Panorama.am. 8-4-2010- Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի Սիվրիհիսար շրջանում գտնվող 1881 թվականին կառուցված և Անատոլիայի ամենամեծ հայկական եկեղեցիներից մեկը համարվող Սուրբ Երրորդություն եկեղեցին վերանորոգվելու է: Այս մասին, ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի, հայտնել է Սիվրիհիսարի ՏԻՄ ղեկավար Ֆիքրեթ Արսլանը.
«Մենք տեր ենք կանգնելու մեր անցյալին: Այդ նպատակով վերականգնելու ենք այստեղ գտնվող հայակական եկեղեցին և հայկական բաղնիքը»:
Նշվում է, որ այդ եկեղեցին երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ: Արսլանը նաև տեղեկացրել է, որ թեև եկեղեցին գտնվում է ոչ բարվոք վիճակում, այդուամենայնիվ, զբոսաշրջիկ-այցելուների թիվը գնալով մեծանում է:
«Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը նպատակահարմար է գտել վերականգնել այդ եկեղեցին և այն վերածել նախարարության մշակույթի տան, որտեղ կլինեն ցուցահանդեսների ու համերգների համար նախատեսված սրահներ: Բարեկարգվելու են նաև եկեղեցի տանող ճանապարհները»,- հայտարարել է թուրք պաշտոնյան:
Եկեղեցու վերականգնման համար անհրաժեշտ գումարն արդեն հատկացվել է: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի Մշակույթի նախարարության ներկայացուցիչը` հավելելով. «Վերականգնումից հետո եկեղեցին կգործի որպես մշակույթի կենտրոն և կնպաստի վերջին տարիներին վերակենդանացած տուրիզմի զարգացմանը»:
Thursday, April 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment