Հայոց Ցեղասպանության ամյակները մեկը մյուսի հետեւից հեւիհեւ հասնում ու մեզ հիշեցնում են, որ ուշանում ենք գնացքից: Եվ կարող է, մեկ օր էլ, լրիվ տեղ մնանք՝ եթե ճիշտ չգնահատենք մեր իրականությունը իր բոլոր կողմերով:
1975թ. հունվարյան հաղթարշավով սկիզբ առած նվիրական պայքարի բովն անցած Սփյուռքը՝ տարված իրենով եւ միջազգային տնտեսական տագնապի առաջացրած ահավոր ճնշումի տակ, չճզմվելու ահից անընդհատ վազքի մեջ է: Հեռավոր արեւելքից մինչեւ եվրոպայի ամենաարեւմտյան մասերում, ոչ այնքան հին անցյալում, օջախ կառուցած հայը մտածում է մեկ քայլ եւս հեռանալ դեպի արեւմուտք, դեպի ամերիկաները…
Հայ Դատը որբ երեխայի նման, ինչպես 1915-ին բռնագաղթյալները, օգնություն է մուրում եւ այս անգամ ոչ թե աշխարհից, այլ հենց իր տիրոջից՝ Հայից… «Ո՞ւր եք շտապում Նոյի ագռավներ»…
ՀՀ իշխանությունների կողմից առաջադրված ֆուտբոլային քաղաքականությունը, ըստ ՀՀ նախագահի, արդեն իսկ իրեն սպառել է եւ չի սպասվում, որ մոտ օրերս ինչ-որ դրական տեղաշարժ կունենա: Հայ-թուրքական արձանագրությունների մեղրալուսինը կարծես վիժում է իր ոչ-բնական զավակին: Այդուհանդերձ հայաստանյան ու սփյուռքյան կազմակերպությունները սկսել են նոր ձեւեր փնտրել չկայացած բարեկամությունը արմատավորելու համար:
Թեեւ հայկական դաշտում ոչ մի քաղաքական խմբավորում հայ-թուրքական հարաբերությունների հետ միանշանակ չէր հակադրվում եւ հիմնականում բոլորը միտում էին հասնել առանց նախապայմանների հարաբերությունների, բայց եւ այնպես թուրքական կողմը դրան պատրաստ չէր կամ ավելի ճիշտը՝ ավելի մեծ ախորժակներ ուներ, քան այն ինչ հայկական կողմը պատրաստվել էր զիջելու: Ինչեւէ, բարեբախտաբար, ներկա արձանագրված արդյունքը մինչայժմ ոչ ոքի հաշվին եղավ, որի համար իհարկե միշտ չէ, որ կարելի է ուրախանալ:
Ապրիլյան այս օրերին, օգտվելով այն ոսկե առիթից, որ Հայոց Ցեղասպանության փաստի պարագային գոնե ոչ մի հայ իրեն կասկածելու իրավունք չի տալիս, զգաստության հրավեր ենք ուզում կարդալ բոլոր՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններից մինչեւ Հայոց Ջավախք, բռնագրավյալ հողերում գոյատեւող ու ողջ Սփյուռքում ապրող, հայերին, որ ժամանակը միայն այն պահին կարող է մեր օգտին լինել, որ կարողանանք քայլ պահել նրա հետ եւ նույնիսկ մի քայլ նրանից առաջ անցնենք:
Արցախյան հաղթանակի պահպանելը, Հայաստանի հզորացման թիկունք կանգնելը, Սփյուռքի վերակազմակերպումն ու Արեւմտյան Հայաստանի պահանջատիրության հոգու վառ պահելը ողջ հայության անխախտելի պարտքն ու առաքելությունն է, որի համար պարտավոր ենք ի գործ դնել ողջ հայկական ներուժը:
Վերջին հաշվով հայը որտեղ էլ, որ ապրելիս լինի պետք է ամուր կառչած մնա իր սկզբունքներին: Հակառակ դեպքում՝ Ցեղասպանության ճանաչումը կդառնա ինքնանպատակ եւ նույնիսկ Թուրքիայի կառավարության կողմից ճանաչվելու եւ դատապարտվելու դեպքում, ինքնըստինքյան, ոչինչ չի փոխելու, եթե մենք պատրաստ չլինենք պահանջատիրության հանգրվան մտնելու:
«ԱՐԱՔՍ» համար 198, ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ , 2010
Monday, May 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment