Saturday, April 10, 2010

ՎԱՇԻՆԳՏՈՆ. ՍԵՂԱՆԻՆ ԿԴՐՎԻ ՓԱԹԵԹ

«Լրագիր» 9-4-2010- Վաշինգտոնում սպասվող հանդիպմանը Սերժ Սարգսյանին առաջադրելու են հայ-թուրքական եւ Ղարաբաղի հակամարտության գործընթացների փաթեթային լուծում: Այդ կարծիքին է Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: “Ես չգիտեմ այս անգամ ինչ կգա կասի մեզ Սերժ Սարգսյանը, այսինքն ինչ կփորձի անել, որովհետեւ ես տեսնում եմ միայն մի բան` եթե համաձայնվեց, պիտի էլի ինչ որ ձեւով ներկայացնեն: Այսինքն,մենք կարգավիճակի խնդիր լուծեցինք, սա արեցինք, եւ այլն, ինչ որ մի բան ցույց տալու համար”, ասում է Արամ Կարապետյանը: Նա կրկին հիշեցրել է, որ դեռեւս ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի նախաձեռնած կուսակցական հավաքի ժամանակ նրան ասել է. “Վերջիվերջո այս ամեն ինչը վերջանալու է Դեյտոնով, եւ Ձեզ էլ տանելու են Հաագա: Նա այն ժամանակ ծիծաղեց: Հիմա կամաց-կամաց Դեյտոնին մոտենում ենք, Հաագան էլ չգիտեմ”: Լրագրողները Արամ Կարապետյանի այդ կեսկատակ ակնարկին արձագանքել են` հիշեցնելով Սերժ Սարգսյանի օրեր տեղի ունեցած հանդիպումը Հաագայի դատարանի գլխավոր դատախազի հետ: “Հա, այսինքն հանդիպեցին դատախազի հետ: Ասում են ցեղասպանության, միգուցե, Աստված ոչ անի, իհարկե, ես չէի ցանկանա, բայց որ ասում է եկավ միգուցե հետագա անելիքները դատախազն էլ հասկանա, Աստված ոչ անի, իհարկե”, ծիծաղելով ասում է Արամ Կարապետյանը: Վերադառնալով իրավիճակի լուրջ քննարկմանը, նա ասում է, որ Հայաստանի իշխանությունը սխալ գործընթացի մեջ է: “Ամեն ինչ ագիտացիայի, պրոպագանդայի վրա է դրված: Դա երեւի գալիս է նրանից, որ Սերժ Սարգսյանը ժամանակին նմանատիպ պաշտոն է ունեցել Լեռնային Ղարաբաղում: Ինչ ասում ես, միշտ ասում են, որ ամեն ինչ լավ կլինի, բնականոն ընթացքի մեջ է: Ես կցանկանայի, որ իրենք մոտավորապես 2006 թվականից Բակիեւի շրջապատի ելույթները կարդային եւ եթե տեսնեին մի տարբերություն, թե կա Բակիեւի եւ իրենց ասածի մեջ: Նույն բանն են ասում: Այսինքն, ենթադրենք, եղբայրը չէ (Բակիեւի), ասում է նույն բանը, ինչ որ Գալուստ Սահակյանն է այստեղ ասում: Այսինքն որ դնում ես, որ անունը չփոխես, հստակ կիմանաս, որ Գալուստ Սահակյանն է ասողը: Այսինքն շատ հետաքրքիր է դա: Ես կարծում եմ, ագիտացիայով եւ պրոպագանդայով դժվար հարց լուծվի այս անգամ”, ասում է Արամ Կարապետյանը: Նրա խոսքով, փակուղուց կա երկու ելք: “Կամ պետք է համաձայնվենք եւ դա շատ լուրջ խժդժություններ կմտցնի Հայաստանի ներքին կյանքում, կամ չենք համաձայնվելու, եւ դա մեծացնելու է պատերազմի հավանականությունը”, ասում է Արամ Կարապետյանը: Ընդ որում, նա նկատի ունի թատերականացված պատերազմ, ասելով, թե այլ պատերազմ Ռուսաստանը թույլ չի տա, քանի որ դա կլինի ՆԱՏՕ-ի մուտք Հայաստան, եւ ոչ միայն Հայաստան: Իսկ կա արդյոք երրորդ տարբերակ, այսինքն ժամանակը առնվազն մինչեւ հերթական ընտրություն ձգելու եւ արտաքին ու ներքին ստատուս-քվոն պահելու: Այդ հարցին Արամ Կարապետյանը պատասխանել է, թե դրա հավանականությունը 10 տոկոս է: “Հնարավոր է էլի ձգեն, որեւէ քայլ չանելով, ինչպես Ռոբերտ Քոչարյանին էր հաջողվում: Այն ժամանակ ոչ Պարսկաստանի խնդիրն էր այդքան հստակ կանգնած, ոչ Մերձավոր Արեւելքում գնացող պրոցեսներն էին կանգնած, եւ ամենակարեւորը, կուզենայի, որ ձեզ հետ ուշադրություն դարձնենք այս խնդրին` սոցիալ-տնտեսական խնդիրները եւ համաշխարհային ճգնաժամն այսպիսի իրավիճակ չէր ստեղծել աշխարհում: Դրա համար հիմա ես կարծում եմ ժամանակ չկա: Հնարավո՞ր է ալոգիկ գործողություններ: Հնարավոր է, բայց 10 տոկոս: Իմ կարծիքով, եթե Հայաստանի իշխանություններն ուզենան ժամանակ ձգել, ուրեմն ռեալ ինչ որ փոփոխությունների պետք է գնան: Դա արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են լինել: Երբ նայում ես, տրամաբանության սահմաններում դա կարող է դառնալ ինչ որ ժամանակ շահելու ընթացք”, ասում է Արամ Կարապետյանը:

No comments: