Դեռեւս վաղ միջնադարում օտար նվաճողների հետեւանքով սկսվել է հայության բռնագաղթն իր Հայաստան աշխարհից; Այդ ժամանակից ի վեր հայերը տարածվել են աշխարհի տարբեր ծագերում, եւ սկսել է աստիճանաբար ձեւավորվել սփյուռք հասկացությունը, որն իր առավելագույն աստիճանին հասավ օսմանյան կայսրության ժամանակաշրջանում:
Քաղաքական եւ սոցիալական դժվար պայմանների հետեւանքով են ձեւավորվել գաղութները, որոնց` օտար ափերում բախտ որոնող զավակները ապրել են ոչ միայն հացիվ
Հայ ժողովրդի համար դարակազմիկ իրադարձություններ են կապված հնդկահայ գաղութի հետ, հատկապես հնամենի Մադրասի եւ Կալկաթայի, որոնք իրենց մեջ նախանձախնդրությամբ ամբարեցին հայի միտքն ու ոգին:
1916-17թթ. դեկտեմբեր-հունվար ամիսներին կատարած ուղեւորության տպավորութեան տակ Երուսաղեմի պատրիարք Թորգոմ Գուշակյանն իր «Հնդկահայք» գրքի Մադրասին նվիրված բաժնում այսպիսի անդրադարձ է կատարել. «
այս մարզին մէջ է ահա, որ ծաղկեցավ հնդկահայ գաղութներուն ամենէն ուժեղն ու պատուականը, որուն պատմութիւնը ազգային տարեգրութեանց մէջ պիտի մնայ անմոռանալի էջ մը, իբրեւ յիշատակութիւնը քանի մը կարեւոր ձեռնարկներու, որոնք նորագոյն ժամանակաց հայկական վերածնութեան ամենէն գեղեցիկ ազդակներէն հանդիսացան»:
Հիրավի, մեծ է Մադրասի դերը թե հնդկահայ գաղութի կյանքում եւ թե հենց հյուրընկալ Հնդկաստանի համար: Դեռեւս 17-րդ դարում, ըստ Մեսրոպ Սեթի` 1666-ին, կանոնավոր ձեւավորված Մադրասի հայ համայնքը ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքի ներքին կանքում` մասնակցելով կառավարմանն ու բարեկարգմանը, շինարարական աշխատանքներին: Այս առումով հիշարժան է երկու կարեւոր ու հետաքրքրական փաստ. մինչ անգլիացիների Հնդկաստան մտնելը` Չին Փաթայի (թարգմանաբար Փոքր ծովաքաղաք, (Մադրասի հին անվանումն է) կառավարիչը եղել է Ղոգազ անունով մեր հայրենակիցը եւ երկրորդ, Այդար (Սարիաթ) գետի վրա ձգված բազմակամար կամուրջը, որը 1725ին իր ծախքով կառուցել է նորջուղայեցի Պետրոս Ոսկանը:
Մադրասի թաղամասերից մեկում` Ս. Թովմասի բարձունքում, մինչեւ օրս պահպանվել է հայկական արձանագրություններով մի եկեղեցի, որի ճակատին գրված է 1547 տարեթիվը: Վերոհիշյալ մեր հայրենակից Պետրոս Ոսկանյանը այստեղ` դարպասից մինչեւ բլրագագաթ, 166 քարե սանդուղքներ է կառուցել:
Եկեղեցաշինությունը Մադրասում զարգանում է 18-րդ դարում: Շուրջ 2 տասնամյակում այստեղ կառուցվում է 3 եկեղեցի` 1707, 1712, 1729 թթ:
Ազգային բուռն գործունեություն ծավալող մադրասահայերը 1773 կազմել են համայնքային կանոնադրություն` «Տետրակ, որ կոչի նշավակ», ըստ որի համայնական ինքնավարության բարձրագույն մարմինը «բոլոր ժողովրդի» ընդհանուր ժողովն էր, գումարվում էր տարին մեկ եւ ընտրում գործադիր մարմին:
Այս արժանահիշատակ կանոնդրությունից մեկ տարի առաջ Նոր Ջուղայի հարուստներից մեկը` կրկին նորջուղայեցի Շահամիր Շահամիրյանը, իր սեփականությունը հանդիսացող հողատարածքում կառուցել է Մադրասի Ս. Աստվածածին եկեղեցին, նախկինում սրա տեղում եղել է աղոթատեղի: Ս.Աստվածածին եկեղեցին սպիտակաթույր, եռահարկ աշտարակով գողտրիկ մի կառույց է, որ գտնվում է քաղաքի կենտրոնական մասերից մեկում` «Armenian street» փողոցում: Մադրասի եկեղեցին այժմ գտնվում է Կալկաթայի Մայր եկեղեցու հոգածության տակ: Սուրբ Նազարեթ եկեղեցու միջոցներով իրականացվել եւ իրականացվում են զգալի աշխատանքներ` վերանորոգման, ներքին բարեկարգման ուղղությամբ: Եկեղեցու հարեւանությամբ դեռեւս պահպանվում է այն շենքը, որտեղ ժամանակին գործել են Շահամիրյանի եւ Շմավոնյանի տպարանները: Ժամանակին շենքը տրվել է վարձակալության, այժմ աշխատանքներ ենք տանում` շենքը ետ վերադարձնելու կապակցությամբ. բոլոր իրավական փաստաթղթերի ձեւակերպումից հետո այն կվերանորոգվի եւ կդառնա հայ ուխտավորի համար իջեւանատուն:
2012-ին լրանում է Մադրասի 300 ամյակը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանու ներքո պիտի հավուր պատշաճի ընդառաջ գնանք Մադրասին` ըստ արժանվույն գնահատելով նրա կարեւոր ու հայանպաստ գործունեությունն ու փառապանծ անցյալը:
Ս. Աստվածածնի բակում իր հանգրվանն է գտել (էլ ուրիշ որտե՞ղ) Հարություն ավագ քահանա Շմավոնյանը, հոգեւորական, որ եղավ Մադրասի զարթոնքի կարապետը, մարդ, որ 1784-ին թողնելով Պարսկաստանի վարդաշաղ Շիրազը, ապաստան գտավ Մադրասում` մի մեծ առաքելությամբ: Նա եկավ մեր հայ երախտավորների երկնակամարը համալրելով մի շողառատ ու պայծառ աստղով:
1789-ին նա բացեց տպարան, 1794-ին հրատարակեց առաջին հայերեն պարբերականը` «Ազդարարը», որը կազմված էր անգլիական ամսագրերի ընդօրինակով: Այն լույս տեսավ 1794-96 թթ.` ընդամենը 18 օրինակով; Զարմանալի նրբանկատությամբ Շմավոնյանը հավատարիմ մնաց գրաբարին եւ Նոր Ջուղայի բարբառին` ամսագրի տպագրության եւ խմբագրության հարցում: Շմավոնյանը եղավ հնդկահայ գաղութի նշանավոր դեմքերից մեկը, որի պատմագրական գործունեությանը, դժբախտաբար, հայ հանրությունը մեծավ մասամբ այսօր անհաղորդ է:
Ուրեմն Մադրաս-300-ի շրջանակներում` իբրեւ վարձահատույց Շմավոնյանին եւ նրա ժառանգությանը, պետք է վերաիմաստավորենք եւ վերարժեւորենք նրա թողած արժեքները; Հրատարակելու ենք գիրք` Մադրասին նվիրված
Մեր այցելությունը Մադրաս եւ հոգեհանգստի արարողությունը Շմավոնյանի շիրմին` պիտի լինի այն առհավատչյան, որ հետայսու ոչ միայն ղողանջելու են Ս. Աստվածածնի զանգերը, այլ նաեւ պարբերաբար խնկարկվելու է խնկապարար Շմավոնյանի գերեզմանը:
Իբրեւ ավարտ, իբրեւ հնդկահայոց հոգեւոր հովիվ` պարտքի մեծ զգացումով դիմում եմ իմ հայրենակիցներին, իրանահայ իմ հայրենակիցներին, համատեղ, միասնական ուժերով ընդառաջ գնանք Մադրասին, դարձնենք այն համազգային նշանակության իրադարձություն, նախապես ազդարարենք «Ազդարարի» գալուստը, նոր առաջարկություններով, նոր գաղափարներով ու ծրագրերով մասնակցություն ունենանք հայ Մադրասի տարեդարձին: Մադրասի եւ, ընդհանրապես, Հնդկահայքի պատմության մեջ իրանահայերի դերն ու նշանակությունը, նրանց բերած նյութական ու բարոյական, հոգեւոր ավանդը երեւույթ էր ոչ միայն տեղիս համար, այլ նաեւ մնացյալ գաղութների համար:
Տ.Խորեն աբղ. Հովհաննիսյան
Հնդկահայոց հոգեւոր հովիվ
Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ
«ԱՐԱՔՍ» համար 198, ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ , 2010
Monday, May 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment