Thursday, April 8, 2010

Ամերիկյան միջուկային անվտանգության նոր ռազմավարությունը

Aysor.am. 8-4-2010- Այսօր, երբ Պրահայում ստորագրվելու է Ռազամավարական հարձակողական զինատեսակների սահմանափակման երկրորդ պայմանագիրը, բավական կարևոր է դիտարկել մեկ կարևոր փաստ, որ տեղի ունեցավ նախօրերին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Բ.Օբամայի կողմից ներկայացված Միացյալ Նահանագների միջուկային ռազմավարությանը, որի ամենից կարևոր առանձնահատկությունը այն է, թե Վաշինգտոնը հետայսու հրաժարվում է միջուկային զենք կիրառել այն երկրների նկատմամբ ովքեր հանդիսանում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ, ինչպես նաև միջուկային զինատեսակների հետազոտման նոր ծրագեր իրականացնելուց: Ի դեպ, «չարիքի առանցքի» երկրներից Իրանին և Հյուսիսայհին Կորեայի համար կլինեն բացառություններ: Համաձայն Բ.Օբամայի դիտարկումների նոր ռազմավարությունը իր վարչակազմի ջանքերի արդյունքն է ուղղված երկրագնդի երկրներին հեռու պահել միջուկային զենքի մշակման և տիրապետման ձգտուներից: Սակայն Սպիտակ տան ղեկավարը հավաստեց, որ պատրաստ է պահպանել բոլոր այն գործիքները, որոնցով պետք է պաշտպանի «ամերիկայի քաղաքացիների անվտանգությունը»: Միջուկային ոլորտի փորձագետները կարծում են, որ նոր ռազմավարությունը համապատասխանում է 21-րդ դարի իրողություններին, ուր սահմանային համարվող երկրները, ահաբեկչական կազմակերպությունները նոր ասիմետրիկ վտանգի աղբյուր են հանդիսանում միջազգային անվտանգությանը: Ռազմավարության մեջ Միացյալ Նահանգներն առաջին անգամ հայտարարում է, թե պարտավորվում է միջուկային զենք չկիրառել ոչ միջուկային երկրների նկատմամբ, որոնք Միջուկային զինատեսակների չտարածման պայմանագրի անդամ են, անգամ եթե նրանք հարձակում են գործում Նահանգների վրա կիրառելով կենսաբանական կամ քիմիական զենք, կամ կազմակերպում են քայքայիչ կիբերհարվածներ: Համաձայն Վաշինգտոնի, այդօրինակ սպառնալիքներին հնարավոր է հակադարձել սովորական զինատեսակներով: Ըստ նախագահ Բ.Օբամայի. «Մենք պետք է այնպես վարվենք, որ նվազեցնենք միջուկային զինատեսակների դերն ու նշանակությունը: Մենք ձգտում են երաշխավորել, որ մեր սովորական զինանոցը լինի զսպման արդյունավետ մեխանիզմ, բացառությամբ առանձնահատուկ և արտակարգ դեպքերից»: Ի դեպ Օբաման չբացառեց, որ միջուկային զենք կկիրառվի բակտերիոլոգիական այնպիսի հարձակման ժամանակ, որը կարող է աղետաբեր և զանգվածային վնասների տեղիք տալ Միացյալ Նահանգներում: Պաշտոնական Վաշինգտոնը, հրապարակելով այսօրինակ ռազմավարական հայեցակարգ, ցանկանում է օրինակ ծառայել բոլոր այն երկրներին, որոնք միջուկային զենքի ձեռքբերման և մշակման գործողություններ իրագործելու նպատակ ունեն: Այն դրույթը, թե Միացյալ Նահանգները հրաժարվում են միջուկային նոր զինատեսակներ մշակելուց, գործնական և բարոյական հենք պետք է ստեղծի, որ նրա մրցակիցները և այն երկրները, ովքեր հիմնավորում են, թե միջուկային զինանոց են ցանկանում ձեռք բերել, որ պաշտպանվեն գերտերություններից, ի չիք դառնան: Հարկ է նշել, որ Օբամայի վարչակազմի կողմից այսօրինակ ռազմավարության ընդունումը գործարկման դեպքում բավական լուրջ քայլ է` ուղղված միջուկային հավասարակշռության պահպանմանը: Այն էապես տարբերվում է նախագահ Ջորջ Բուշ կրտսերի դիրքորոշումից, որի համաձայն Միացյալ Նահագներն իրենք են որոշելու, երբ, ինչ ընդգրկման և երկրագնդի որ հատվածում են միջուկային հարվածներ հասցնելու: Ի դեպ հիշեցնենք, որ ռուսական միջուկային նոր հայեցակարգում նույնպես միջուկային զենքի դերակատարման նվազեցման միտումներ են առկա: Այնտեղ նշվում է, որ միջուկային զենքը կիրառելի է միայն երկու դեպքերում՝ ի հակադարձումն միջուկային զենքի կիրառմամբ ագրեսիային և սովորական զինատեսակների կիրառմամբ ագրեսիայի այնպիսի դրսևորումներին, որոնք կարող են կասկածի տակ դնել Ռուսաստանի՝ որպես պետության գոյությունը:

No comments: