարը երեկ ափսոսանք հայտնեց, որ Իրանն ըստ արժանվույն չի արձագանքում այն առաջարկություններին, որ նպատակ ունեն նպաստելու Իրան-ՄԱԳԱՏԷ երկխոսությանը: «Պատժամիջոցները երբեմն անխուսափելի են լինում: Մենք չենք հավատում դրանց արդյունավետությանը, բայց համագոծակցության բացակայության դեպքում հնարավոր է, որ պատժամիջոցները դառնան իրականություն, հիմնական նպատակով, որ դրդեն Իրանին լուծելու նրա միջուկային ծրագրով ստեղծվող խնդիրները», ասաց Սերգեյ Լավրովը: Ինչ վերաբերում է Ռուսաստան-Վրաստան հարաբերություններին, ապա Լավրովը նշեց, թե երկու երկրների երկխոսությունը չի դադարեցվել, եւ կարեւոր է, որ Վրաստանի հետ երկխոսությունը չվերածվի հարցերի լուծման այնպիսի մի հարթակում, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է: ԵԽԽՎ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի հետեւանքներին վերաբերող բանաձեւերի մեջ ընդգրկված որոշ պահանջների, մասնավորապես, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման ռուսաստանյան որոշումը հետ կանչելու, առումով Լավրովը բարձրաձայնեց. «Կարիք չկա, որ նման հարցեր բարձրացվեն, երբ իրականությունն այն է. պետք չէ այս հարգարժան կառույցով անցկացնել նախաձեռնություններ, որ բացարձակապես անհեռանկար են»: ԵԽԽՎ-ում Վրաստանի պատվիրակության անդամ Գեորգի Գաբաշվիլու հարցին, թե ինչու է Ռուսաստանը որոշ երկրների պարագայում «գնում» Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը, Սերգեյ Լավրովը շատ երկար պատասխանեց` ներկայացնելով շատ հետաքրքրական մանրամասներ: Շեշտադրելով, որ ճանաչում Ռուսաստանը չի գնում, Լավրովն ընդարձակ ներկայացրեց, թե ինչպես է Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումից հետո Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ՌԴ նախագահին խնդրել «համագործակցել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ ինչքան ուզում են, միայն հանրորեն դուրս չգալ Աբխազիայի դեմ տնտեսական սանկցիաներից»: Ըստ Լավրովի, դեռեւս 2008 հուլիսի սկզբին Պետերբուրգում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Վրաստանի նախագահին է առաջարկել ստորագրել ուժի չկիրառման համաձայնագիր, որին արդեն Վրաստանից նամակով ուղարկված պատասխանը բովանդակել է Ռուսաստանին ուղղված պահանջների թվարկում: Այնուհետեւ, ըստ Լավրովի, Վրաստանը, չընդառաջելով Ռուսաստանի մի քանի համագործակցային փորձերին, հարձակվեց Հարավային Օսիայի վրա; «Այդուհետեւ էլ երկխոսություն հաստատելու փորձերը արդյունք չտվեցին, հասկանալի էր, որ Սաակաշվիլու գլխից պատերազմը դուրս չի գալիս, Վրաստանի նախագահի մեջ գենետիկորեն առկա իմպերիալիստական քամահրանք կա փոքր ազգերի նկատմամբ, որ ապրում են իր երկրի տարածքում», ձեւակերպեց Լավրովը, ընդգծելով, որ Եվրոպայի խորհուրդը պետք է հիմա էլ ուշադրություն դարձնի Վրաստանում փոքրամասնությունների խնդիրներին, որոնք հսկայական են: Պարզապես փոքրամասնությունների ներկայացուցիչները չեն խոսում իրենց խնդիրներից, քանի որ, ինչպես Լավրովը մեջբերեց ժողովրդական խոսքը, «կարող են թթվածինը փակել»: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում երեկ կրկին խոսում էին երկակի ստանդարտներից, ավելի շուտ` երկակի իրականություններից, տարբեր մեկնաբանություններից նույն երեւույթների մասին, որոնց անդրադառնում կամ չեն անդրադառնում խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները եւ նրանց հյուրերը: Բելառուսը ԵԽԽՎ-ում հաճախ է դառնում քննարկման առարկա, քանի որ այդ երկրի հետ կարծես լեզու գտնել չի կարողանում ոչ ոք, ուր մնաց այնպիսի մի հավաքական մարմին, ինչպիսին վեհաժողովն է: Երեկ քննարկումների օրակարգում վեհաժողովականները մտահոգություններ ու հույսեր հայտնեցին ԵԽ-ում Բելառուսի անդամակցությունը լիարժեք տեսնելու առնչությամբ: Ելույթ ունեցողներից, օրինակ, Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Մարկովը մի քանի քննադատական խոսք Բելառուսի հասցեին հնչեցնելուց հետո, թերեւս «չափը չանցնելու» համար, սկսեց եվրոպական մոտեցումների երկակիությունից խոսել: Մասնավորապես, Բելառուսի պարագայում մեծագույն քննադատության է արժանանում այդ երկրում մահապատժի կիրառումը չբացառելը, մինչդեռ, ըստ Մարկովի, մահապատիժը վերացված չէ նաեւ ԱՄՆ-ի որոշ նահանգներում, սակայն դա հիմք չի դառնում ԱՄՆ նախագահին այստեղ-այնտեղ այցելության պարագայում խոչընդոտներ հարուցելու համար: Եվրոպայի խորհրդի խորհրդարանականները Բելառուսի պարագայում խիստ բացասական են վերաբերվում նաեւ այդ երկրում լեհական փոքրամասնության իրավունքների խնդիրների առումով, սակայն, ըստ Մարկովի, մասնավորապես ռուսական փոքրամասնության իրավունքների ոտնահարումը մերձբալթյան երկրներում քննարկման առարկա չի դառնում: Ինչեւէ, բելառուսական ընդդիմությունը կտրուկ էր իր քննադատության դրսեւորման մեջ, որ, մասնավորապես, Անատոլի Լեբեդկոն կոչ արեց, որ Եվրոպայի խորհուրդը ձեռք չմեկնի «Եվրոպայի վերջին դիկտատորին»:

No comments: