Saturday, April 10, 2010

Հայաստանի էներգետիկայի նախարարությունը արձագանքել է թուրք պատգամավորների «անհանգստությանը»

News.am. 9-4-2010- Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը պատասխանել է Թուրքիայի խորհրդարանում հնչած «անհանգստությանը», թե Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում: Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրերս Թուրքիայի մեջլիսի պատգամավորները հերթական անհիմն աղմուկն են սկսել Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության թեմայով: Նրանք «անհանգստություն» են հայտնել, թե իբր Իգդիրից 20 կմ հեռավորության վրա գտնվող Մեծամորի ատոմակայանը գործում է սեյսմավտանգ գոտում եւ սպառնում է Թուրքիայի արեւելյան շրջաններին: Նշել են նաեւ, որ ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) դասակարգման` անվտանգության տեսանկյունից ՀԱԷԿ-ը նախավերջինն է աշխարհի 146 ատոմակայանների շարքում: Այդ տեղեկություններն իհարկե չեն համապատասխանում իրականությանը, քանի որ դրանք հնարավոր չէ գտնել ԱԷՄԳ-ի որեւէ փաստաթղթում: ԱԷՄԳ «Միջուկային էներգետիկական ռեակտորները աշխարհում» 2009 թվականի հրատարակության մեջ նշված է, որ միջուկային էներգետիկական բլոկների թիվը աշխարհում 438 է, որոնք տեղավորված են 200 հարթակների վրա: ՀԱԷԿ-ի անվտանգության հետ կապված հարցերը գտնվում են ՀՀ նախագահին կից «Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի» մշտական ուշադրության կենտրոնում, իսկ այդ խորհրդում ընդգրկված են աշխարհի լավագույն մասնագետներ: Հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները մշտապես համակարգվում են ԱԷՄԳ-ի կողմից: Համաձայն «Միջուկային անվտանգության կոնվենցիայի» պահանջների` Հայաստանը երեք տարին մեկ անգամ ԱԷՄԳ է ներկայացնում «Միջուկային անվտանգության մասին ազգային հաշվետվություն», որը բաց է ԱԷՄԳ անդամ բոլոր երկրների համար: Ինչ վերաբերում է սեյսմիկ անվտանգությանը, ապա 2009 թվականին միջազգային փորձագետների մասնակցությամբ կատարվել են ՀԱԷԿ-ի հարթակի սեյսմիկ հետազոտություններ: Այդ ուսումնասիրությունների արդյունքների համաձայն` անհանգստության որեւէ առիթ չկա: Դրանից բացի` ՀԱԷԿ-ի շրջակայքում, 50 կմ շառավղով, Հայաստանի բնակչության թիվը հասնում է 2,145մլն.-ի, իսկ Թուրքիայինը` 126 հազարի:

No comments: