Thursday, April 8, 2010

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇԱՏ ՀԵՌԱՏԵՍ Է

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանի հետ -Վերջերս Ռոբերտ Քոչարյանը քննադատել էր կառավարության տնտեսական քաղաքականությունը: Ձեր կարծիքով, արդյոք այսպես Քոչարյանը չի փորձում վերադառնալ ակտիվ քաղաքականություն: -Չեմ կարծում, որ այս պահին պարոն Քոչարյանը կվերադառնա քաղաքականություն, եւ նրա հայտարարությունները վերաբերում էին ակտիվ քաղաքականություն վերադարձին: Պարոն Քոչարյանի հայտարարությունների մասին ես սուբյեկտիվ կարծիք ունեմ. եթե նա այդ հայտարարություններն արել է որպես թիմի անդամ, ապա դա ինձ համար ընդունելի է: -Այսինքն, Քոչարյանի քննադատությանը լուրջ չե՞ք վերաբերվում, թե ընդունում եք նրա քննադատությունները, համաձայն եք նրա հետ: -Ես չեմ կարծում, որ այդտեղ մեծ քննադատություն կար, ուղղակի եթե պարոն Քոչարյանը որպես թիմի անդամ արել է իր քննադատությունը, դա նորմալ է: -Տեսակետ կա, որ առաջիկայում ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն Քոչարյանի ցուցումով կփորձեն բարձրացնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: -Հանրապետականը այսօր քաղաքական մեծամասնություն է, եւ իր կոալիցիոն գործընկերների հանդեպ, համենայն դեպս, չի խախտում բոլոր այն կանոնները, որ որդեգրել է կոալիցիան: Եվ ես չեմ կարծում, որ նման վերաբերմունք կցուցաբերի նաեւ կոալիցիայի որեւէ այլ ուժ: -Այնուամենայնիվ, եթե Քոչարյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն, ՀՀԿ-ն այդ փաստն ինչպե՞ս կընդունի: -Շատ նորմալ: Եթե կվերադառնա, թող վերադառնա: ՀՀԿ-ն այսօր բացարձակ մեծամասնություն է եւ ՀՀԿ-ն կարող է ինքն իր քայլերն իրականացնել ի շահ մեր պետության բարգավաճման: -Լուրջ չե՞ք վերաբերվում տեսակետին, որ Քոչարյանը փորձի ներպալատական հեղաշրջում իրականացնի, դեմ դուրս գա Սերժ Սարգսյանին: -Ոչ: Իսկ ինչո՞ւ պետք է այդպիսի բան անի: -Շատերի կարծիքով, Քոչարյանը տագնապած է, որ Սերժ Սարգսյանը չի կարող դիմագրավել մարտահրավերներին, պահել իշխանությունը, ուստի ինքն է փորձում իր ձեռքը վերցնել իշխանությունը: -Սերժ Սարգսյանը շատ հեռատես քաղաքական գործիչ է եւ իր թիմով կարողացել է նախաձեռնողական քաղաքականություն վարել: Ես կարծում եմ` մենք շատ կարճ ժամանակում ապացուցելու ենք հանրությանը, որ ի վիճակի ենք մեր հետագա անելիքներն արդարացնել: -Ձեր կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կա՞ն արդյոք հակասություններ: -Ոչ, չեմ կարծում, որ նման բան լինի: -ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ պարբերաբար տեղի ունեցող վեճերն ինչպե՞ս կմեկնաբանեք: -Ցանկացած դեպքում մեկը մյուսին կարող է քննադատել: Բայց ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի գործիչները միմյանց հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են եւ չեմ կարծում, որ այսօր նման խնդիր կա: -Այսինքն` այդ վեճերն ընդամենը շոունե՞ր են: -Չեմ կարծում, որ շոուներ են, պարզապես` մարդիկ իրենց մտքերն են արտահայտում: Եվ դա հակասությունների արդյունքում չէ: Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ «Լրագիր» 8-4.2010

No comments: