«Լրագիր» 9-4-2010- Ուղիղ երկու տարի է, ինչ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Սերժ Սարգսյանը: 2008 թվականի ապրիլի 9-ին Ռոբերտ Քոչարյանը նախագահի նստավայրում իր տեղը զիջեց Սերժ Սարգսյանին: Ինչ է փոխվել երկրում դրանից հետո: Այդ հարցը բնականաբար հնչում է բոլոր երկրներում եւ բոլոր նախագահների պարագայում, քանի որ նորը միշտ էլ համեմատվում է հնի հետ, իսկ եթե ժամանակը շատ է անցնում, ապա արդեն սկսում են համեմատվել նորի տարիները իրար հետ: Երկու տարին շատ չէ, որ Սերժ Սարգսյանն ինքն իր հետ համեմատվի, եւ նրան դեռ շարունակում են համեմատել Քոչարյանի հետ:
Ու այդ առումով հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ տարեդարձի նախօրեին մի հայտարարություն տարածեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը վերաբերում էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ապրիլի 6-ի հանրահավաքային ելույթին: Երկրորդ նախագահի այդ հայտարարության ոճն ու բովանդակությանը, կամա, թե ակամա, ընդգծում են երկրորդի համեմատ երրորդ նախագահի առավելությունը: Բանն այն է, որ երկու տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը գոնե այդ ոճի հայտարարություններ չի անում: Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանն այսպես ասած իր “ոճի” մեջ է շարունակում մնալ:
Բայց այդ “ոճական” տարբերությունը թերեւս Սերժ Սարգսյանի միակ առավելությունն է Ռոբերտ Քոչարյանի համեմատ: Մնացյալ առումներով նրանք կարծես թե օրգանական շարունակություն են: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանի նախագահության երկու տարվա ընթացքում Հայաստանում տեղի չի ունեցել կառավարման ոճի համակարգային փոփոխություն: Իսկ եթե երկրում տեղի չի ունենում այդ համակարգային փոփոխությունը, ապա ինչքան էլ որոշակի շեշտադրումներ եւ ստիլիստիկ բարեհամբույր նորարարություններ լինեն, միեւնույն է, դրանք ի զորու չեն պետությունն արդիականացնել եւ դարձնել մրցունակ, դարձնել գրավիչ` ընդ որում առաջին հերթին գրավիչ դարձնել սեփական քաղաքացիների համար:
2008 թվականի ապրիլի 9-ից մինչ այժմ Սերժ Սարգսյանին չի հաջողվել Հայաստանը հայաստանցիների համար դարձնել ավելի գրավիչ պետություն, ստեղծել առավել տանելի եւ հոգեհարազատ միջավայր: Քանի դեռ չի փոխվել իշխանական, այսպես ասած վերնախավի միջավայրը, քանի դեռ այնտեղ չեն ներդրվել որակական նոր “չափորոշիչներ”, անհնար է պատկերացնել, որ երկրում կարող է միջավայրի որակ փոխվել: Երկու տարին գուցե բավական չէր այդ ամենի համար, բայց երեւի թե երկու տարին բավական մեծ ժամանակ էր այդ ամենի անկեղծ ցանկության առկայությունը հավաստելու համար:
Բայց այդ ամենի փոխարեն ընտրվեց արտաքին էֆեկտների վրա շեշտադրում անելու ճանապարհը, երբ երկրի ներսում չունենալով հասարակությանը ներկայացնելու որեւէ էական ձեռքբերում, իշխանությունը սկսեց փչել իր “աշխարհաքաղաքական” հաջողությունների փուչիկը, ենթադրելով, թե հասարակությունը պետք է երեխայի նման ուրախանար այդ փուչիկի տեսքից: Բայց իրականում, կարծես թե ստացվել է ընդամենը այնպես, որ Հայաստանն այդպիսի փուչիկով դուրս է եկել համատարած ասեղների մի միջավայր, որտեղ որ կողմն էլ դիպչես, փուչիկը պայթելու է: Այդ վիճակը կարծես թե բնորոշ է Սերժ Սարգսյանի երկամյա նախագահությանն ընդհանրապես:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment