Tuesday, April 6, 2010

ՎԵՐԱՊՐԵՑԻ ԶՈՀԵՐԻ ՎԻՇՏԸ

Հարցազրույց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենի հետ -Երեկ դուք հանդիպեցիք մարտի 1-ի զոհվածների հարազատների և քաղբանտարկյալների կանանց հետ: Ի՞նչ հետք թողեց Ձեր վրա այդ հանդիպումները և ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այդ հարցի հետ կապված: -Ինձ համար չափազանց էմոցիոնալ, զգացմունքային էին երեկվա հանդիպումները, ու ես` ինքս ինձ համար հայտնաբերեցի շատ դրամատիկ պահեր: Երեկվա հանդիպումները դրամատիկ էին: Ես նորից վերապրեցի այն, որ զոհվածները 20-ից 30 տարեկան էին և այդ մարդիկ այս պահին էլ ցավի մեջ էին: Ես հասկանում եմ, որ միակ բանը, ինչը կհանգստացնի այդ մարդկանց, արդարությունն է, որն, ի վերջո, պիտի գտնվի և արդարադատությունն է, որին պետք է հասնենք: Ես ուզում եմ հավատացնել ու ասել, որ FIDH-ը անելու է հնարավորը մարտիմեկյան դեպքերը հանգամանքները բացահայտելու համար: -Ինչո՞ւ դուք նախաձեռնեցիք այդ հանդիպումները: Ի՞նչ եք անելու, ո՞րն է լինելու ձեր առաջին քայլը հանդիպումներից հետո: -Ինձ համար գործում է մի օրենք, որ երկիրն էլ, որ ես գնամ, առաջին հերթին ուզում եմ տեսնել, բանտարկյալների, քաղբանտարկյալներին ու նրանց ընտանիքներին, և դա էր պատճառը, որ Հայաստանում հանդիպեցի նրանց հետ: Մյուս պատճառը նման հանդիպումների համար այն է, որ իշխանություններն են մեզ թույլ տալիս հանդիպել նրանց կամ խոշտանգումների զոհ դարձածներին: Մեր ձայնն ավելի արագ է տեղ հասնում և մեզ հաջողվում է մարդկանց ազատել բանտերից: Իմ ժամանակը շատ չէ հանդիպելու բոլորի հետ և գաղափար էր հանդիպել նրանց ընտանիքների հետ, լսել նրանց ևս մեկ անգամ հասկանալու, արձանագրելու, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն: Երբ ասում եմ մեր ձայնը լսելի դարձնել, նկատի ունեմ նաև առաջիկայում սպասվող կոնգրեսը, որն այսօր մեկնարկում է Երևանում, որտեղ 300-ից ավելի մասնակիցներ են սպասվում և այս հարցը պարտադիր հնչեցնելու ենք տարբեր երկրներից ժամանող իրավապաշտպանների համար` մեր ուղերձը տեղ հասցնելու։ -Ձեր վերջին հայտարարության մեջ դուք հորդորել էիք իշխանություններին և հույս էիք հայտնել, որ մինչ համաժողովի մեկնարկը Հայաստանը կտեսնեք առանց քաղբանտարկյալների, սակայն ինչպես տեսնում եք նրանց շարունակում են պահել բանտերում։ Նախագահի հետ այսօր Ձեր հանդիպման ժամանակ կրկին անդրադառնալո՞ւ եք այդ խնդրին։ -Անկասկած։ Ես անպայման պիտի խոսեմ նրա հետ այդ մասին՝ վերահաստատելով մեր պահանջը՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, ինչպես նաև մարտի 1–ի տաս զոհերի մահվան հանգամանքների բացահայտման, արդարադատության և Հայաստանում խոսքի ազատության վիճակի մասին։ -Եվ մարտիմեկյան զոհերի և քաղբանտարկյալների հարազատները ակնկալիքներ ունեն մարդու իրավունքներին նվիրված այս համաժողովից։ Ի?նչ ակնկալիքներ ունեք դուք այս առումով, մասնավորապես նախագահի հետ հանդիպումից հետո։ Մտավախություն չունե՞ք, թե համաժողովն այդ առումով անարդյունավետ կլինի։ -Ամեն դեպքում մենք չենք կարող կանխատեսել, թե ինչ տեղի կունենա և ինչ կանի նախագահը, բայց մենք չենք կարող չօգտագործել այս հնարավորությունը մեր գործն անելու համար։ Համաժողովին մասնակցելու են բարձր հեղինակություն ունեցող անձինք և նրանց ձայնը, կարծում եմ, մեծ ռեզոնանս կառաջացնի։ Համաժողովի ճնշումը շատ մեծ է լինելու, այս անգամ ես միայնակ չեմ։ Համաժողովի մասնակից իրավապաշտպանների մեծ բազմությունն ինձ հետ է և մեր ճնշումը, իրոք ահռելի է լինելու։ Սա այն է, ինչ մենք կարող ենք անել։ -Մինչ Ձեր ժամանումը տեղական իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքացիներ ու հասարակական գործիչներ դիմում էին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիային համաժողովի օրակարգում փոփոխություններ մտցնելու համար։ Թեմային հետևողականորեն անդրադառնում էր նաև մամուլը։ Ի վերջո ինչ որ փոփոխություններ արվեցի՞ն։ -Օրակարգի կառուցվածքը վաղուց էր հայտնի և մենք օրակարգը կազմելիս խորհրդակցել ենք մեր հայաստանյան կազմակերպության՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի մեր գործընկերների հետ։ Իհարկե, ինչ որ փոփոխություններ եղան, որովհետև ցանկացած օրակարգ նախնական է և այն փոփոխության ենթարկվել է։ Եվ քանի որ շատ հայտնի մարդիկ են հանդես գալու այս համաժողովին, դրանով է բացատրվում օրակարգում մինչ այժմ կատարված փոփոխությունները.ինչ որ մարդիկ հրաժարվել կամ ընդգրկվել են օրակարգում։ -Նկատի ունեմ համաժողովի բացման արարողության ժամանակ տեղական իրավապաշտպանների ելույթները , ինչի շուրջ էլ, հիմնականում ըն դվզումներ էին առաջացել։ Հայտնի է միայն քաղաքացիական հասարակության խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանին ընձեռած հնարավորության մասին։ -Մեզ համար շատ կարևոր է, որ առաջինը ելույթ ունենա Արտակ Կիրակոսյանը։ Դա նշանակում է, որ ելույթի առաջին հնարավորությունը տրվում է հենց իրավապաշտպան կազմակերպությանը։ Նա խոսելու է հենց իրավապաշտպանության անունից և դնելու է իր դրոշմը։ Նորից ուզում եմ հաստատել ու հիշեցնել, որ համաժողովը բաց է բոլորի համար։ Մարդիկ կարող են գրանցվել ու իրենց մասնակցությունը հաստատել, իսկ խոսքի և բանավեճերի հնարավորությունը ապահովում են հաջորդ օրերին նախատեսված ֆորումները։ -Ինչպես եք վերաբերում հանգանանքին, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին չի գոհացրել համաժողովի մասնակցության ձևաչափը։ Ավելին նա ասել է, որ համաժողովն արդեն իր բացասական հետևանքը թողել է.«ունեինք մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք միասնական աշխատում էին, այդ միասնականությունն էլ արդեն խարխլեցինե։ -Այս ընթացքում ես Մարդու իրավունքների պաշտպանին հանդիպել եմ մի քանի անգամ, նաև Փարիզում։ Նրա միակ խնդրանքն այն էր, որ ելույթ ունենար ոչ թե պլենար նիստերում, այլ բացման արարողությանը։Դա նրա ուղղակի պահանջն էր. խոսք տալ բացման արարողության ժամանակ, սակայն համաժողովի ընթացակարգը շատ հստակ էր և մենք նման հնարավորություն չունեինք։ -Ըստ Ձեզ, ինչու այսքան ընդվզումների ու տարբեր խոսակցությունների առիթ դարձավ մարդու իրավունքներին նվիրված այս համաժողովը։ Հիմնական բողոքն այն էր, որ մեծ մասամբ իշխանության ներկայացուցիչներն են հանդես գալու ելույթներով։ -Կարծում եմ դա նորմալ է, քանի որ սա շատ մեծ իրադարձություն է։ Տարօրինակ կլիներ, եթե անտարբերության մատնվեր։ Սա դրական և ոչ թե բացասական ցուցանիշ է։ Մեզ համար սկզբունքային հարց է իշխանությունների հետ աշխատելը, որովհետև հենց նրանք են, ում մոտ մենք պետք է բարձրացնենք հարցերը և նրանք են, որ պետք է լուծում տան այդ հարցերին։ Այլ ընդդիմախոս մենք չունենք։ Սակայն մենք ձայն ենք տալիսւ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որոշ դեպքերում, նրանց թույլ ձայնը շատ բարձր է հնչելու այս համաժողովի շրջանակներում։ -Մի կողմից համաժողովի հետ կապված բողոքներ էին հնչում, բայց մյուս կողմից մարդիկ ակնկալիքներ ու մեծ սպասումներ ունեն այս համաժողովից, մասնավորապես, նրանք, ովքեր արդեն հանդիպում են ունեցել Ձեզ հետ և համակրանքով են լցված Ձեր նկատմամբ։ Կարծես նրանց հույսերը մեծացան ակնկալիքների առումով։ -Հույս միշտ էլ կա։ Եթե այդ հույսը չլիներ, մենք այստեղ ինչ ունենք անելու։ Ես ուզում եմ, որ մենք իրատես լինենք։ Այն, որ այսպիսի համաժողովը տեղի է ունենում Երևանում, սա արդեն ինքնին ճնշում է իրենից ներկայացնում : Ես հույս ունեմ, որ հուսախաբ չենք լինի և այդ ճնշումը իր արդյունքը կտա։ Հարցազրույցը` Ժաննա Ալեքսանյանի «Լրագիր» 6-4-2010

No comments: