Aysor.am. 09.04.2010- Ցեղասպանություն վերապրած երևանաբնակ միակ կինն այսօր 103 տարեկան է, Մարի Վարդանյանն ընդամենը 4 տարեկան աղջնակ էր, երբ իր աչքի առաջ դաժանաբար սպանեցին մորն ու հորը:
Ցեղասպանության մասին նյութերի հավաքմանը մեծ նպաստ բերելու համար ՀՀ նախագահի մրցանակի արժանացած, ժողովրդագետ Վերժինե Սվազլյանն այս պատմության կողքին միշտ հիշում է նաև Ցեղասպանությունը վերապրած առաջին մարդուն, ում կյանքի փաստագրությունը Սվազլյանը գրել է 1972-ին:
«Նյութերը, որպեսզի ավելի հավաստի լինեն, նոթագրված են, քանի որ առաջին անգամն են հայտնաբերվել, ամեն ականատեսի պատմած նյութի մասին տեղեկատվություն է դրվում` ֆիլմ, ձայնագրություն, գրի առնելու վայրը, տեղը, ժամանակը: Սրանք միմյանց լրացնում և ամբողջացնում են, հաստատում իրողությունները»,- ասաց ժողովրդագետը:
Նա նշեց, որ նույնիսկ իրար կորցրած գերդաստանի անդամները հուշագրությունները կարդալուց իրար գտել են:
Միայն մի քանի տողով Ցեղասպանության իրողության ականատեսներին հիշելուց հետո, Սվազլյանը հավելում է, որ այսօր` Ցեղասպանությունից տարիներ անց, Թուրքիան պարզապես պարտավոր է ճանաչել Ցեղասպանությունն ու փոխհատուցել հայ ժողովրդին:
«Հայ ժողովուրդը, որ կորցրել է իր տարածքների 9/10-րդը, կորցրել է հազարավոր հուշարձաններ: Մենք պահանջելու շատ բան ունենք, Թուրքիան ոչ միայն պետք է ճանաչի, այլև քննադատի իր կատարածը»,- հայտարարեց Սվազլյանը:
Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը գտնում է, որ պահանջատիրության և ինչ ակնկալելու ձևակերպման վերջնական խնդիրը կա, քանի որ, ըստ նրա, ամեն հայ գիտե, թե մենք ինչ ենք կորցրել, բայց պետական մասշտաբով հստակեցման կարիք, ամեն դեպքում, կա:
«Մինչ այդ, մեր գլխավոր նպատակն է Ցեղասպանության համաշխարհային ճանաչումը, իսկ դա կբերի Ցեղասպանության ճանաչման Թուրքիայի կողմից, որն էլ իր հերթին կբերի փոխհատուցման»,- հավելեց Հովհաննիսյանը:
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment