Sunday, May 9, 2010

Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Վեստի- 24» հեռուստաընկերությանը

Aysor.am. 9-5-2010- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հարցազրույց է տվել ռուսական «Վեստի-24» հեռուստաընկերությանը: Նախագահը պատասխանելով, թե ինչո՞ւ որոշեցիք այցելել Մոսկվա և մասնակցել տոնակատարություններին և ի՞նչ նշանակություն ունեն դրանք ձեզ համար հարցին, ասել է. «Հաղթանակի օրը լուսավոր տոն է, ես պատկանում եմ հետպատերազմյան սերնդին, որն անմիջականորեն իր վրա չի զգացել պատերազմի դառնությունը, սակայն իմ մանկությունն անցել է այն տարիներին, երբ թարմ էին վերքերը, երբ շատ էին սևազգեստ կանայք, երբ ողջ ու առողջ էին իսկական հերոսները, դրանք այն տարիներն էին, երբ իմ փոքր հայրենիքում` Լեռնային Ղարաբաղում արագ տեմպերով կառուցվում էին Մեծ հայրենականում զոհվածներին նվիրված հուշակոթողներ: Տարին մի քանի անգամ այցելում էի զոհված ղարաբաղցիների հուշարձանին, հանդիպում էի վետերանների հետ և այնտեղ առաջին անգամ ես հասկացա, որ պետք է պաշտպանել հայրենիքը, որ հայրենիքի պաշտպանությունը նշանակում է պաշտպանել ընտանիքդ, արժանապատվությունդ, երեխաներիդ ապագան, որ ցավոք սրտի այդ պաշտպանությունը զոհեր է պահանջում: Եվ հենց այդտեղ առաջին անգամ, ինձ մոտ հարցեր առաջացան, թե ինչո՞ւ են մարդիկ կռվում միմյանց դեմ, ինչո՞ւ են նույն ժողովրդի զավակները` նույն ժողովրդին տրամադրում մյուսների դեմ, ինչպե՞ս է լինում, որ կատարվում են այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են էթնիկ զտումները, ցեղասպանությունները: Այդ պատճառով մայիսի 9-նն ինձ համար և’ տոն է և’ անցյալի մասին մտորումների օր»: Նախագահ Սարգսյանը պատասխանելով հեռուստաընկերության հարցին նշել է, որ մայիսի 9-ին բոլոր վետերանները Երևանում այցելում են «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ գտնվում են Մայր Հայաստանի հուշարձանը, 2-րդ համաշխարհայինի թանգարանը և անմար կրակը` անհայտ զինվորի գերեզմանի վրա: «Այստեղ են գալիս հազարավոր երևանցիներ, գալիս են մտորելու ուրախանալու, որպեսզի ցույց տան իրենց խորին հարգանքը մարդկանց, որոնք պաշտպանել են մեր պատիվն ու արժանապատվությունը»,-ասել է ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը նաև ասել է, որ մայիսի 9-ը Հայաստանում նշվում է այնպես, ինչպես ամենուրեք. «Դա ընդգծված հարգանք է, այդ մարդկանց հանդեպ: Իրականում այդ մարդիկ մեծ ջանքերի գնով հնարավոր դարձրեցին հայ ժողովրդի և ամբողջ Հայաստանի հետագա զարգացումը: Ցավոք, վետերանների թիվը տարեցտարի պակասում է, այժմ Հայաստանում պատերազմի 3625 մասնակից կա»,-նշել է Սերժ Սարգսյանը: Հեռուստալրագրողի հարցին, թե արդյո՞ք պետությունն անում է ամեն ինչ վետերանների բարեկեցիկ կյանքն ապահովելու համար, Սերժ Սարգսյանն ասել է. «Դժվար է ասել ամեն ինչ, բայց մենք շատ բան ենք անում, վերջինն ինչ արել ենք, ընդունել ենք կառավարության որոշում` բոլոր վետերանների ավանդների վերադարձի մասին, որոնք նրանք կուտակել էին Խորհրդային տարիներին, շատերը ցավոք սրտի, դեռ չեն ստացել: Սա նյութական տեսանկյունից, կարծում եմ այսօր, վաղը, գուցե 7-10 օրվա ընթացքում վետերանները մեզ մոտ կլինեն հատուկ ուշադրության կենտրոնում»: Ինչ վերաբերում է այն փաստին, որ հայ զինվորականները մասնակցելու են մոսկովյան շքերթին, նախագահ Սերժ Սարգսյանը դա համարել է բարձր պատիվ և պատասխանատվություն, նաև երբեմնի միասնության խորհրդանիշ: Բացի այդ, Նախագահը նշել է, որ հետպատերազմյան առաջին շքերթի ժամանակ Կարմիր հրապարակում մասնակցել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Իսկ Հատուկ գունդը ղեկավարել է բանակի գեներալ, հետագայում Մարշալ Բաղրամյանը, ինչը մեծ նշանակություն ունի իր համար: «Հայաստանը զգալի ներդրում է ունեցել հաղթանակի գործում, հայերի շատ սերունդներ են դաստիարակվել Խորհրդային Միության 119 հերոսների և փառքի 3-րդ աստիճանի 27 ասպետների օրինակով: Պատահական չէ, որ իմ այցը Մոսկվա սկսել եմ հայ ժողովրդի հանրահայտ զորավարներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խուդյակովի և ծովակալ Իսակովի շիրիմներին ծաղկեպսակ դնելով: Այդ մեծ պատերազմին մասնակցել է հայերի այն սերունդը, որն իր մաշկի վրա էր զգացել Հայոց ցեղասպանության անմարդկային դաժանությունները»,-ընդգծել է նախագահը: «Վեստի- 24» հեռուստաընկերության լրագրողի վերջին հարցին, թե ի՞նչ պետք է անեն այսօրվա առաջնորդները, որպեսզի արյունահեղություները չկրկնվեն, ՀՀ նախագահը խատասպանել է. «Հիշել, որ մարդկանց էթնիկ կամ ռասսայական խմբերի բաժանումը հանգեցնում է վատ հետևանքների: Սեփական բարեկեցությունը չի կարելի կառուցել ուրիշների վշտի վրա, հիշել որ, յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ապրել և զարգանալ այնտեղ, որտեղ ապրել է հազարամյակներով, յուրաքանչյուր ժողովուրդ ինքը պետք է ընտրի այն ուղին, որով ցանկանում է առաջ ընթանալ»,-եզրափակել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

No comments: