Aysor.am. 09.04.2010- Հայոց ցեղասպանության մասին մինչ օրս չհրապարակված նյութեր և լուսանկարներ այսօր ցուցադրվեցին լրագրողների համար, մեկ շաբաթից արխիվային նյութերին կարող են ծանոթանալ նաև հասարակության լայն շերտերը: ՀՀ Ազգային արխիվում կցուցադրվեն Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր, «Վշտապատում» եռահատորն ու բազմաթիվ լուսանկարներ, որոնք լույս կսփռեն Ցեղասպանության հիմնախնդրի վրա:
«Նոր սերունդները նման փաստաթղթերի միջոցով են ավելի համապարփակ տեղեկանում իրողություններին, դրանք ավելի են ճշգրտում կորուստները, ավելի նյութական են դարձնում կորուստներն ու տեղի ունեցածը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ փաստաթղթերի կարևոր մի խումբ էլ կազմվում է հատուկ տեղեկագրերի միջոցով, որոնք 1918-19 թթ.-ին կազմել է Հովհաննես Թումանյանի գլխավորությամբ գործող «Թիվ 50» հանձնաժողովը: Այնտեղ, Հովհաննիսյանի ներկայացմամբ, շուրջ 700 տեղեկանք կա ընտանիքի անդամների թվի, նյութական հարստության մասին, անգամ կաթսաներն են նշված, որպեսզի հետագայում փոխհատուցվի:
«Հուշերի պարագայում եղել են դեպքեր, երբ նույն գյուղից մարդիկ գրեթե նույն պատմություններն են պատմում»,- նկատեց Է. Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարություններին, թե Հայաստանն արխիվները փակ է պահում, ապա կոչերին, թե միասին բացենք դրանք, Էդգար Հովհաննիսյանը պատասխանեց, որ արխիվը բաց է բոլոր քաղաքացիների համար:
«Դրա պարզ օրինակն այն է, որ թուրք երկու պատմաբաններ մեկական ամսով հետազոտություններ են կատարել Ազգային արխիվում, և նրանց տրամադրվել են բոլոր այն նյութերը, որոնք իրենք են ցանկացել»,- հավելեց Հովհաննիսյանը:
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment