Saturday, April 10, 2010

ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՎՐԱ ԻՐ ԿՆԻՔՆ Է ԹՈՂՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Իսկ գագաթաժողովը մնալու է Սարգսյան-Էրդողան հանդիպման ստվերում «ԱԶԳ», 10-04-2010 - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հատուկ ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն Երեւան էր գործուղվել ապրիլի 7-ին, հանդիպելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երեկ նա արդեն Բաքվում էր, որ նրա երեւանյան հանդիպումների մասին պարզաբանումներ ստանան Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը: Ինչ վերաբերում է թուրքական լրատվամիջոցներին, ապա դրանք Սինիրլիօղլուի փոխարեն նրա հանդիպումների, ինչպես նաեւ վարչապետ Էրդողանի նախագահ Սարգսյանին հասցեագրած նամակի մասին պարզաբանումներ ստացել են Թուրքիայի արտգործնախարարից, արտգործնախարարության խոսնակից, ինչպես նաեւՙ թուրքական դիվանագիտական աղբյուրներից: Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Էրդողանի հատուկ ներկայացուցչի այցը գնահատելիս, լրագրողներին ասել է, որ Վաշինգտոնում նախատեսվող Սարգսյան-Էրդողան հանդիպման նախօրյակին Սինիրլիօղլուն Երեւանին փոխանցեց Թուրքիայի տեսակետները, իրականացնելով «շատ դրական եւ կառուցողական» հանդիպումներ: Արտգործնախարարության խոսնակ Բուրաք Օզուգերգինը հայտարարել է, որ Սինիրլիօղլուի երեւանյան հանդիպումներում կողմերը փոխադարձաբար հաստատել են իրենց հավատարմությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացին, իսկ դիվանագիտական աղբյուրները նամակի առնչությամբ տվել են հետեւյալ պարզաբանումը. «Այս նամակով վարչապետ Էրդողանը նախագահ Սարգսյանին հայտնեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Թուրքիայի համար ոչ թե գործընթաց է, այլ նպատակակետ: Դրա առջեւ ծառացած խոչընդոտները հաղթահարելու համար Թուրքիան բուռն եւ դրական էներգիա է ծախսում: Թուրքիան նպատակ ունի վարել ոչ թե իրավիճակը փրկելու քաղաքականություն, այլՙ առաջացման դեպքում հաղթահարել խնդիրները երկկողմ հարաբերություններում: Այս նպատակամղվածությանն են ուղղված մեր բոլոր ջանքերը: Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման առումով Թուրքիան մշտապես քաղաքական կամք է դրսեւորել: Եթե նույն կամքը դրսեւորի նաեւ Երեւանը, ապա, համոզված ենք, հաջողության կհասնենք»: Եթե ամփոփենք Սինիրլիօղլուի այցի մասին վերոհիշյալ հայտարարություններն ու Էրդողանի նամակի պարզաբանումները, ապա ակնհայտ կդառնա, որ Անկարան ապրիլի 24-ի նախօրյակին այդ այցով «հայ-թուրքական արձանագրություններին հավատարիմ եւ նորմալացման գործընթացի զարգացմանը հետամուտ լինելու» ազդանշաններ է հաղորդել Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմամբ շահագրգիռ միջազգային ուժերին: Միաժամանակ հայտարարվել է, որ Սինիրլիօղլուի այցի արդյունքում կողմերը որոշեցին ապրիլի 12-13-ին Վաշինգտոնում հրավիրվող միջուկային անվտանգության գագաթաժողովում իրականացնել Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպում: Իրականում խոսքը ոչ թե հանդիպման իրականացման, այլ դրա կազմակերպումից անմասն չմնալու մասին է, որովհետեւ գագաթաժողովին վարչապետ Էրդողանը հրավիրվել էր ամիսներ առաջ, իսկ նախագահ Սարգսյանըՙ մարտի կեսերին: Եթե խնդիրը գագաթաժողովին Հայաստանի մասնակցությունը լիներ, ապա Վաշինգտոնը նախագահ Սարգսյանին կհրավիրեր վարչապետ Էրդողանի հետ միաժամանակ: Այլ կերպ, ՀՀ նախագահի հետ Թուրքիայի վարչապետի հանդիպումը կանխորոշված էր, իսկ դրաՙ Վաշինգտոնի նախաձեռնությամբ իրականացման հանգամանքը սահմանափակում էր հանդիպումից խուսափելու Անկարայի հնարավորությունը: Ստեղծված իրավիճակում Անկարան հանդիպման առնչությամբ Վաշինգտոնին հակադրվելու փոխարեն որոշեց Երեւան գործուղել վարչապետ Էրդողանի հատուկ ներկայացուցչին, ցույց տալու համար միջազգային հանրությանը, թե Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը շարունակվում է շնորհիվ Թուրքիայի բարի կամքի, նույնիսկ լուրջ զարգացումներ են տեղի ունենում: Միաժամանակ փորձ արվեց ստուգելուՙ կվավերացվե՞ն հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ Ազգային ժողովում նախքան Սարգսյան-Էրդողան հանդիպումը: Թերեւս այդ առումով պատահական չէր, որ թուրքական քաղաքական շրջանակները վավերացման համար արձանագրությունների ներկայացումը ՀՀ Ազգային ժողով գնահատեցին վաշինգտոնյան հանդիպման նախօրյակին Անկարային ճնշման ենթարկելու հայկական դրսեւորումը: Իսկ դրա առնչությամբ «Թարաֆ» թերթն ապրիլի 8-ի համարում գրեց. «Արձանագրությունները խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու որոշմամբ, Հայաստանը ծանր կացության մեջ դրեց Թուրքիային, որովհետեւ Սարգսյանը կարող է ԱՄՆ-ում (Վաշինգտոնում Օբամայի եւ Էրդողանի հետ) նախատեսվող եռակողմ հանդիպմանը ներկայանալ վավերացված արձանագրություններով: Իսկ դրանք խորհրդարանում վավերացնելու անկարողությունն ապրիլի 24-ի նախօրյակին կապում է Թուրքայի ձեռուոտը»: Համենայն դեպս, ապրիլի 11-ին Թուրքիայի վարչապետը կլինի Վաշինգտոնում, որտեղ երկկողմ հանդիպում կունենա Բարաք Օբամայի հետ: ԱՄՆ նախագահը կհանդիպի նաեւ ՀՀ նախագահին, որից հետո, ինչպես թուրքական մամուլն է վկայում, նա կնախաձեռնի Սարգսյան-Էրդողան հանդիպումը: Թուրքական «Թարաֆ» եւ «Սթար» թերթերի ենթադրությամբ, ՀՀ նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպմանն արձանագրությունների վավերացման հորդորներով կմասնակցի նաեւ Բարաք Օբաման: Այսպիսով, հանդիպումը կվերածվի եռակողի: Սարգսյան-Էրդողան վաշինգտոնյան հանդիպումը կարեւոր է Օբամայի ապրիլի 24-ի ուղերձի բովանդակության, իսկ ուղերձըՙ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացի նկատմամբ Անկարայի հետագա դիրքորոշման առումով: Ինչ էլ որ լինի, Վաշինգտոնում հրավիրվող միջուկային անվտանգության գագաթաժողովի վրա իր կնիքն է թողնելու Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացը, եւ գագաթաժողովը մնալու է Սարգսյան-Էրդողան հանդիպման ստվերում: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: