Tert.am. 19-5-2010- «Սրանից հինգ տարի առաջ ես ասում էի, որ անցում է կատարվում 1–2 երեխայով ընտանիքի մոդելին։ Այսօր ես նույնիսկ դա չեմ կարող պնդել։ Կարծես թե սկսվում է ամրագրվել մեկ երեխայով ընտանիքի մոդելը։ Սա արդեն կլինի վերջը։ Եթե վերջնականապես մարդկանց կողմից ամրագրվի սա, դառնա իրենց ներքին մղումը, այդտեղ այլևս ոչինչ հնարավոր չէ անել»,– այսօր կայացած մամուլի ասուլիսին նման հայտարարությամբ հանդես եկավ ժողովրդագիր Ռուբիկ Եգանյանը՝ պատասխանելով Tert.am–ի այն հարցին, թե ինչպիսի՞ն է այսօրվա միջին հայ ընտանիքի պատկերը։
Ըստ նրա, այսօր պետական մակարդակով պետք է ապահովվի կամ առավելագույնս խրախուսվի երկրորդ երեխայի ծնունդը և ոչ թե երրորդ։ «Այստեղ մենք գոնե պետք է փորձենք երկրորդ երեխայի հարստությունը պահպանել, ամրագրել, վերականգնել։ Եթե դա չհաջողվի, միշտ էլ բնակչության մի փոքր մասը երրորդ, չորրորդ երեխաներ կունենա, բայց դրանց թվի հաշվին ժողովրդագրական խնդիր լուծելը լուրջ չէ»,– ասաց Եգանյանը։
Ռուբիկ Եգանյանի ներկայացրած մոտավոր թվերով` ծնունդների 50–55 տոկոսը առաջնեկներ են, 2–րդ երեխան ունենում են բնակչության մոտ 30 տոկոսը, իսկ 3–րդ երեխան ունենում է բնակչության հազիվ 10 տոկոսը։
Մամուլի ասուլիսին ներկա ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, իր հերթին, ավելացրեց, որ 2008թ. տվյալներով, վերարտադրողական տարիքի յուրաքանչյուր կնոջ բաժին է ընկնում 1,4 երեխա, այսինքն՝ 6 կանայք ունենում են 9 երեխա։
Ժողովրդագիր Ռուբիկ Եգանյանի համոզմամբ, ծնունդների խրախուսումը հնարավոր չէ մասնավոր լուծումներով, հարկավոր է ամբողջ մթնոլորտի առողջացում։
«Այս խնդիրը հնարավոր չէ լուծել նյութական օժանդակությունների միջոցով։ Սա համալիր խնդիր է, ծանրագույն խնդիր է, որի լուծումը ենթադրում է ընդհանուր միջավայրի բարելավում, ընդհանուր կյանքի առողջացում, թերությունների շտկում։ Կարելի է խոշոր գումարներով խրախուսելով՝ կարճաժամկետ մի ընթացքում հասնել ծնունդների աճի, բայց որոշ ժամանակից հետո դրա արդյունավետությունը նվազում, հասնում է զրոյի»,– ասաց ժողովրդագիր Ռուբիկ Եգանյանը։
Wednesday, May 19, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment