Saturday, April 10, 2010

Հայաստանի ազգային արխիվը բաց է բոլոր ցանկացողների համար

Tert.am. 9-4-2010- «Ազգային արխիվը բաց է բոլոր ցանկացողների, ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիների համար»,- այսօրվա ասուլիսին ասաց արխիվի տնօրենի տեղակալ Էդգար Հովհաննիսյանը՝ հերքելով թուրքական կողմի հայտարարությունները, թե իբր հայկական արխիվը հասանելի չէ փաստաթղթերի հետ ծանոթանալու համար։ Հովհաննիսյանը միևնույն ժամանակ նշեց, որ 2005 և 2009թթ. Հայաստան են այցելել թուրք պատմաբաններ, ովքեր մեկական ամիս շարունակ աշխատել են Ազգային արխիվում պահվող փաստաթղթերի հետ, մասնավորապես, Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի։ Խոսելով երկու երկրների պատմական հարցերի ուսումնասիրմամբ զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծման մասին` Հովհաննիսյանը մեջբերեց նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որոնց համաձայն Հայոց ցեղասպանության փաստը չի կարող լինել քննարկումների առարկա։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հանդեպ պահանջատիրության հարցին, Ազգային արխիվի տնօրենի տեղակալը նշեց. «Յուրաքանչյուր հայ գիտի, թե ինչ է կորցրել»։ Սակայն, ըստ նրա, պահանջատիրությունը պաշտոնական ձևակերպման կարիք ունի։ Այսպիսով, գլխավոր նպատակը Ցեղասպանության միջազգային ճանաչումն է, ինչը կհանգեցնի Թուրքիայի կողմից ընդունման, իսկ հետո նաև փոխհատուցման։

No comments: