Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող` եկեղեցու դերի վերաիմաստավորման հետ կապված գործընթացները համընկել են ոչ միայն ժամանակահատվածով: Արևմուտքում թափ է հավաքում հոգևորական-պեդոֆիլի հետ կապված պատմությունը, որը Վատիկանը արդեն կնքել է որպես կաթոլիկ եկեղեցու դեմ արշավ: Իսկ Հայաստանում հասարակությունը փորձում է եկեղեցուց ճարտարապետական հուշարձանը պահպանել և դրան զուգահեռ իր համար պարզել եկեղեցու դերը:
Այս քննարկումները նախևառաջ այն մտքին են բերում, որ ճնշումը ավանդական եկեղեցիների դեմ (Արեւմուտքում ու Հայաստանում) հենց այնպես չի իրականացվում: Առաջին միտքն այն է, որ սա պատասխան է ավանդական եկեղեցիների` իրենց դիրքերն ամրապնդելու փորձերին, որոնք առաջացնում են հակազդեցություն: Հայաստանում այդ գործընթացն ակնհայտ է. պետություն-եկեղեցի կապերը վերջին երկու տարիներին աննախադեպ են: Արևմուտքում Բենեդիկտ 16-րդի պապ ընտրվելուց հետո կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը նկատելիորեն ուժեղացել է:
Դրա հետ մեկտեղ, հետաքրքիր է, որ եկեղեցիները (թե կաթոլիկ և թե Հայ Առաքելական) հայտարարում են, որ այս ամենը թշնամիների դավադրություն է: Ո՞վ է եկեղեցու թշնամին: Ո՞վ է փորձում վարկաբեկել: Արևմուտքում ուղղակի մեղադրանքներ դեռևս չեն հնչել, եթե չհաշվենք այն մի շարք հոդվածներն այն մասին, թե լիբերալները ձգտում են քանդել պետության կարգերն ի դեմս եկեղեցու, ինչպես նաև պապ Բենեդիկտի քարոզչի` եկեղեցու դեմ արշավի համեմատությունը հրեաների հետապնդումների հետ: Կարծիք կա, որ համեմատելով հրեաներին կաթոլիկների հետ, կաթոլիկ գործիչը փորձում է սլաքն ուղղել սիոնիստների կողմ և մեղադրել նրանց կաթոլիկների հետապնդման մեջ:
Հայաստանում եկեղեցին նույնպես դեռ ոչ ոքի ուղղակի չի մեղադրել: Ողջ “դժբախտությունն” այն է, որ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցու կառուցման դեմ հայկական կուսակցությունները և քաղաքական գործիչները նախընտրել են չարտահայտվել, ընդհակառակը, բողոքի ձայն են բարձրացրել մտավորականության ներկայացուցիչները: Ընդ որում, շատերն ասում են, որ նրանք հավատացյալ մարդիկ են, սակայն չարժե նույնացնել եկեղեցին Աստծո հետ: Եվ այս իրավիճակում չկա մեկը, ում եկեղեցին մեղադրի, եթե ոչ իր իսկ հոտին: Իսկ հոտին մեղադրելը նշանակում է հովվի չկայացածություն:
Եվ եթե Արևմուտքում, դատելով արշավի կազմակերպվածությունից, ազդեցիկ ԶԼՄ-երի ներգրավումից, հակակաթոլիկ ակցիան իրոք ուղղորդվում է ինչ-ինչ ուժերի կողմից, ապա Հայաստանում դա չի նշմարվում: Այստեղ, ավելի շուտ, տեղի է ունենում հասարակության կողմից հոգևոր արժեքների և դրանց պահպանման հարցում եկեղեցու դերի խոր վերաիմաստավորում: Քննարկումները տեղի են ունենում նախկինում տաբու դրված թեմաների շուրջ` եկեղեցի-պետություն հարաբերություններ, եկեղեցու կոռումպացվածություն, նրա կապը բիզնեսին, հոգևոր կյանքում Հայ առաքելական եկեղեցու մենաշնորհ, հայ ժողովրդի նույնացում եկեղեցու հետ: Դրանով հանդերձ, մարդիկ սուրբ Զատիկ են տոնում, ձու են ներկում, այցելում են իրենց հարազատների գերեզմաններ, բայց շատ հաճախ չեն այցելում եկեղեցի:
Ինչով կավարտվի վերաիմաստավորման ներկայիս փուլը, դեռևս պարզ չէ: Մի բան է ակնհայտ, որ հոգևոր հիմքերի վերաիմաստավորումը նշանակում է բազմաթիվ պայմանական արժեքների վերանայում, որոնք համարվում էին անձեռնմխելի: Մարդիկ նորովի են փորձում նայեյ այնպիսի կոթողային հասկացությունների, ինչպիսիք են հայրենասիրությունը, հերոսը, արդյոք ամեն ինչ կարելի է ներել հերոսին, պետություն, ժողովրդի ձայն, բարոյականություն, ընտանիք: Իրական արժեքները, որոնք կյանքն է առաջադրում, այս գործընթացում չեն կոտրվում: Փոխարենը, հնարավոր է կվերանան անպետք պայմանականությունները:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment