«ԱԶԳ», 10-04-2010 - Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալիստական միությունը կոչ է անում Թուրքիային վերանայել 20-րդ դարասկզբին հայերի դեմ իրագործված եղեռնը (բնագրումՙ Massaker- Ան. Հ.):
«Թուրքիան վերջապես պիտի անկեղծ եւ հրապարակավ հանդես գա այս խնդրով», «Մյունշեներ Մերկուր»-ին իր պահանջն այսպես է ձեւակերպել ՔՍՄ-ի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Դոբրինդտը Մյունխենում: Այն, որ Թուրքիայում ցայսօր հայերի հանդեպ իրագործված ոճրագործության վերաբերյալ ազատ բանավեճի հնարավորություն չկա, վկայում է այնտեղ կարծիքի ազատության վիճակի մասին, ծանուցում է գերմանական լրատուն:
«2005-ին Բունդեսթագի բանաձեւով հորդորել էինք անվերապահ վերանայել հայոց կոտորածները, բայց Թուրքիան մեր կոչը անուշադրության մատնեց, ասել է ՔՍՄ-ի գլխավոր քարտուղարը: Մի կողմից այդ երկիրն ուզում է ԵՄ մտնել, մյուս կողմիցՙ հայերի կազմակերպված տեղահանումն ու բնաջնջումը լիովին չի խոստովանում: Պատմության մռայլ էջերի վերանայումը եվրոպական արժեքային մշակույթի պայման է: Թուրքիան շատ հեռու է դրանից», ասել է Ալեքսանդր Դոբրինդտը:
1915-17-ին 1,5 միլիոն հայեր թուրքական զինուժի կողմից կոտորվեցին եւ մահվան աքսորի ճանապարհին սպանվեցին: Օսմանյան կայսրության ծնունդ Թուրքիան բոլոր միջոցներով ուզում էր խափանել հայերի անկախության ձգտումները: Անկարան մինչեւ օրս էլ հրաժարվում է անցյալի այս հատվածը վերանայել:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment