2010թ. ապրիլի 30-ին, Թեհրանի ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի մեծ դահլիճում կազմակերպվել էր հատուկ ձեռնարկ՝ Հայոց Ցեղասպանության 95-ամյակի առիթով, ուր ներկա էին ԻԻՀ-ում ՀՀ լիազոր եւ արտակագ դեսպան Գրիգոր Առաքելյանը, դեսպանության մշակութային կցորտ՝ Սուրեն Գասպարյանը, համայնքային մարմինների, միությունների եւ մամուլի ներկայացուցիչներ, ուսուցիչներ եւ հոծ թվով բազմություն:
Հադիսատեսի դիմաց ծառացած էր հսկայական մի հուշակոթող՝ Սարդարապատ: Այնքան բնական էր ու նման իսկականին, որ միայն կարելի էր շշմել: Բեմահարդար՝ Հայկ Խաջավյանի վարպետ ձեռքերն ու արվեստաշատ մտքի համգործակցությունը տվել էին իրենց նոր, իրանահայ կյանքում աննախադեպ, պտուղը: Վարձքդ ի կատար, սիրելի Հայկ:
Ձեռնարկն սկսվեց Տերունական աղոթքով, ապա սկաուտական շքերթ՝ սկաուտները մարշի ներքո հարգանքի քայլվածքով հասան բեմի կենտրոն որտեղ մի ծաղկեկողով տեղադրեցին նահատակների հիշատակին ու խաղաղ հեռացան:
Այնուհետ ամբիոնին մոտեցավ միության Մշակութային բաժանմունքի պատասխանատու տկն. Վալորիկ Քեշիշյան-Ամիրյանը՝ բացման խոսքն ասելու համար:
Նա իր խոսքերում ի միջի այլոց ասաց. «Այս օրերին, երբ հայությունը աշխարհի բոլոր ծայրերում ոգեկոչում է Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակը ՀՄՄ «Րաֆֆի» համալիրը նաեւ իր պարտքն է համարում միանալ իր ծնող ժողովրդին ու հարգանքի գլուխ խոնարհել մեր անթաղ զոհերի հիշատակի առջեւ»:
Ապա բեմ հրավիրվեց միության «Մեղեդի» երգչախումբը, խմբավարությամբ՝ տկն. Զարուհի Ենգոյանի եւ կատարեց «Եռաբլուր» եւ «Ադանա» երգերը, ավելի ուշ նաեւ բեմ դուրս եկավ երգչախումբը՝ «Մուսա լեռ» եւ «Կիլիկիա» երգերով, իսկ մեներգով հանդես եկավ տկն. Վիկտոր Ամիրյանը, որին նվագակցում էին գիտառով Համլետ Խոդադադյանը եւ շվիով տկն. Զարուհի Ենգոյանը: Այստեղ արժե հիշատակել, որ միության երգչախումբը, իր ղեկավարի ջանքերի շնորհիվ, բավականին առաջընթաց է արձանագրել:
Ապա միատեղ բեմ հրավիրվեցին օրվա բանախոսները:
Առաջին բանախոսը վաստակավոր ուսուցիչ Հարութ Քեշիշյանն էր: «Մեծ Եղեռնը եւ նրա ճանաչումն ու դատարպարտումը» խորագրով, նեկայացրած իր զեկույցում Հ. Քեշիշյանը հակիրճ տողերում ներկայացրեց Հայոց Ցեղասպանության նախօրյակի, ժամանակի եւ հետցեղասպանության պայմանները: Նա իր խոսքերում ի մասնավորի ասաց. «Աշխատասեր ու ազնիվ մի ժողովուրդ աշխարհի ստեղծման օրից ապրում էր իր հայրենի հողի վրա ու նրան ձուլված: Թուրքական արյունոտ յաթաղանը կտրեց նրան արմատից՝ բաժանելով երկու ողբերգական մասի՝ առանց ժողովուրդ հողի եւ առանց հող ժողովրդի»:
Հ. Քեշիշյանը քննադատելով մարդկության լռությունը մարդու դեմ կատարվածի հանդեպ, ասաց. «Ողջ աշխարհի աչքի առաջ երիտթուրքերը ոչնչացնում էին մի հինավուրց ժողովրդի: Անում էին դա հատուկ դաժանությամբ: Իսկ աշխարհը՝ պետություններն ու նրանց քաղաքական այրերը լուռ էին՝ անտարբեր, ձեւացնելով, թե ոչինչ տեղի չի ունեցել»:
Բանախոսն ապա խոսելով Հայոց պահանջատիրության զարթոնքի մասին, ասաց. «1965թ.-ի ապրիլին Խորհրդային Հայաստանում մեծ շուքով նշվեց Հայոց Ցեղասպանության 50-րդ տարելիցը: Այդ կարեւոր շարժումը մեծ թափ եւ աշխուժություն առաջացրեց Սփյուռքում եւ ինչպես ավելի ուշ Խ. Հայաստանի ժամանակի արտգործ նախարար պրոֆ. Ջոն Կիրակոսյանն է հիշատակում՝ «Սփյուռքը սկսեց խոսել նոր լեզով ու ձեւերով»»:
Հ. Քեշիշյանը Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչման մասին ասաց. «Սառույցը կարծես թե սկսել է հալչել: Հայ ժողովուրդը երախտապարտ է հայերի Ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած բոլոր երկրներին ու պետություններին: Երախտապարտ է ճանաչման առաջին քայլերի համար եւ Հայաստանից ի սփյուռս աշխարհի միասնական ջանքերով հանդես է գալու որպեսզի ճանաչման գործընթացը դառնա բոլոր պետությունների օրակարգ: Դա կարեւոր է ոչ միայն հայերի, այլեւ ամբողջ մարդկության համար:
Պետք է պահպանել երկիր կոչված փխրուն այս մոլորակը: Չէ որ այն մեկն է բոլորի համար. միակը»:
Այնուհետ «Հայոց մշակութային ցեղասպանությունը եւ նրա հետեւանքները» խորագրի ներքո բանախոսեց գրող, Հայկական բարեգործական ընդհանուր միության Թեհրանի մասնաճյուղի նախագահուհի տկն. Աստղիկ Բաբայանը:
Երկրորդ բանախոսը հիմնականում ծավալվեց հայ ժողովրդի մշակութային կորստի վրա: Նա հենվելով փաստերի վրա ցույց տվեց որ արեւմտահայությունը մեծ դեր է ունեցել ոչ միայն հայ ժողովրդի արեւմտյան հատվածի, այլ նույնիսկ թուրքական մշակույթի ստեղծման եւ զարգացման մեջ:
Ա. Բաբայանը խոսելով ցեղասպանությունից առաջ հայ ժողովրդի ունեցած մշակութային մեծ հարստության մասին, ասաց. «Թուրքիայի նպատակը միայն մարդասպանությունը չէր, այդքանը չէր գոհացնում նրան: Թուրքերը կոտորելով մեր մտավորականներին ու այնուհետ ավերելով մեր ազգային ժառանգությունը միտում էին հայից խլել ոչ միայն նրա արյունը, այլ դրանից ավելի թանկագինը՝ նրա ինքնությունը»:
«1915թ. ապրիլին, կոտորելով մեր մտավորականությանը, թուրքերը ոչ միայն կոտորեցին ժամանակի դեմքերին, այլ նաեւ հայ ժողովրդից խլեցին նրա գալիք սերնդի դաստիարակներին»,- ասաց Ա. Բաբայանը եւ հավելեց. «Որեւէ ժողովրդի մշակույթի նկատմամբ կիրառված ցեղասպանությունը չի կարող անդրադարձ չունենալ միջազգային մշակույթի եւ քաղաքակրթության վրա եւ դրանից էլ եզրակացրեց, որ հայ ժողովրդի նկատմամբ դեռ մինչեւ այսօր իրականացվող ցեղասպանական քաղաքականությունը վնասում է ոչ միայն հայության, այլ նաեւ միջազգային քաղաքակրթությանը»:
ՀԲԸՄ-ի նախագահը խոսելով պոլսահայ մամուլի մասին, ասաց. «Արեւմտահայ մամուլի ամենաաշխույժ նմուշները թերեւս այսօր կարելի է գտնել Ստամբուլում: Այս խոսքի փաստը, 2007թ. հունվարի 17-ին, մեր սիրելի Հրանտ Դինքի թափված բորբ արյունն է»:
Բանախոսն ասաց. «Այսօր եւս շարունակվում է Հայոց մշակութային ցեղասպանությունը թուրքերի, ադրբեջանցիների եւ վրացիների կողմից, ովքեր վախենում, սարսափում են հայերի դատաստանից»:
Տիկին Բաբայանն իր խոսքը փակեց կարճ մի հայտարարությամբ՝ «Աշխարհի պարտքն է ճանաչել եւ դատապարտել թե՛ Մեծ Եղեռնը եւ թե՛ մշակութային ցեղասպանությունը»:
Երրորդ բանախոսը թերթիս խմբագիր Մովսես Քեշիշյանն էր: Նա հաստատելով նախորդ զեկուցողների խոսքերը, ասաց. «Ինչպես արդեն ճշգրտորեն ներկայացրին հարգելի համազեկուցողները՝ 1915-ից դեռ տարիներ առաջ սկիզբ առած Հայոց Ցեղասպանությունը շարունակվեց մինչեւ 1923թ.: Իսկ երբ Արեւմտյան Հայաստանը ամայացավ իր բնիկ ժողովրդից, այնուհետ սկսվեց մշակութային ջարդը՝ փլեցին հայոց վանքն ու եկեղեցին, դպրոցն ու տունը եւ չանցան նույնիսկ գերմզմանատնից, տապանից ու խաչքարից: Եվ այդ բոլորը միայն մեկ նպատկով՝ վերջակետ դնել Հայոց Հարցին, Հայոց Հողապահանջին»:
Մ. Քեշիշյանը ապա խոսելով հայկական նորագույն ազատագրական պայքարի մասին հիշեցրեց, որ «Հայը միշտ էլ մշակութասեր, արհեստասեր ու արվեստասեր ժողովուրդ է եղել ու եթե զենք է վերցրել միայն պարտավորված, այն էլ ոչ թե հարձակվելու, այլ ինքնապաշտպանվելու համար: Հայը զենք է ձեռք առել, երբ բոլոր խաղաղ ճանապարհները հանդիպել են փակուղու եւ այլ ելք չի եղել սեփական իրավունքից պաշտպանելու համար. այդպիսին էր վիճակը նախորդ դարի յոթանասունական թվականներին Սփյուռքում եւ ավելի ուշ ութսունականների վերջավորության Արցախում»:
Թերթիս խմբագիրը անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին եւ թուրքական ծավալապաշտական քաղաքականությանը, շեշեց. «ինչպես արդեն ասել ենք նախկինում, թուրքերի որդեգրած քաղաքականության մեջ նախապայմանները հստակորեն գծված էին եւ այդ մասին վերջերս իր ուղերձում նշել է նաեւ ՀՀ Նախագահը»: Ապա մեջբերելով նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձից որոշ տողեր հիմնավորեց իր խոսքերը:
Բանախոսը իր խոսքն ավարտեց հետեւյալ տողերով. «Ինչպես ֆրանսացի մեծ գրող Անատոլ Ֆրանսն է ասում՝ «Այն ազգը, որ չի ցանկանում մեռնել, նա չի մեռնի»: Ու չի մեռնի հայ ժողովուրդը, քանի դեռ պահպանում, գուրգուրում է իր նորանկախ Հայաստանի Հանրապետությունը եւ քանի դեռ իր սրտում վառ է պահում պայքարի կրակը հանուն ապագա մեծ ու հզոր, ամբողջական Հայաստանի՝ Արցախով, Նախիջեւանով, Ջավախքով, Վանով, Երզնգայով, Արդահանով ու ողջ Արեւմտյան Հայաստանով»:
Բանախոսությունից հետո գեղարվեստական բաժինը շարունակվեց միության «Անի» պարախմբի կատարումներով՝ «Անի» եւ «Ադանա» պարերով, խմբի նոր պարուսույց տկն. Կարինե Մանուչերյանի ղեկավարությամբ, որը եւ մեծ բավարարություն պարգեւեց հանդիսատեսին:
Այնուհետ հերթն հասավ ասմունքողներին: Ձեռնարկի ամենահուզիչ բաժինը երեւի այս էր: Այն լրիվ տարբեր էր ցայժմ ներկայացվածներից: Այս անգամ ասմունքների համադրություն էր՝ բեմական պատկերներով, տեղահանության, ջարդի եւ դատաստանի, որը բավական հաջող բեմականացվեց Արթին Բաղումյանի, Մեղրի Բուդաղյանի եւ ժոզեֆ Ամիրյանի ասմունքներով ու միության Սկաուտական բաժանմունքի ներկայացումներով:
Վերջում բեմ հրավիրվեց Իրանում Հայաստանի Հանրապետության լիազոր եւ արտակարգ դեսպան Գրիգոր Առաքելյանը, օրվա առիթով իր խոսքն ասելու համար:
ՀՀ Դեսպանը, նաեւ իր հերթին, հիշեցնելով, որ այս օրերին հայությունը ողջ աշխարհում՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում գլուխ է խոնարհում իր անմնեղ զոհերի հիշատակի առջեւ, ասաց. «Հայաստանի Հանրապետությունը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը իր համար ռազմավարական է համարում եւ մեր ժողովուրդը երախտապարտ է բոլոր այն պետություններին, որոնք ճանաչել եւ դատապարտել են Հայոց Ցեղասպանության փաստը եւ կոչ է անում աշխարհի մյուս պետություններին եւս, կանխարգիլելու համար նման ոճիրները, ճանաչել եւ դատապարտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»:
Ծրագիրն ավարտվեց բոլոր իրականացնողների բեմ դուրս գալով եւ «Սարդարապատ» երգով, որին ձայնակցեց նաեւ հանդիսատեսը:
Հիշատակելի է ծրագրի նախասկզբում էկրանի վրա ցուցադրվեց Արմին Վեգների կողմից Հայոց Ցեղասպանության օրերին առնված լուսանկարներից եւ նամակներից պատրաստված՝ Տիգրան Խզմալյանի փաստագրական տեսաժապավենը:
Թղթակից
«ԱՐԱՔՍ» համար 198, ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ , 2010
Monday, May 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment